– Դուք 2009-2010թ. Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարն էիք, ինչպես նաեւ Կրթության, առողջապահության եւ երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահը, սակայն միանգամից հրաժարվեցիք Ձեր բոլոր պաշտոններից: Կասե՞ք` ինչո՞ւ, եւ կմանրամասնե՞ք, թե ինչո՞վ եք հիմա զբաղվում:
– Ձեր նշած տարիներին իմ համագործակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հիմնված էր Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման ինստիտուտի կայացման աջակցմանը: Փորձը, որը կուտակվել էր տարբեր երկրների մունիցիպալ իշխանությունների հետ համագործակցության արդյունքում, իր կիրառումը գտավ Երեւան քաղաքի կառավարման նոր մոդելի շրջանակներում: ԲՀԿ ավագանու նախընտրական ցուցակը կազմելու ժամանակ որոշվեց առաջնորդվել ոչ թե նեղ կուսակցական կոնյունկտուրայով, այլ մասնագիտական ընտրության տրամաբանությամբ, այսինքն` ցուցակում ներգրավել մարդկանց, որոնք տեղական ինքնակառավարման ինստիտուտը ճանաչում են ներսից եւ ունեն որոշակի քաղաքական փորձ: Նման ընտրությունն առավել ցայտուն դարձավ, երբ ՀՀԿ-ն մեծամասնություն վերցրեց` թողնելով իր հակառակորդներին մեծ հաշվով ոչինչ չորոշող փոքրամասնություն: Մեր աշխատանքի արդյունքում խմբակցությունը ոչինչ չորոշող փոքրամասնությունից վերածվեց ըմբոստ ու թելադրողի, որի հետ հաշվի էին նստում բոլոր որոշումները կայացնելուց: Քաղաքականությունը, եթե դու այնտեղ ազնիվ մղումներով ես ու այն չես դիտարկում որպես արագ հարստանալու միջոց, մեղմ ասած` ոչ շահավետ գործընթաց է: Եկավ ժամանակ, երբ ես ավարտեցի իմ առաքելությունը Երեւանի ավագանու կազմում եւ, ամփոփելով գործունեությունս, ներգրավվեցի ավելի մեծ միջազգային նախագծերում:
– Ավագանու նիստերի ժամանակ Ձեր հակասությունները քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ երբեմն սուր բնույթ էին կրում: Մամուլը հաճախ էր անդրադառնում այդ հակասություններին…
– Հենց այդ հակասությունների արդյունքում էր կայանում քաղաքային պառլամենտը: Ընդհանրապես ցանկացած կոլեգիալ մարմնում հակասությունների առկայությունը միայն դրական ընթացքի մասին է վկայում: Հիշենք ԽՍՀՄ-ը, երբ բոլոր որոշումներն ընդունվում էին միաձայն ու բուռն ծափերով: Կարծում եմ, այդ համակարգի լճացմանը ու վերջնական փտմանը նպաստեցին հենց նման եղանակի «քննարկումները»: Մամուլն իր անդրադարձներում շատ հաճախ անձնավորում էր այդ հակասությունները, սակայն դրանք միշտ եղել են աշխատանքային տարաձայնությունների շրջանակում: ՀԱԿ-ը չէր մասնակցում ավագանու աշխատանքներին, եւ հակակշռելու ողջ պատասխանատվությունը մեր վրա էր:
– Մայիսին կայանալիք ԱԺ ընտրություններին առաջադրվելո՞ւ եք:
– Ոչ մեծամասնական եւ ոչ համամասնական ընտրակարգով չեմ առաջադրվելու, չնայած, անկեղծ կլինեմ` առաջարկներ եղել են: Քարոզարշավը ժամանակի առումով ռեսուրսատար է, իսկ ես, ներգրավված լինելով միջազգային նախագծերում, հաճախ եմ բացակայում երկրից: ԱԺ-ում օրենսդրական աշխատանքին չափազանց լուրջ եմ վերաբերվում եւ չեմ ընդունում այն պառլամենտականների մոտեցումը, ովքեր ընտրվելուց հետո եզակի դեպքերում են հաճախում ԱԺ նիստերին եւ, ի վերջո, քաղաքականությունը չի սահմանափակվում ԱԺ պատերի ներսում:
– Առաջարկությունները նաեւ ա՞յլ կուսակցություններից են եղել:
– Այո, ես նշեցի, որ ԲՀԿ-ի հետ ես համագործակցել եմ, սակայն կուսակցական չեմ եղել: Իմ աշխատանքը Երեւանի ավագանիում եղել է ոչ թե կուսակցական, այլ մասնագիտական:
– Դուք ինչպե՞ս եք գնահատում Ձեր այդ տարիների աշխատանքը:
– Կարծում եմ, անհամեստություն կլինի, եթե ես գնահատականներ հնչեցնեմ: Որպեսզի գնահատականը լինի օբյեկտիվ, առաջարկում եմ այդ հարցն ուղղել ԲՀԿ-ին:
Ռուզաննա ՍԱՐԳՍՅԱՆ