Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով` առաջիկա ԱԺ ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրան մասնակցում են երեք հակակշռող ուժեր, հանձինս երեք նախագահների: «Առաջիկա ընտրությունների մեջ առանձնահատկությունն այն է, որ այս ընտրություններին ներգրավված են երեք իրար հակակշռող ուժեր` հանձինս երեք նախագահների: Եթե գնահատենք ուժերը, կարող ենք ասել, որ առաջին հորիզոնականում կհայտնվի ՀՀԿ-ն, երկրորդում` ԲՀԿ-ն, իսկ երրորդ հորիզոնականում` ՀԱԿ-ը»,- ըստ tert.am-ի, ասել է Կ. Քոչարյանը: Նաեւ հավելել է. «ՕԵԿ-ը ոչ մի շանս չունի հայտնվելու հաջորդ խորհրդարանում, չնայած անելու են ամեն ինչ, որ ՕԵԿ-ի համար ինչքան հնարավոր է` ձայներ գնեն: Ես ասում եմ, դա լինելու է բիզնես պրոյեկտի նման մի բան»: Հարցին, թե ինչ կուսակցություններ կընդգրկվեն 3-րդ հորիզոնականից այն կողմ, Կարեն Քոչարյանը պատասխանել է. «Ճիշտ է` ես չեմ կիսում ՀՅԴ գաղափարները, բայց պետք է արձանագրենք, որ ՀՅԴ-ն մեր քաղաքական դաշտում այն իմունիտետն է, որին կորցնել պետք չի: ՀՅԴ-ն ունի իր ձայներն, ու նրանց էլ պետք են փիառ տեխնոլոգիաներ, որ ավելին ունենան, քան ունեն»: Նրա խոսքով` եթե «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» հնարավոր դաշինքը կայանա, ապա նրանք շատ լուրջ հայտ կներկայացնեն, իսկ եթե` ոչ, ապա երկուսի համար էլ շատ դժվար կլինի: