Արտախորհրդարանական քայլեր

27/11/2005 Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Սահմանադրական բարեփոխումների մասին այսօր չի կարելի խոսել՝ ոչ լավ, ոչ վատ: Իսկ Հայաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները, սահմանադրական փոփոխություններից հետո, դառնալու են ամենակարեւոր քաղաքական իրադարձությունը: Հենց այդ պատճառով փորձենք այսօր խաղալ մի պարտիա, ուր մրցակիցները կլինեն այսօրվա խորհրդարանական եւ արտախորհրդարանական կուսակցությունները եւ ուժերը:

Ինչո՞ւ հենց այս թեման եւ ինչո՞ւ հենց այսօր: Որովհետեւ մենք սովոր ենք, երբ նոր կուսակցություններ են բացվում ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ: Լավագույն դեպքում՝ մեկ տարի առաջ: Հիշենք «Շամիրամ»-ը, «Օրինաց երկիրը»-ը, «Միավորված աշխատանքային կուսակցություն»-ը, ՀԺԱՄ-ը, «Հզոր Հայրենիք»-ը, «Արժանապատիվ ապագա»-ն եւ այլն: Այսօր, սակայն, երբ մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ դեռ երկու տարի կա, իրար հետեւից բացվում են մի շարք կուսակցություններ եւ, դրանց վերջը չի երեւում: Սա երկու բան կարող է նշանակել: Առաջին. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցնելու են ոչ թե երկու տարի հետո, այլ ավելի շուտ: Եվ, երկրորդ, եթե մինչ օրս, բուն ընտրությունների ընթացքում նորաբաց կուսակցություններից ընդամենը մեկն էր դառնում «կինդեր-սյուպրիզ» (1999թ.՝ «Օրինաց երկիր», 2003թ.՝ «Միավորված աշխատանքային կուսակցություն», եւ այլն), ապա հաջորդ ընտրություններում խնդիր կա այդպիսի կուսակցությունների քանակը շատացնել՝ «դաս տալով» խորհրդարանական ինքնավստահ կուսակցություններին, եւ ստեղծել այսպես կոչված՝ «փազլ»-ային խորհրդարան: Բնականաբար, այդ պարագայում ոչ մի կուսակցություն չի կարող ունենալ ոչ միայն բացարձակ, այլեւ հարաբերական մեծամասնություն: Սա այն միակ դեպքն է, երբ խաղը շատ լղոզված է ընթանում:

Սպիտակների ճամբար

Թագավոր – «Իշխանության կուսակցություն»
Թագուհի – Հանրապետական կուսակցություն
Նավակներ – ՕԵԿ, ՀՅԴ
Փղեր – «Արդարություն» դաշինք եւ «Ազգային Միաբանություն»
Ձիեր – «Ժողպատգամավոր» եւ ՄԱԿ
Զինվորներ – անկախ պատգամավորներ

Սեւերի ճամբար

Թագավոր – Ասպարեզում դեռ չի երեւում
Թագուհի – «Հանրապետություն» կուսակցություն
Նավակներ – «Ժառանգություն», «Նոր Ժամանակներ», ՀՀՇ, եւ այլն
Փղեր – Կոմկուսի բեկորներ, ՀԺԱՄ, ՀՌԱԿ, ԱԻՄ, եւ այլն
Ձիեր – նորաստեղծ կուսակցություններ
Զինվորներ – անհատ թեկնածուներ
Խաղում են սպիտակները

Մինչ օրս սպիտակների խաղը բավական պարզ էր: 2003թ. նրանց թագուհին եւ նավակները (Հանրապետական, ՕԵԿ, ՀՅԴ), բավականին ուժեղ հարված հասցրին իշխանամետ այլ ուժերին՝ վերջիններիս չթողնելով խորհրդարան: Սպիտակների մնացած ֆիգուրներն, իրենց հերթին, խաղից դուրս թողեցին սեւերի համապատասխան ֆիգուրներին: Իհարկե, այս երկու տարվա ընթացքում բոլորը հիմնականում հետեւում էին իշխանություն – ընդդիմություն հակամարտությանը: Սակայն, հասկանալի է, որ հանրաքվեից հետո կսկսվի պայքարի մի նոր փուլ, որտեղ յուրաքանչյուրը կխաղա սեփական խաղը: Եվ այս դեպքում արդեն բոլորը փորձելու են ոչ միայն պահպանել իրենց տեղերը, այլեւ այդ տեղերն ավելացնել, քանի որ այդ տեղերի քանակից կարող է կախված լինել խորհրդարանական ընտրություններին հաջորդող նախագահական ընտրությունների ելքը (ՕԵԿ-ը նախագահ է տեսնում Արթուր Բաղդասարյանին, Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ դաշնակներն ունենալու են իրենց թեկնածուն, հանրապետականները կուզենան իրենց վարչապետական աթոռը փոխարինել նախագահականով, իսկ Սերժ Սարգսյանին նախագահի հավանական թեկնածու են դիտարկում թե սպիտակների, թե սեւերի ճամբարների մի շարք ուժեր):

Խաղում են սեւերը

Սեւերը, բնականաբար, չեն կարող մոռանալ 0,4% (ՀԺԱՄ)-ը կամ Արա Աբրահամյանի նվիրաբերած համակարգիչները(ՀՌԱԿ), որոնք ոչ մի արդյունք չտվեցին, եւ նոր ընտություններում ամեն գնով փորձելու են ռեւանշի հասնել: Այդ մասին են վկայում ՀԺԱՄ-ՀՌԱԿ-«Հզոր Հայրենիք» միավորումները (չնայած ասում են՝ այս խաղից դուրս է եկել ՀԺԱՄ-ը՝ կարծելով, որ ինքն ավելի հզոր ֆիգուր է): Իսկ եթե հաշվի առնենք այն, որ սեւերը կարող են, բառիս բուն իմաստով, ձիով քայլ անել(նորաստեղծ կուսակցությունների միջոցով), հատկապես, եթե հաշվի առնենք, թե ովքեր են մտնում խաղի մեջ (Սամվել Բաբայան, Արտաշես Թումանյան, Գագիկ Ծառուկյան, Մանուկ Գասպարյան, Ալբերտ Բազեյան եւ այլք), ապա սեւերի հակագրոհը կարող է շատ սուր լինել:

Խաղում են սպիտակները

Եթե հաշվի առնենք, որ հաջորդ ընտրություններում պակասելու է զինվորների քանակը (մեծամասնական տեղերը 56-ից դարձել են 41), կարելի է ենթադրել, որ «Ժողպատգամավոր»-ը կցանկանա դառնալ կուսակցություն, որպեսզի համամասնական ցուցակով իր տեղերն ապահովի, իսկ անկախ պատգամավորները, համալրելով տարբեր կուսակցական ցուցակներ, որոշակի խառնաշփոթ կարող են մտցնել նախնական ցուցակների մեջ: Իհարկե, նրանց մի մասին կարող են զոհաբերել, իսկ մյուս մասը, անցողիկ ֆիգուր դառնալով՝ ավելի կամրապնդի իր դիրքերը:

Խաղում են սեւերը

Համարյա նույն պատկերն է տիրում սեւերի ճամբարում: Ուղղակի, եթե սպիտակներն իրենց ֆիգուրները կզոհաբերեն ավելի ուշ (կարծում եմ, 2006թ., երբ կստորագրվի Ղարաբաղի խնդրի կարգավորման ԵԱՀԿ փաթեթը, ինչի մասին բավական թափանցիկ ակնարկներ արվեցին վերջին մի քանի օրերի ընթացքում), ապա սեւերի զոհաբերությունը կսկսվի անմիջապես հանրաքվեից հետո, եւ խաղի մեջ առաջ կքաշվեն առաջին հայացքից չերեւացող, սակայն իրականում բավական ուժեղ ֆիգուրներ:

Խաղում են սպիտակները

Այսօր արդեն պարզ է, որ կոալիցիոն «սիրային խաղերն» ավարտվում են (Գալուստ Սահակյանի այն արտահայտությունը, որ «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով կոալիցիան իր միսիան ավարտում է»՝ դրա վառ ապացույցն է): Սրան հավելենք լուրերն այն մասին, որ հանրապետականներն այս անգամ չեն պատրաստվում որեւէ մեկին զիջել թեկուզ կես տոկոս պատգամավորական տեղ: Սպիտակների ընդդիմադիր հատվածում եւս արդեն վաղուց սկսվել է առաջնորդի «կռիվը»:

Խաղում են սեւերը

Սեւերն, իրենց հերթին, հասկանում են, որ երկարատեւ պայքարից հետո սպիտակների թե իշխանական եւ թե ընդդիմադիր թեւերը թուլացել են: Եվ այդ պայմաններում իրենց համար ակտիվ խաղի մեջ մտնելու լավ հնարավորություն է ստեղծվում: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին աշխարհաքաղաքական ուժերը նախկին սոցիալիստական ճամբարի պետություններում նոր սերունդ են ուզում տեսնել: Սա վերաբերում է ինչպես հեղափոխական պետություններին (Սերբիա, Վրաստան, Ուկրաինա, Ղրղըզստան), այնպես էլ` ոչ հեղափոխական (Լեհաստան, Ռումինիա, Մերձբալթյան Երկրներ եւ այլն):

Շախմատային մեկնաբան Կարեն Քոչարյան

Մի բան հստակ է՝ առջեւում դաժան պայքար է սպասվում: Եվ, եթե վաղը պարզվի, որ մենք նախագահական համակարգից անցնում ենք կիսանախագահական համակարգի, ապա «փազլ»-ային կամ բեկորային խորհրդարանը միանգամայն ձեռնտու կլինի հաջորդ նախագահին, որն ավելի հեշտ կղեկավարի այդպիսի խորհրդարանը, քան՝ բացարձակ մեծամասնություն ունեցողը: Իսկ իրադարձությունների այդպիսի զարգացումը ամեն դեպքում կբերի սպիտակների պարտության եւ սեւերի հաղթանակի: Որովհետեւ սեւերը հաջորդ խորհրդարանում որքան էլ քիչ տեղ ունենան, դա կհամարեն հաղթանակ (պատկերացրեք, օրինակ, ՀՌԱԿ-ը, որը 15 տարի է՝ չի կարողանում մուտք գործել խորհրդարան, հանկարծ հատի 7%-անոց սահմանը), իսկ ներկա խորհրդարանական խումբ-խմբակցությունների համար թեկուզ 1-2 պատգամավորի կորուստը կդիտվի որպես պարտություն: