Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը եւ նրա ենթակաները, այդ թվում` ծագումով Քաջարան գյուղից Ալիկ Դավթյանը, ճնշում են բանեցնում կոմբինատում աշխատող քաջարանցիների նկատմամբ, որպեսզի գյուղացիները հրաժարվեն իրենց պայքարից ու գյուղի հողերը հանձնեն կոմբինատին: «Վախեցնում են` «ռասչյոտ կանենք, աշխատանքից կհեռացնենք», բանվորին ի՞նչ են անում` վախեցնում են: Հանքի պետն է վախեցնում, փոխտնօրենը, մեր քաջարանցի մի դավաճանը կա` նա է նեղացնում, Դավթյան Ալիկը»,- ասել է Ռ. Աթայանը: Նաեւ հավելել է. «Դե պայքարողը պայքարում է` ոչ մեկից էլ չի վախենում, բայց դե նման բաներ են անում»:
Անցած տարվա գարնանը կառավարությունը որոշում կայացրեց Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում` Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու եւ դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, ինչի հետեւանքով նշված հողերը պետք է հայտնվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տրամադրության ներքո, իսկ կոմբինատն էլ այդ տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի: Մինչդեռ, Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու հնարավորությանը, ինչը, նրանց համոզմամբ, առնվազն էկոլոգիական առումով հավասարազոր է գյուղն իսպառ կործանելուն: Ամիսներ շարունակ քաջարանցիները պահանջում են չեղյալ հայտարարել կառավարության վերոհիշյալ որոշումը, իսկ գյուղապետը հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի հարկադրական տարհանում է նշանակում: Ըստ կառավարության որոշման` նշված տարածքների հանձնումը կոմբինատին պետք է սկսվեր այս տարվա հունվարի 1-ից, սակայն որոշման իրագործումը հետաձգվեց: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ ստեղծվել է մի հանձնաժողով, որը պետք է փորձի բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով` գտնել լուծումներ:
Ռաֆիկ Աթայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նաեւ նշել է, թե մոտ մեկ տարի առաջ Մաքսիմ Հակոբյանը միջնորդի միջոցով բանակցություններ էր սկսել իր հետ` գյուղի վիճարկվող տարածքն իր անունով սեփականաշնորհելու համար, որից հետո այդ տարածքը Հակոբյանը կարող էր վարձակալությամբ հանձնել կոմբինատին: Ըստ Աթայանի, ինքը մերժել է Հակոբյանի այդ առաջարկը: «Ես հող տվող չեմ, ոչ մեկն էլ հող տվող չի, պայքարելու ենք մինչեւ վերջ: Թող գնան իրենք հանգիստ, մեր հանքում 200 տարվա պաշար կա, մենք գերեզմանները ոչ մեկին տվող չենք, ոչ էլ հայրենիքը, ոչ էլ սահմանը: Էսօր տուն տվողը, գյուղ տվողը հայրենիքն էլ կդավաճանի: Ոչ մեկս դավաճաններ չենք` բոլորն էլ կանգնած են միահամուռ, մեր գյուղը պայքարելու է մինչեւ վերջ»,- հայտարարել է գյուղապետը: