Հայկ Խաչատրյանի զինակիցները ենթարկվում են ճնշումների

15/03/2012

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «2011 թ. հունիսի 1-ին բանակ զորակոչված եւ դեկտեմբերի 30-ին զորամասի բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից մահացած Հայկ Մովսեսի Խաչատրյանի գործի քննության ընթացքի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ունի մի շարք մտահոգություններ: Մասնավորապես, կազմակերպության կողմից ստացված տեղեկությունների համաձայն` Հայկ Խաչատրյանի զինակիցները, որոնք կարող են տեղեկություններ հայտնել ծառայության ընթացքում Հայկի առողջական վիճակի վատթարացման պատճառների, հրամանատարի կողմից նրա նկատմամբ դրսեւորած վատ վերաբերմունքի մասին, ենթարկվում են ճնշումների` նրանց համոզում, հորդորում եւ ստիպում են տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Քանի որ նրանք շարունակում են գտնվել զորամասի հրամանատարի հսկողության ներքո, որն անմիջական պատասխանատվություն է կրում տվյալ իրավիճակի համար, պահանջում ենք նախաքննություն իրականացնող մարմնից` միջոցներ ձեռնարկել զինծառայողների նկատմամբ նման ճնշումները բացառելու եւ քրեական գործի անաչառ, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը ապահովելու համար»: