Գարնանային մրսածություն
Շնչադիմային օրգանների հիվանդությունների համաճարակները ակտիվանում են հատկապես վաղ գարնանը։ Դրանց պատճառը հիվանդաբեր միկրոօրգանիզմներն են, որոնց «տեսականին» հասնում է մի քանի հարյուրի։ Վարակը հիմնականում տարածվում է օդակաթիլային եղանակով։ Կարեւոր են կանխարգելիչ միջոցները, որոնցից կարեւորագույնը օրգանիզմի դիմադրողականության բարձրացումն է։
Կանխարգելիչ միջոցներ
– Սենյակում ունեցեք հատուկ տարա, որի մեջ պարբերաբար կաթեցրեք մի քանի կաթիլ եթերային յուղ։
– Խառնեք կիտրոնի եւ նարնջի եթերային յուղերը (1։1), կաթեցրեք հագուստի, թաշկինակի վրա։
– Կերակրի աղին ավելացրեք մի քանի կաթիլ ձեր նախընտրած եթերային յուղը, 1-2 օր պահեք փակ տարայում, տեղափոխեք պոլիէթիլենային պարկիկի մեջ, զմռսեք այն եւ մի քանի անցք բացեք ասեղիկով։ Պարկիկը դրեք թաշկինակի մեջ, պահեք գրպանում (պայուսակում), օգտագործեք ըստ պահանջի։
– Կանխարգելիչ նպատակով օգտագործեք անիսոնի, ռեհանի, եղեւինի, խնկածաղկի, կոճապղպեղի, նոճու, դարչինի, պատրինջի, վարդի, սոճու, զոպայի (Hyssopus) թույայի, թեյի, եղեսպակի, նիվենու եթերային յուղերը։
– Եթե զգում եք, որ վարակվել եք, խմեք 100-ական մլ նարնջի եւ կիտրոնի հյութերի խառնուրդ։ Օգտակար է նաեւ հետեւյալ հյութերի խառնուրդը` 100 մլ խնձոր, 75 մլ լոլիկ, 25 մլ կարմիր բազուկ։
Վիտամին C-ի լավագույն աղբյուր է մասուրը. Հատապտուղը տրորեք, 5 ճ/գ հումքին ավելացրեք 1 լ ջուր, 10 րոպե եռացրեք, տեղափոխեք ջերմապահի մեջ։ Թրմեք 8-10 ժամ։ Միջոցն ունի կանխարգելիչ եւ ջերմիջեցնող նշանակություն։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` 1-2 ժամը մեկ։
– Շատ օգտակար է տանը խնամել կամ այգում մշակել գիհու բույս, կրել դրա բնափայտից պատրաստված զարդեր կամ մի փոքր բնափայտի կտոր դնել բնակարանում։
– Եթե ձեր բնակարանային պայմանները թույլ են տալիս, ապա խոնավեցրեք օդը քացախի գոլորշիով։ Խնձորի քացախը (0,5լ) դրեք կրակին, հասցրեք եռման ջերմաստիճանի եւ 20 րոպե պահեք թույլ կրակի վրա։ Կատարեք վարակի տարածման շրջանում։ Նախօրոք օդափոխեք բնակարանը։
– Խառնեք 1-ական ճ/գ մանրացրած հազի ծաղիկի (veronica) խոտը, տատրակի տերեւը, կաղնու կեղեւը, խռնդատի (verbascum) ծաղիկը, 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում։ Եթե արդեն հիվանդ եք, կատարեք ողողումներ օրը 2-4 անգամ, 200-ական մլ թուրմով։
– 200 մլ ջրին խառնեք 50 մլ կիտրոնի հյութ եւ 1 թ/գ բժշկական գլիցերին։ Հասցրեք եռման ջերմաստիճանի, վերցրեք կրակի վրայից։ Ողողումները կատարեք գոլ թուրմով։
– Ողողեք կոկորդը աղի եւ սոդայի (1։1) ջրային լուծույթով (1թ/գ` 200 մլ ջուր)։
Համաճարակի ժամանակ կարեւոր է խթանել օրգանիզմի դիմադրողականությունը, լավագույն միջոցներից մեկն է էխինացեայի թուրմը.
– 2 ճ/գ հումքին ավելացրեք 1 լ ջուր, հասցրեք եռման ջերմաստիճանի, 30 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Տեղափոխեք ջերմապահի մեջ։ Առաջին չափաբաժինը (100 մլ) քամեք եւ խմեք 1 ժամից։ Կատարեք օրը 3-5 անգամ։ Շարունակեք 14-60 օր` կախված համաճարակի վտանգից։ Նույն թուրմով կատարեք ողողումներ։
Դիմադրողականությունը բարձրացնող այլ միջոցներ
– Խառնեք 1-ական ճ/գ թանթրվենու ծաղիկ, ազնվամորու տերեւ, թրմեք 30 րոպե 200 մլ եռջրում։ Խմեք 100-ական մլ, օրը 2 անգամ, քաղցրացրեք կես թ/գ մեղրով։
– Խառնեք 2 ճ/գ մանրացրած մասուրը եւ մեկ խնձորը, ավելացրեք 400 մլ եռջուր, եփեք 5 րոպե թույլ կրակի վրա։ Փաթաթեք կտորով, թրմեք 3 ժամ։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` կիտրոնի հյութի (20 մլ) եւ 1 ճ/գ մեղրի հետ։
– Խառնեք մանրացրած անիսոնի պտուղը, երիցուկի եւ լորենու ծաղիները, պատրինջի տերեւը (2։2։1։1)։ Հումքից 1 ճ/գ թրմեք 1 ժամ 500 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ։ Կարեւոր է իմանալ, որ անիսոնը հակացուցված է աղեստամոքսային քրոնիկ հիվանդությունների դեպքում։
– Խառնեք 1-ական ճ/գ եղեսպակի, առյուծագի եւ 1 թ/գ եղերդակի խոտերը։ Մեկ ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 130-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց հետո։
Ժամանակակից հետազոտություններն ապացուցել են, որ խնկածաղկի խոտի եւ լոռամրգի հատապտղի խառնուրդը (1։1) ի զորու է տրոհել նույնիսկ առավել կայուն վարակների բջիջները։
– Խառնուրդի 1 թ/գ-ն թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք տաք վիճակում` մեկ թ/գ մեղրի հետ։
Ըստ ժամանակակից հետազոտողների` հակամանրէ հատկություն ունի թեյը, հատկապես դրա խառնուրդը կոճապղպեղի հետ։
– Խառնեք կեսական թ/գ կոճապղպեղ եւ սեւ թեյ, թրմեք 200 մլ եռջրում։
Մրսածության դեպքում օգտակար է մանդարինի, նարնջի, կիտրոնի չոր պտղակեղեւների փոշուց պատրաստված թեյը։ Նախօրոք հարկավոր է, որ հեռացնեք նարնջի արտաքին (նարնջագույն) շերտը։
– Մեկ թեյի գդալ փոշին 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում։ Խմեք օրվա ընթացքում փոքր չափաբաժիններով (1-2 կում)։
Հարբուխի դեպքում. Եթե ջերմությունը բարձր չէ, պատրաստեք դարչինով թուրմ։ 2 թ/գ սեւ թեյը թրմեք 500 մլ եռջրով, ավելացրեք 1 թ/գ նարնջի կեղեւի փոշի եւ դարչինի 1 ձողիկ։ Կարելի է օգտագործել թարմ նարնջի կեղեւ։
– Խառնեք եղինջի, ազնվամորու տերեւները, երիցուկի ծաղիկները, հազարատերեւուկի եւ ուրցի խոտերը, կատվախոտի արմատը (4։4։4։4։1։0,5)։ Հումքից 2 ճ/գ եփեք 10 րոպե 500 մլ եռջրով, թրմեք 90 րոպե, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 4-5 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։
Ցավ կոկորդում.
– Խառնեք լորենու ծաղիկը, ուռենու ճյուղի կեղեւը (2։3)։ Հումքի 2 ճ/գ-ն թրմեք 30 րոպե 200 մլ եռջրում։ Քամեք։ Կատարեք ողողումներ։
– Մանրացրեք, խառնեք կաղնու կեղեւը, խնկածաղկի խոտը, տուղտի արմատը (6,։4։1)։ Հումքի 2 ճ/գ-ն թրմեք 30 րոպե` 200 մլ եռջրում։ Կատարեք ողողումներ։
– Խառնեք հավասար քանակի սոխի եւ խնձորի քերվածք, ավելացրեք մեղր (1։1)։ Կերեք 2-ական թ/գ-ն օրը 2-3 անգամ։
Զգուշացում։ Վերոհիշյալ դեղատոմսերն օգտագործելուց առաջ հղիներին անհրաժեշտ է խորհրդակցել եւ համաձայնեցնել բժշկի հետ։