Անհա՞շտ են

17/03/2012

Երեկ «Արմավիա» ավիաընկերությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Զվարթնոց» օդանավակայանը խախտել է չորեքշաբթի կնքած համաձայնագրի կետերը, ըստ որոնց` օդանավակայանը չի կատարել սահմանված պարտավորությունները եւ չի իջեցրել ծառայությունների սակագներն այն դեպքում, երբ «Արմավիան» վճարել է պարտքի 50%-ը: Ի դեպ, նշենք, որ հինգշաբթի օրը 2 ընկերությունների միջեւ կնքված համաձայնագրի համաձայն` օդանավակայանը պարտավորվել էր սակագներն իջեցնել, իսկ ավիաընկերությունը պարտավորվել էր 6 ամսվա ընթացքում մարել կուտակված` 5մլն 300 հազար դրամ պարտքը: Ըստ համաձայնագրի` պարտքի մարման ժամանակացույցը սկսելու է մարտի 31-ից: Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում «Զվարթնոցի» մամլո խոսնակ Գեւորգ Աբրահամյանը, սակայն, հերքեց լուրը, ըստ որի` օդանավակայանը խախտել է համաձայնագրի կետերը: «Հինգշաբթի մենք կնքեցինք համաձայնագիր, եւ մեր ընկերությունն այդ համաձայնագրի բոլոր կետերը պահպանում է»,- նշեց «Զվարթնոցի» մամլո խոսնակը` չմանրամասնելով տարածված հաղորդագրությունը:

Մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխան ստանալ նաեւ «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովայից եւ Քաղաքացիական ավիացիայի մամլո խոսնակ Նելլի Չերչինյանից, ովքեր, սակայն, այդպես էլ չպատասխանեցին հեռախոսազանգերին: