Երեկ շուրջ 14 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Արդարադատության նախարարության շենքի մոտ՝ ի պաշտպանություն 103 օր հացադուլ հայտարարած Ռազմիկ Սարգսյանի: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին նախկին զինծառայող Ռազմիկ Սարգսյանին (որը մեղադրվում է մեկ այլ զինծառայողի սպանության համար) ազատել նախնական կալանքից եւ անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալ: Արդարադատության նախարարությունից ակցիայի մասնակիցներին երեկ խոստացան մինչեւ երկուշաբթի պատասխանել դիմումին, որի պատճեններն ուղարկվել են նաեւ ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակ եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: «Պահանջում եմ, որ որդուս տեղափոխեն հիվանդանոց, որովհետեւ գլյուկոզայով ինչքա՞ն կարելի է պահել»,- ասում է Ռազմիկ Սարգսյանի մայրը՝ տիկին Ջուլիետան: Մայրը նաեւ պահանջում է, որ գործը քննվի ոչ թե Զինդատախազությունում, այլ ՀՀ Գլխավոր դատախազությունում:Հասարակական Ակցիայի մասնակիցները պատրաստվում էին այցելել Նուբարաշենի մեկուսարան, որտեղ իրենց կողմից ընտրված բժիշկը պետք է քններ հացադուլավորի առողջական վիճակը: «Զինվորի պաշտպանության կոմիտեի» ղեկավար Գոհար Արմենակյանն անհասկանալի է համարում մեկուսարանի պետի պահվածքը, որը թույլ չի տալիս ծանոթանալ Ռ. Սարգսյանի բժշկական քարտին. «Մենք հիմա չգիտենք, թե կոնկրետ ինչ հիվանդություն ունի նա, որովհետեւ իրեն բռնությունների են ենթարկել նախաքննության ժամանակ, եւ նրա երիկամները, ամենայն հավանականությամբ, վնասվել են»:
Լ.Մ.