Կարելի է ասել, որ մեր տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները խիստ բնական են: Ավելի ստույգ ասած՝ լիովին համահունչ են բնության հետ: Օրինակ՝ հենց ձյուն է գալիս, ճանապարհները փակվում են: Հենց ճանապարհները փակվում են, անմիջապես աճում են գները: Հատկապես գյուղմթերքների գները: Թե՛ տեղական արտադրության, թե՛ ներմուծված: Անգամ Ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրեց, որ հունվարին սպառողական գների ինդեքսն ավելացել է 4,8 տոկոսով, նախորդ տարվա հունվարի համեմատ: Հավանաբար այն պատճառով, որ 2011-ի հունվարին ձյուն ավելի քիչ էր եկել: Նախորդ տարիների օրինակով կարելի է ասել, որ հենց ցրտերն ընկնում են, տարադրամի կուրսը դանդաղ սկսում է աճել: Այս տարին էլ բացառություն չէ: Այս փաստն, իհարկե, ավելի խելոք բացատրություն (իմա՝ տնտեսագիտական) էլ ունի: Ըստ տնտեսագիտության` մեր երկրում հայտնված տարադրամի հիմնական աղբյուրը ոչ թե արտահանումն է, այլ տրանսֆեր կոչվածը: Ըստ պաշտոնական վիճակագրության` տրանսֆերների անենամեծ ծավալները Հայաստան փոխանցվում են ամռան երկրորդ կեսին ու դեկտեմբեր ամսին: Աշնան սկզբից Ռուսաստանում տնտեսական կյանքը կամաց-կամաց մարում է եւ մեր արտագնա աշխատուժը մինչեւ գարուն կորցնում է աշխատատեղերը: Իսկ դեկտեմբերին Ռուսաստանի մեր խոպանչիներն իրենց վերջնահաշիվն են ստանում ու բերում կամ փոխանցում հայրենիք: Նոր տարվա առեւտրին ներմուծված տարադրամը ծախսվում-պրծնում է, ու հունվարից սկսվում է ազգային դրամի դանդաղ արժեզրկումը: Մինչեւ տրանսֆերների փոխանցման ավելի ակտիվ շրջան: Անգամ արտահանումների դիմաց Հայաստան ներմուծվող տարադրամի հիմնական մասը բաժին է ընկնում ամռան երկրորդ կեսին: Քանի որ արտահանման ծավալում մեծ տեղ ունեն գյուղմթերքները: Եթե նկատեցիք, այս գործընթացներն էլ են լիովին համահունչ բնության հետ: Տարվա տաք ամիսներին արտագնա աշխատուժը տրանսֆերներ է ապահովում, գյուղատնտեսությունը՝ արտահանում: Ավելին, այդ ամիսներին Ազգային վիճակագրությունը գնանկում է արձանագրում: Ինչի շնորհիվ գնաճի տարեկան ցուցանիշը հնարավոր է լինում «նկարել» բյուջեի մասին օրենքով նախատեսված թվին մոտ: Երբեմն նույնիսկ՝ պակաս: Հիմա Հայաստանում նախընտրական շրջան է: Հասարակական կարծիք ուսումնասիրողները հայտարարում են, որ ընտրողներն ամենաշատն ուշադրություն են դարձնելու քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերին: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի պատկառելի մի հատված էլ հենց տնտեսական գործընթացներին էր նվիրված: Ճոխ էր: Համարյա կայուն զարգացում ապրող տնտեսության պատկեր-նկարագիր: Ի հեճուկս համաշխարհային տնտեսական ճգնաժամի ու ոչ իշխանամետ բոլոր տնտեսագետների: Հայոց մեջ տնտեսագիտությունը վաղուց արդեն կորցրել է այդ տերմինի երկրորդ բառարմատի չափանիշները: Անգամ` ոչ միայն զուտ գիտականության, այլեւ պարզ տրամաբանության տեսանկյունից: Մեզանում տնտեսական երեւույթներն ու ցուցանիշներն ավելի բազմաբնույթ ու անկանխատեսելի վերլուծությունների են ենթարկվում, քան աբսուրդի ժանրի ցանկացած ստեղծագործություն գրականագիտության մեջ: Դրանում դեռ կհամոզվենք: Հատկապես, որ մեծ ու պուճուր չինովնիկները սկսել են պատասխանել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի բաց նամակին: Նախագահ Սերժ Սարգսյանին գրված բաց նամակին, ուր վերջին տարիների տնտեսական գործընթացների վերլուծություն կար: Հիմա ուղղակի կարելի է ընդգծել մի փաստ, որ առաջընթաց ցուցադրող տնտեսական պաշտոնական տվյալներից բացի, պաշտոնապես ընդունվում է, որ համաշխարհային ճգնաժամին զուգահեռ` Հայաստանում նկատելիորեն աճել է աղքատությունը: Բացի սրանից, նախընտրական այս շրջանում, երբ իշխանությունները մի գլուխ խոսում են տնտեսական հաջողությունների մասին, արժեզրկվում էր ազգային դրամը: Դանդաղ ու կայուն տեմպերով: Իսկ դա մեր տնտեսական ղեկավարության տեսանկյունից` ամենեւին էլ համահունչ չէ տնտեսության աճին: Ու դրա համար էլ արդեն սկսվեց հակառակ գործընթացը: Նախ` Կենտրոնական բանկը տարվա սկզբից 30 մլն դոլար վաճառեց, բայց դա պատկերը չփոխեց: Դրամը հատեց մեկ դոլարի դիմաց 390-ի հոգեբանական շեմը: Հետեւաբար` գործի դրվեցին ավելի ազդեցիկ միջոցներ: Նույն ԿԲ-ն հայտարարեց, որ հունվար ամսին տրանսֆերների գծով համարյա ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել: Այդ ամիս փոխանցումների տեսքով Հայաստան է մտել մոտ 75 մլն դոլար: Նախորդ տարվա հունվարի 67 մլն դոլարի դիմաց: Տրանսֆերների կառուցվածքը փոփոխության չի ենթարկվել: Առյուծի բաժինը փոխանցվել է Ռուսաստանից (60.7 մլն դոլար, 2011-ի 52.5 մլն-ի դիմաց) եւ ԱՄՆ-ից (5.1 մլն դոլար, 2011-ի 4.5 մլն-ի դիմաց): Այս տարի ռեկորդային քանակին մոտ տարադրամ է եկել: Ասել է թե` տարադրամի ավելցուկի պատճառով ազգային դրամը պիտի արժեւորվի: Ու երեկ լույսը բացվելուց հետո այդ գործընթացը սկսվեց: Սա, հնարավոր է, տեղավորվում է տնտեսագիտական դասական պատկերացումների մեջ: Բայց միեւնույն է, նորից համահունչ է եղանակին: Տարվա եղանակին: Հետաքրքիր ժամանակներ են սպասվում: Տնտեսագիտական աբսուրդ վերլուծությունների ու սոցիալ-տնտեսական նախընտրական խոստումների ժամանակն է: Իսկ դրանք, ըստ մամուլի, արդեն ամրապնդվում են նախընտրական նվերներով: Նութական նվերներով, որոնց անունն «ընտրակաշառք» է: Կարծեմ՝ Քրեական օրենսգրքի տեսանկյունից: