Հաշտեցումից կշահեն բոլորը

15/03/2012

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդես է եկել հերթական` վիդեոուղերձով, որտեղ անդրադարձ է կատարել ԼՂ հիմնախնդրին: Անդրադառնալով հայ եւ ադրբեջանցի ազգերի հաշտեցման եւ համատեղ գոյակցության խնդրին, Ջոն Հեֆերնն ասել է, թե դա հնարավոր է` օրինակ, ԱՄՆ-ում աֆրոամերիկացիների եւ սպիտակամորթների հաշտեցումը:

Վիդեոուղերձում ԱՄՆ դեսպանը պատմում է, որ վերջերս կնոջ` Լիբբիի հետ դիտել է «Եթե բոլորը» ֆիլմը: Նրա խոսքով` այն իրեն շատ է դուր եկել, քանի որ Լեռնային Ղարաբաղում նկարահանված այդ ֆիլմում առաջ է քաշվում հաշտեցման թեման:

Ֆիլմի գաղափարը, ըստ Հեֆերնի, հայերի ու ադրբեջանցիների որոշակի նմանություններն են` նույն ընտանեկան հոգսերը, նույն ընտանեկան կապերը, նույն ընտանիքների վիշտն ու թախիծը: Այնուհետեւ դեսպան Հեֆերնը նշում է, որ ինքն այցելել է Երեւանի դպրոցներից մեկը, որտեղ աշակերտների հետ զրուցել է այդ թեմայի շուրջ եւ ստացել տարբեր արձագանքներ: Նրա խոսքով` աշակերտների մի մասն ասել է, որ պատրաստ է իրենց դասարանում տեսնել այլ ազգի ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ` ադրբեջանցիներ, մյուսները կոշտ են արձագանքել: Աշակերտներից մեկն էլ հետաքրքրվել է, թե ինչպես նույն իրավիճակում կվարվեին ամերիկացի աշակերտները։ Դրան ի պատասխան` Հեֆերնը հիշեցրել է ԱՄՆ-ում ստրկատիրական ժամանակները, երբ աֆրոամերիկացիները ստրուկի կարգավիճակ ունեին, եւ այդ ընթացքում ռասայական լարվածությունն ու ատելությունը մեծ էր: Սակայն վերջին 50 տարիների ընթացքում ԱՄՆ-ը ականատես է եղել ռասայական հաշտեցման: Իսկ որպես դրա լավագույն ապացույց` ԱՄՆ դեսպանը նշել է Բարաք Օբամայի նախագահ ընտրվելը: Ըստ այդմ, Հեֆերնը եզրակացրել է, որ իրական հաշտեցում հնարավոր է, եւ հույս է հայտնել, որ բոլորը պետք է քայլեր ձեռնարկեն հանուն հաշտեցման` նույնիսկ ամեն անգամ թեկուզ մեկ հոգու հաշտեցնելու համար: