Փոխվել է, որ հավատա

15/03/2012

Երեկ իշխանությունները` Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի շուրթերով պատասխանել են ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի տնտեսական հատվածին ուղղված քննադատությանը: Միանգամից նշենք` այդ պատասխանը բովանդակային առումով, մեղմ ասած, շատ թույլ է, գրեթե այնքան թույլ, որքան Ս. Սարգսյանի ելույթում տեղ գտած «տնտեսական հաջողությունները»: Խնդիրը, սակայն, այդ պատասխանում տեղ գտած եւ որպես Բագրատյանին ուղղված հակափաստարկներ ներկայացվող թվերը չեն, որոնց գոնե քաղաքացիները չեն հավատում այնպես, ինչպես չեն հավատում իշխանություններին ընդհանրապես, եւ ինչի համար ՀՀԿ-ն հավատ է խնդրում ընտրողներից: Խնդիրն այն է, որ մի ամբողջ երկրի ֆինանսների նախարարություն ամբողջ չորս օր ճգնել ու ընդամենը անհատ տնտեսագետի անունից հանդես եկող նախկին վարչապետին տվել է ծիծաղելի, ուսանողի մակարդակի պատասխան: Դրա մասին է վկայում նաեւ այն, որ պետական բյուջեից բարձր աշխատավարձ ստացող մի ամբողջ «ուսյալ» համակարգ չի հանդգնել իր վրա վերցնել Բագրատյանին հերքելու պատասխանատվությունը` այն թողնելով երիտասարդ փոխնախարարի ուսերին: Եվ որքան ժամանակին հուսադրող էր թվում Վաչե Գաբրիելյանի նշանակումը ֆինանսների նախարարի պաշտոնում, այնքան էլ օրինաչափ է այն, որ այսօր նրա ղեկավարած գերատեսչությունն իջել է այս մակարդակին: Վաչե Գաբրիելյանը եւս դարձել է կամ առաջիկա օրերին կդառնա ՀՀԿ անդամ: