Փոխել չենք կարող

15/03/2012

«Թուրքիայում տեղադրված հակահրթիռային համակարգերն Իրանի դեմ օգտագործվել չեն կարող»,- թունիսյան մի հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Դա բացահայտորեն ասում եմ»,- շեշտել է նա: Լրագրողի դիտարկմանը, թե որոշ փորձագետներ հակահրթիռային կայանները համարում են Իսրայելի պաշտպանական միջոցները` Իրանի դեմ, Գյուլը պատասխանել է. «Նման բան չի կարող լինել: Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ եւ ՆԱՏՕ-ի հնարավորություններից օգտվել չի կարող: Առավելեւս Թուրքիայում նման բան լինել չի կարող: ՆԱՏՕ-ն իր որոշումները միասնաբար է կայացնում: Այդ ամենն Իսրայելի քարոզչության արդյունքն է»: Գյուլն անդրադարձել է նաեւ «Արաբական գարնանը»: Խոսելով այն փաստի մասին, որ «Արաբական գարունը» վերապրած մի շարք երկրներում իսլամիստական կուսակցություններն իշխող դիրք ստացան, Գյուլն ասել է, որ յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է ընտրում իր ճակատագիրը: «Սակայն, եթե Իսլամի անունից, կրոնի անունից խոսող կուսակցությունը անհաջողության մատնվի, ապա կրոնը կվարկաբեկվի: Հենց այդ պատճառով էլ Թուրքիայում կրոնական կուսակցություններ չկան»: Անդրադառնալով Թուրքիայի` «զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքին` Գյուլն ասել է, որ «զրո խնդիր» ունենալ` նշանակում է` խաղաղ լինել, թշնամություն չունենալ, փոխարենը, հարեւանների հետ միասնական լինել: «Եթե հարեւանների միջեւ համագործակցություն, կայունություն չլինի, վստահություն էլ չի լինի»,- ասել է Գյուլը` ավելացնելով, որ ոչ Թուրքիան, ոչ Թունիսը, ոչ էլ մյուս պետություններն իրենց հարեւաններին փոխելու հնարավորություն չունեն: