Կիրակի օրը կայանալու է «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության համաժողովը, որի ընթացքում որոշվելու է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափը: Այդ մասին Tert.am-ին ասել է ԺԱԿ նախագահ, ԱԺ պատգամավոր (ՀՀԿ համամասնական ցուցակի) Սպարտակ Մելիքյանը: Ի պատասխան հարցին, թե կուսակցությունն առանձի՞ն է մասնակցելու, թե՞ սատարելու է ինչ-որ մի կուսակցության, կամ նախորդ ԱԺ ընտրությունների օրինակով` կուսակցության ղեկավարը կրկին կընդգրկվի՞ ՀՀԿ համամասնական ցուցակում, Մելիքյանն ասել է, որ չի ցանկանում նախքան համագումարը պատասխանել այդ հարցին։ Նա նաեւ նշել է, որ «Գարդմանք» ու եւս 14 հ/կ-ների հետ ունեն ընտրություններին միասնական հանդես գալու մասին որոշում, ուստիեւ պայմանավորվածությունը չի խախտում: Հարցին, թե ԺԱԿ նախագահը անձնապես հակվա՞ծ է ընտրություններին մասնակցելուն, թե՞ չմասնակցելուն, Ս. Մելիքյանը պատասխանել է, որ կողմնակից է մասնակցելուն, սակայն կրկին չի հստակեցրել` առանձի՞ն ձեւաչափով, թե՞ ոչ: Tert.am-ը հիշեցնում է, որ ԺԱԿ կուսակցության ղեկավարը հայտնի է ժամանակ առ ժամանակ հնչեղ կոռուպցիոն հանցագործությունների մասին հայտարարություններ անելու իր սովորությամբ: Օրինակ` նա ժամանակին ԱԺ ամբիոնից կոռուպցիայի մեջ մեղադրեց ՎՊ նախագահին, ապա նրա հետ հաշտության համաձայնություն կնքեց, ապա քննադատության թիրախն ուղղեց դեպի դատական համակարգ: