Երկու-երեք շաբաթ առաջ, երբ հայտնի դարձավ, որ թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական կարգով պատրաստվում է առաջադրվել Խաչատուր Սուքիասյանը, լրագրողներն ամեն կերպ ցանկանում էին իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ անձամբ նրանից։
Դա ոչ ոքի չէր հաջողվում, քանի որ Խ. Սուքիասյանը հանրապետությունում չէր։ Ինչեւէ, երեկ նա հանդիպեց լրագրողների հետ, որպեսզի միանգամից պատասխանի բոլորի հարցերին։ Թիվ մեկ հարցը, եթե կարելի է այդպես ասել, հետեւյալն էր` ի՞նչը ստիպեց Խ. Սուքիասյանին կրկին ԱԺ մտնելու փորձ անել, եթե ինքնակամ հրաժարվել էր մանդատից` հայտարարելով, որ ԱԺ-ում միայնակ ոչինչ չի կարող անել։
Այդ հարցին Խ. Սուքիասյանը պատասխանեց. «Այն ժամանակ մթնոլորտն այնպիսին չէր, որ կարողանային աշխատել։ Այսօր գտնում եմ, որ պետք է շարունակել տնտեսական քաղաքականությունը եւ նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը»: Առավելեւս, որ նա ԱԺ-ում միայնակ չի լինի, այլ, ինչպես ինքն է ասում, կլինի ՀԱԿ-ի հետ։ ՀԱԿ-ի անդամ լինելով հանդերձ` Խ. Սուքիասյանը չբացառեց ԱԺ մտած մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությունը. «Ես ինքս ՀԱԿ-ի հետ եմ եւ կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերի հետ կունենամ բարիդրացիական հարաբերություններ: Տասը տարի եղել եմ ԱԺ-ում եւ այնտեղ էլ ունեմ շատ լավ ընկերներ»:
ՀԱԿ-ի ներկայիս վիճակը եւ լարված աշխատանքը Խ. Սուքիասյանին գոհացնում են։ «Այն պայմաններում, որ գործել է ՀԱԿ-ը, կարծում եմ` փայլուն են աշխատել»: Նա նաեւ հայտարարեց, որ ոչ նախորդ եւ ոչ էլ այս ընտրություններում ՀԱԿ-ին ֆինանսապես չի աջակցել եւ չի աջակցի, սակայն, որպես տնտեսական, քաղաքական գործիչ, իր ունեցած ներուժով կօգնի: «Իմ դուրը չի գալիս, որ ինձ ընկալում են` որպես ֆինանսական աջակից, ես հերքում եմ, որ նախորդ ընտրություններում ֆինանսապես աջակցել եմ ՀԱԿ-ին, ես եղել եմ այն ժամանակ ընդամենը շարժման անդամ»։
Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ կոնկրետ վերլուծություն Խ. Սուքիասյանը չի արել։ «Ոչ մի վերլուծություն չունեմ, ով ում ձայն կտա, ուրախ կլինեմ, որ ընտրվեն»,- նշեց նա, սակայն հավելեց, որ իր կարծիքով, ԱԺ-ում կլինեն ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, հնարավոր է` նաեւ Դաշնակցությունը: «Ամենայն հավանականությամբ, ԱԺ-ի ներսի ուժերից մեկը կամ երկուսը կարող են չհայտնվել խորհրդարանում, դրսից ՀԱԿ-ը կհայտնվի»: Իսկ հնարավո՞ր է, որ ինքն ընդգրկվի ՀԱԿ-ի համամասնական ցուցակում։ Այս հարցին ի պատասխան` Խ. Սուքիասյանը նշեց. «Ես այդ հարցը թողել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայեցողությանը, եթե նա կորոշի, խնդիր չկա»:
Խ. Սուքիասյանը չի կիսում այն մտահոգությունը, որ ընտրողներն այս անգամ իրեն ձայն չեն տա, քանի որ ինքը մեկ անգամ արդեն հրաժարվել է մանդատից։ Այդ դիտարկմանն ի պատասխան` նա կրկին հաստատեց, որ այն ժամանակ մանդատից հրաժարվելը ճիշտ քայլ էր։ Ավելին, նա խորհուրդ տվեց հիշել, թե ով է այժմ իր փոխարեն ընտրված պատգամավորը, եւ կարծիք հայտնեց, որ այդ փաստն իր օգտին է աշխատելու։
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀԱԿ-ի հայտարարությունը, թե քաղաքականությունն ու գործարարությունն անհամատեղելի են, Խ. Սուքիասյանը պատասխանեց. «Շատ ճիշտ բան են ասել: Դա վերաբերում է անմիջականորեն մենեջմենթի մեջ կառավարողներին: Ես բաժնետեր եմ: Նա, ով զբաղվում է անմիջական գործարարությամբ, չպետք է լինի պատգամավոր»: Նա նաեւ հիշեցրեց, որ ինքն առաջինն է եղել, ով օրենքի համապատասխան դրույթի ամրագրումից հետո հրաժարվել է գործարարությունից։ Խ. Սուքիասյանը նշեց, որ բիզնեսով զբաղվում են իր եղբայրները, իսկ ինքը երբեմն կարող է հետաքրքրվել գործերից, բայց ուղղություն տալ` երբեք։
Չնայած այս հանգամանքին` Խ. Սուքիասյանը ողջունելի է համարում տնտեսական գործիչների առաջադրումը: «Քսան տարվա փորձը ցույց է տվել, որ ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ չեն կայացվել տնտեսական ոլորտում: Շատ կուզենամ, որ տնտեսական գործիչներ ու գիտնականներ շատ լինեն Ազգային ժողովում»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ ժամանակ է ունեցել ուսումնասիրություններ անցկացնել տնտեսության բնագավառում տեղի ունեցած զարգացումների շուրջ։ Արդյունքում` «Եկել եմ այն եզրահանգման, որ 20 տարիների ընթացքում բոլոր ընդունված օրենքները եւ բարեփոխումները կրել են կոսմետիկ բնույթ»:
Արտաքին պարտքի չափը Խ. Սուքիասյանը աղետալի չի համարում՝ հաշվի առնելով մյուս երկրների ցուցանիշները։ Սակայն գտնում է, որ այդ վարկային միջոցներից մի որոշ մաս կարելի էր ուղղել վերամշակող գործարանի կառուցմանը։ Այսինքն՝ հումք վաճառելու փոխարեն` վաճառել պատրաստի արտադրանք։
Ինչ վերաբերում է Գերմանիայում վերջին տարիներին գործարարությամբ զբաղվելուն, Խ. Սուքիասյանը նշեց, որ դժվար է դա միանշանակ գործարարություն անվանել։ «Ծրագրային ապահովում ստեղծելը, չեմ կարծում, գործարարություն է: Դա մի քիչ ավելի բարդ խնդիր է: Ինձ պետք էր ուսումնասիրել եվրոպական փորձը, որովհետեւ շատ զարգացած երկրներ կային, որ այդ դաշտում կայացած են»,- ասաց Խ. Սուքիասյանը` ավելացնելով, որ այդ ընթացքում մասնակցել է նաեւ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ քննարկումների եւ հանդիպումների։
Այն հարցին, թե արդյոք շահարկման առիթ չի՞ դառնա վերջին 5 տարում Հայաստանում բնակվելու վերաբերյալ տեղեկանքը, հաշվի առնելով, որ ինքը պարբերաբար գտնվել է Հայաստանից դուրս, Խ. Սուքիասյանը պատասխանեց. «Փաստաթուղթը, որ պետական մարմինը հատկացրել է, իրավաբաններն ուսումնասիրել են: Ես եղել եմ Հայաստանում, հաճախ բացակայել եմ, բայց դա չի նշանակում, որ ես իրավունք չունեմ առաջադրվել»:
Վերադառնալով առաջիկա ընտրությունների թեմային, հնարավոր ընտրակեղծիքներին եւ դրանց դեմ պայքարին՝ Խաչատուր Սուքիասյանն ասաց. «Երեւանի կենտրոնում չի լինի այն, ինչ եղավ Հրազդանում: Ընդհանրապես բացառում եմ, որ նման գործողություններ լինեն, իսկ եթե լինեն, կկանխենք»: