Համաձայն չեն

15/03/2012

Երեկ «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությունը` CPS-ը, հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադարձել է ՏՄՊՊՀ-ի կողմից իրենց 100 մլն դրամով տուգանելու խնդրին: «Ինչպես արդեն տարածվել է մամուլի միջոցներով` ՏՄՊՊՀ-ի այսօրվա` մարտի 14-ի նիստում որոշում է ընդունվել գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել «Սիթի Պետրոլ գրուպ» ընկերությանը 100 միլիոն դրամով: Տեղեկացնում ենք, որ ՏՄՊՊՀ-ի այդ որոշումը մեզ պաշտոնապես դեռ չի ուղարկվել, եւ, հետեւաբար, պատշաճ պարզաբանումներ չենք կարող տալ այդ կապակցությամբ: Ի դեպ, այդ նիստում որոշումը կայացվել է առանց «Սիթի Պետրոլ գրուպի» ներկայացուցչի մասնակցության: Նշանակված տուգանքի այն հիմնավորումները, որոնց մենք ծանոթացել ենք ՏՄՊՊՀ-ի կայքէջից` մեզ համար ընդունելի չեն, եւ տեղեկացնում ենք, որ ընկերությունն իր իրավունքները պաշտպանելու է օրենքով չարգելված բոլոր միջոցներով»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ երեկ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում հարուցված վարույթի արդյունքներն ու CPS-ին տուգանել 100 մլն դրամով: Նշվել է, որ Բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում խոշորագույն ընկերությունը` «Սիթի Պետրոլ գրուպը» (CPS), չարաշահել է իր գերիշխող դիրքը` գնային քաղաքականությամբ խեղճացնելով փոքր բենզալցակայաններին ու կլանելով դրանց: Նշենք, որ CPS-ը նշված շուկաներում ունի մոտ 50 տոկոս մասնաբաժին եւ ըստ էության` գին թելադրող է: