Վերջին շրջանում Հայաստանում շատ է քննարկվում սեռական դաստիարակության թեման, քանի որ մեր հասարակության մեջ արժեքային փոփոխությունների արդյունքում ի հայտ են եկել այս ոլորտին առնչվող խնդիրների մի ամբողջ փունջ: Մասնագետների գնահատմամբ` սեռական կյանքի առաջին փորձը բավականին «երիտասարդացել» է: Մասնավորապես, եթե նախկինում հետազոտությունները փաստում էին, որ մարդկանց առաջին փորձը հիմնականում համարվում էր 22-25 տարեկանը, ապա այսօր` 15-17-ը: Այսինքն` սեռական կյանք նույնիսկ վարում են դեռեւս անչափահաս տարիքում: Սովետական Միության փլուզումից հետո Հայաստանում նույնպես սկսվեց եվրոպիզացիայի պրոցես, որի արդյունքում սեքսուալ հեղափոխությունը հանգեցրեց մի շարք խնդիրների: Վերջին 10-20 տարում անկանոն եւ պատահական սեռական կապերը, ամուսնությունների թվի կրճատումը, ամուսնալուծությունների թվի բարձրացումը, ամուսնական դավաճանությունները սեքսուալ հեղափոխության «պտուղներն» են, որն ինչ-որ իմաստով խարխլում է նաեւ արժեքային մի ողջ համակարգ: Ուռոլոգիայի կենտրոնի բժիշկ-սեքսապաթոլոգ Արամ Բարսեղյանը վստահեցնում է, որ դրան նպաստեց նաեւ «երկաթե վարագույրների» վերացումը` ինտերնետ, հեռուստատեսություն, արտասահմանի հետ կապ, տուրիզմ եւ այլն: Ա. Բարսեղյանի հավաստմամբ` 16-17 տարեկան աղջիկները դիմում են բժշկի` արդեն մեկ կամ մի քանի անգամ աբորտ արած վիճակում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վաղ տարիքից սեռական կյանքով ապրում են այն երիտասարդները, ովքեր բարձրագույն կրթություն չունեն, եւ զբաղվածությունն էլ ապահովված չէ. «Բուհ-ի ուսանողի կենտրոնացումն իր կրթությունն է, որովհետեւ մտածում է կարիերայի մասին, որից հետո նոր` ամուսնանալու, իսկ չսովորող եւ չաշխատող երիտասարդների մեծ մասը վաղ տարիքից սկսած են ապրում սեռական կյանքով: Վիճակագրական նման օրինաչափություն կա»: Ընդ որում, շատ դեռահաս զույգեր դիմում են մասնագետի օգնությանը սեռավարակներով, ինչպես նաեւ` հոգեբանական, սեքսոլոգիական խնդիրներով: Ընդունված է համարել, որ սեռական ճիշտ դաստիարակությունն ազգային անվտանգության խնդիր է: 2007-ից սկսած հանրակրթական դպրոցներում ներդրվել է «Առողջ ապրելակերպ» առարկան: Ի դեպ, մինչեւ առարկայի պարտադիր ներդրումը երկար տարիներ քննարկումներ են եղել, այնուհետեւ ՀՀ կառավարության որոշմամբ` առարկային ժամեր են հատկացվել ֆիզկուլտուրայի դասաժամերի հաշվին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մասնագետները բազմիցս հայտարարել են, որ դասավանդման ձեւաչափը տարբերվում է ավանդական դասարանային մոդելից: Առարկան իր մեջ ներառում է քննարկում, բանավեճ եւ զրույց: ԿԳՆ Հանրակրթության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը վերջերս հայտարարեց, որ ոլորտում դեռեւս անելիքներ կան` կապված մասնագետների եւ առարկայի դասավանդման ճիշտ մեթոդների հետ:
Սակայն սեռական դաստիարակությունը ֆիզկուլտուրայի ուսուցչին վստահելը շատ տարակուսելի է ինչպես աշակետների ծնողների, այնպես էլ` մասնագետների համար: Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Բնակչության հիմնադրամի հայաստանյան գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հավաստմամբ` հասարակության մեջ թեեւ սեռական առաջին փորձի տարիքը նվազել է, բայց սեռական դաստիարակության վերաբերյալ գիտելիքները չեն ամրապնդվել: «2008-ից համագործակցելով ԿԳՆ-ի հետ` մենք ներդրեցինք պարտադիր դասընթաց 8-9-րդ դասարաններում: Այս տարվանից սկսած` նաեւ 10-11-րդ դասարաններում: Ամեն տարի 14 ժամ ներդրվեց «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որտեղ կա նաեւ սեռական դաստիարակության ծրագիրը»,- ասում է Գ. Հայրապետյանը, ով համարում է օրինաչափ այն հանգամանքը, որ դասաժամը վարում է ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Ըստ նրա` ոչ թե կարեւոր է ուսուցչի տեսակը, այլ կարեւոր է մարդու բարոյական տեսակը. «Սա ավելի շատ կյանքի փորձի փոխանակում է: Իսկ ինչո՞ւ է շատերին թվում, թե ֆիզկուլտուրայի դասատուն կոմպետենտ չէ այդ դասաժամի համար: Բոլոր դպրոցներում վերապատրաստումներ եղան ուսուցիչների համար, որպեսզի նրանք հոգեբանորեն պատրաստ լինեն այդ կուրսն անցկացնելու: Բայց, իհարկե, խնդիր կա, որովհետեւ պետք է ընտրվեն մանկավարժները: Շատ դժվար կլինի մի մարդու համար խոսել էն թեմայով, որը նախկինում եղել է արգելված եւ փակ: Սովետական Միության ժամանակ սեքսը եղել է փակ թեմա, եւ հիմա մարդը պիտի երեխաներին դասավանդի մի բան, որի մասին հավանաբար երեխաներն ավելի շատ կարող են իմանալ»: Բժիշկ-սեքսապաթոլոգ Ա. Բարսեղյանը` հակադարձելով այս կարծիքին, շեշտում է, որ անհաջող անձնական եւ սեռական կյանք վարող ֆիզկուլտուրայի ուսուցիչը չի կարող երեխային արժանահավատ գիտելիքներ փոխանցել: Սեռական դաստիարակությանը միանշանակ կողմ լինելով, նա համարում է, որ երիտասարդները պետք է ստանան գրագետ ինֆորմացիա սեռական ֆունկցիայի, ֆիզիոլոգիական նորմերի, սեռական հարաբերությունների մասին` դրանց նորմա եւ պաթոլոգիա հասկացություններով հանդերձ: «Պետք է տեղեկանան նաեւ սեռական կյանքի բացասական հետեւանքների մասին` սկսած սեռավարակներից, անցանկալի հղիություններից, մինչեւ անգամ առողջության հետ կապված ծանր բարդություններով: Սեռական դաստիարակությունը պետք է լինի դասաժամ` ընդգրկված դասացանկում, բայց միանշանակ դեմ եմ, որպեսզի այդ առարկան դասավանդի ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Երբ ասում են, թե կարեւոր է մարդու բարոյական կերպարը, կներեք, իսկ ստուգո՞ւմ են ֆիզկուլտուրայի ուսուցիչների բարոյականությունը»,- ասում է Ա. Բարսեղյանը` համարելով, որ այդ թեմային ավելի մոտ են կանգնած կենսաբանության ուսուցիչները: Նա կարծում է, որ անձի բարոյականության խնդիրն այս պարագայում այնքան կապ չունի, որքան մասնագիտական հմտություններին տիրապետելը, իսկ կենսաբանությունն ինչ-որ իմաստով անատոմիայի, ֆիզիոլոգիայի ուսումնասիրություն է: Այսինքն` նաեւ երեխաների համար թեման ընկալելի դարձնել կարող են ավելի շատ կենսաբանության, քան ֆիզկուլտուրայի ուսուցիչները: «Անգամ կենսաբանության ուսուցիչները պետք է թրեյնինգներ անցնեն: Լինելով մասնագետ` պետք է նշեմ, որ երեխաներին որոշ բաներ պետք է ասվի, իսկ որոշ բաներ էլ չասվի: Պետք է նշվի նորման եւ ախտաբանությունը, բայց, օրինակ` պետք չէ խոսել որոշ հիվանդությունների, այդ թվում նաեւ` տագնապային սինդրոմով հիվանդությունների մասին, քանի որ առաջին սեռական ակտի (դեբյուտ) ժամանակ գոյություն ունի անհաջողություն, ֆիասկո, որը շատ հաճախ է լինում երիտասարդների մոտ: Հատկապես տագնապային բնավորության գծեր ունեցող երիտասարդների մոտ առաջին սեռական փորձը կարող է չստացվել, քանի որ ունեցած ինֆորմացիան արդեն նախապաշարմունք է առաջացրել»,- վստահեցնում է Ա. Բարսեղյանը` հավելելով, որ տեղեկատվությունը կարող է ներշնչել մարդուն եւ հանգեցնել վատ արդյունքի: Այնպես որ` ֆիզկուլտուրայի ուսուցիչները կարող են գերինֆորմացիա փոխանցել, որը շատ վատ հետեւանք կարող է ունենալ: Ըստ նրա` վերջերս քննարկվել է ԶԱԳՍ-ին կից նախաամուսնական խորհրդատվական կենտրոններ ստեղծելու հարցը, մինչդեռ, լինելով մասնագետ, անգամ ինքը չի կողմնորոշվել` ինչ ասել եւ ինչ չասել ամուսնության պատրաստվող զույգերին: «Ծրագիրը ներդնելիս պետք է հաշվի առնվի, որ մեր հասարակությունը, հայկական իրականությունը պետք չէ համեմատել ամերիկյան կամ եվրոպական հասարակությունների հետ, եւ նրանց սեռական դաստիարակության մոդելը ներդնել այստեղ` առանց հաշվի առնելու տեղական առանձնահատկությունները: Մեր հասարակությունը ոչ մաքուր Եվրոպա է, ոչ էլ` մաքուր հնադար, ոչ Ասիա է, այն ունի իր սպեցիֆիկ կողմերը»,- ասում է Ա. Բարսեղյանը` հավելելով, որ երիտասարդները սկսել են բավականին վաղ տարիքից սեռական կյանքով ապրել, ընդ որում` մեծ են պատահական կապերը: Ա. Բարսեղյանը վստահեցնում է, որ պրակտիկայում շատ է հանդիպում 16 տարեկան, արդեն արհեստական ճանապարհով հղիությունը դադարեցրած աղջիկների, ինչը ստիպում է բարձրաձայնել, որ սեռական դաստիարակության մեջ պետք է ներկայացնել եւ՛ դրական, եւ՛ բացասական կողմերը: Անհրաժեշտ է երիտասարդներին սեռական կյանքի մասին տեղեկատվությունը մատուցել շատ նրբորեն, իսկ ֆիզկուլտուրայի ուսուցիչը կարող է ընդհանրապես ապակողմնորոշել նրանց: Հետաքրքիրն այն է, որ «Առողջ ապրելակերպ» կոչվող դասաժամը, որն իր մեջ ներառում է նաեւ սեռական դաստիարակություն` տարվա մեջ կազմում է 14 ժամ, հետեւաբար արդյո՞ք ճիշտ չի լինի յուրաքանչյուր դպրոցում ստեղծել նեղ մասնագետի մեկ հաստիք: «Մեխանիկորեն ստեղծել են մի առարկա եւ տվել են ֆիզկուլտուրայի դասատուին` առանց մանրանալու, որ սեքսոլոգիական տեղեկատվությունն ունի նրբություններ: Բացի դա, սեռական դաստիարակությունը պետք է ոչ թե նույնացնել առողջ ապրելակերպի հետ, այլ` անատոմիայի, ֆիզիոլոգիայի, մարդու ֆունկցիոնալ համակարգի մի մասի հետ: Առողջ սեքսը ճիշտ ու լավ բան է, որը, սակայն, առողջ ապրելակերպի մեջ չի մտնում` սպորտաձեւ չի»:
Դեղորայքից մահ է եղել
Ի դեպ, դեռահաս աղջիկները նույնպես դիմում են դեղորայքային աբորտի, քանի որ հղիությունը կանխարգելող այդ դեղորայքը վաճառվում է բոլոր դեղատներում` առանց որեւէ արգելքի: Տանն ինքնուրույն դեղեր ընդունելուց հետո, շատ դեպքերում, կիսավիժում, արյունահոսում են, նոր դիմում են մասնագետի օգնության: Անցյալ տարի հղիությունը կանխարգելող այդ դեղորայքի օգտագործումից նույնիսկ մահ է արձանագրվել: Ըստ շրջանառվող տեղեկությունների` հղիությունը կանխարգելող այն դեղորայքը, որը վաճառվում է հայաստանյան դեղերի շուկայում, իրականում ստամոքսի հիվանդության դեղորայք է, որն արգանդի կծկումներ առաջացնելու կողմնակի ազդեցություն ունի: Մասնագետները վստահեցնում են, որ այդ դեղորայքի օգտագործումից հետո բարդություններով եւ արյունահոսության երեւույթներով շատ կանայք են դիմում իրենց: Ինչ վերաբերում է հղիությունն արհեստական ընդհատող օրինական դեղորայքին, որը լայն տարածում ունի այլ երկրներում, ապա այն շատ թանկ է եւ Հայաստան ներկրվում է ավելի քիչ խմբաքանակներով: