Մեր տեղեկություններով` նախագահ Սերժ Սարգսյանը ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանին ՀՀԿ փոխնախագահ է նշանակել եվրոպական կառույցների, մասնավորապես` ԵԺԿ-ի հետ ունեցած հարաբերություններում մեծ ներդրում ունենալու շնորհիվ: Հիշեցնենք, որ շաբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ համագումարին մասնակցում էր նաեւ ԵԺԿ փոխնախագահ Ռումյանա Ժելեւան: Իսկ ԵԺԿ նախագա Վիլֆրիդ Մարտենսը վիդիեո-ուղերձ էր հղել, որտեղ հայտարարել էր, թե ինքը համոզված է, որ ՀՀԿ-ն հաղթելու է: ՀՀԿ-ում գտնում են, որ ԵԺԿ-ից նման ուղերձ եւ հյուր ունենալը
Ա.Աշոտյանի «շնորհքն» է: Ինչ վերաբերում է Հ.Աբրահամյանին, ապա Ս. Սարգսյանը նրան առաջադրել է ՀՀԿ փոխնախագահի պաշտոնում, որպեսզի մեղմի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տալու հետ կապված նրա նեղացածությունը: Խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ընդառաջ` Ս.Սարգսյանը չի ցանկացել լարվածություն պահպանել կուսակցության վերնախավի շրջանակներում: Իսկ Տ.Սարգսյանին նշանակել է փոխնախագահ, որպեսզի հակակշիռ լինի Հ.Աբրահամյանին: «Ոչ, դա մամուլի կարծիքն է: Փոխնախագահներն առաջադրվել են մի սկզբունքով, որ կուսակցական կառավարումը լինի ավելի արդյունավետ: Յուրաքանչյուրը կունենա իր ֆունկցիան, եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ ու ԳՄ անդամ եւ ընդհանրապես յուրաքանչյուր կուսակցական կարող է իր լուման ներդնել, որ կուսակցությունն ավելի արդյունավետ կառավարում իրականացնի»,- ի պատասխան այդ գնահատականներին` ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: