Ի տարբերություն ֆինանսական բիզնեսի այլ ոլորտների, ապահովագրական գործը Հայաստանում գրեթե մեռած վիճակում էր անկախության ողջ շրջանում, եւ այսօր այն զանգվածային դարձավ միայն ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման համակարգի մուտքով: Մինչդեռ աշխարհում, մասնավորապես, արեւմտյան քաղաքակրթության մշակույթին հարող բոլոր առաջադեմ երկրներում ապահովագրությունը անբաժան կարեւոր տեղ է զբաղեցնում հասարակության կյանքում, նպաստում նրա զարգացմանը, եւ թվում է, որ առանց դրա լայն տարածման` հնարավոր էլ չէ պատկերացնել այդ երկրները: Հայաստանում եւս կան կազմակերպություններ, որոնք դեռեւս պարտադիր ապահովագրության ներդրումից շատ առաջ, մեր հասարակության որոշակի անընկալության եւ թերահավատության պայմաններում անգամ փորձել են եւ շարունակում են զարգացնել ապահովագրական գործը իր լայն ընդգրկմամբ եւ հավատում են դրա ապագային: Հայաստանում ապահովագրության վիճակի եւ հեռանկարների մասին զրուցեցինք ոլորտի մասնագետ, 2004 թվականից գործող «Ավանգարդ Ռիսկ Սոլյուշընս» անկախ ապահովագրական միջնորդ ընկերության հիմնադիր, տնտեսագիտության թեկնածու Սերգեյ Մելիք-Յոլչյանի հետ:
– Գաղտնիք չէ, որ ապահովագրական բիզնեսը տարածման շարունակական դժվարություններ ունի մեզ մոտ: Որո՞նք են դրանցից հիմնականները:
– Ապահովագրական ինստիտուտի հանդեպ մեր բնակչության կողմից դրսեւորվող անվստահությունը առավելապես բխում է ապահովագրության արդյունավետության վերաբերյալ թերի տեղեկացված լինելուց, կամ որեւէ ապահովագրական ընկերության հետ սեփական «բացասական» փորձից, ինչն էականորեն կապված է նախկինում ապահովագրական ոչ ճիշտ ծրագրի ընտրության հետ: Ապահովագրության լայն տարածման խոչընդոտ կարելի է դիտարկել նաեւ բնակչության եկամուտների շեմը, որը հաճախ թույլ չի տալիս միանվագ վճարում իրականացնել այս կամ այն ապահովագրական պայմանագրի համար, նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքացին գիտակցում է, որ ապահովագրությանն ուղղված միջոցները անհամեմատ ավելի քիչ են, քան այդ ապահովագրության պայմանագրի արդյունավետությունը անձի համար:
– Համեմատության համար` ինչպե՞ս է իրականացվում ապահովագրությունն արտասահմանում եւ ի՞նչ դեր է խաղում բնակչության եւ բիզնեսի կյանքում:
– Ինչ խոսք, զարգացած երկրներում ապահովագրության գործառույթները առկա են կյանքի բոլոր բնագավառներում` թե քաղաքացիների, թե բիզնեսի կենսագործունեության անբաժանելի տարր կազմելով: Առանց ապահովագրության, որեւէ անձ, կամ, առավել եւս, գործարար չի պատկերացնում իր գործունեությունը, քանի որ սովոր են սթափ գնահատել սեփական գործունեության մեջ եւ կյանքում առաջացող ռիսկերը եւ քաջ հասկանում են այդ ռիսկերի առաջացման ժամանակ ֆինանսական կորուստների մասշտաբները: Հատկապես ուշագրավ է ապահովագրական միջնորդի ինստիտուտի կարեւորումը զարգացած ապահովագրական շուկաներ ունեցող երկրներում: Շատ երկրներում ապահովագրական ընկերությունները նույնիսկ ուղղակի շփում չունեն հաճախորդի հետ, քանի որ ընդունում են միայն այն ռիսկերը, որոնք առաջարկվում են իրենց կողմից հավատարմագրված ապահովագրական միջնորդների կողմից: Միջնորդները լավ են տիրապետում թե ապահովագրողների պահանջներին, թե հասկանում են հաճախորդների իրական շահերը` ընտրելով այն ծրագիրը, որն իրականում ապահովում է հնարավորինս լայն պաշտպանություն հաճախորդի համար, արդյունքում` տնտեսելով երկու կողմերի ռեսուրսները եւ ժամանակը:
– Ինչպե՞ս եք կարողանում աշխատել Հայաստանում` որպես անկախ, ինքնուրույն նախաձեռնություն ցուցաբերող կազմակերպություն, երբ հայտնի է, որ զանգվածային մակարդակով առավելապես անվճարունակ ժողովրդի հետ գործ ունենք։
– Վերը նշեցի, որ դա հանդիսանում է Հայաստանում ապահովագրության տարածման գլխավոր խնդիրներից մեկը: Սակայն պետք է հիշեցնեմ, որ ապահովագրությունը մեզ բոլորիս սպառնացող վտանգների, ռիսկերի կառավարման ամենաէժան եւ արդյունավետ միջոցն է: Առօրյա կյանքում հնարավոր են ամենատարբեր պատահարներ ու վթարներ, առողջության հետ կապված խնդիրներ, հանկարծակի հիվանդություններ ու վիրահատություններ: Չգիտես թե ինչու` մեր մեջ տարածված է վստահությունը, որ այդ ամենը մեզ անձամբ չի վերաբերում, ավելի շատ` օտարներին: Իսկ երբ հայտնվում ենք ռիսկային իրավիճակում, սկսում ենք ինքնակորույս նետվել այս եւ այն կողմ` փնտրելով եւ հաճախ չգտնելով խնդիրները հաղթահարելու հնարավորություններ: Այս ամենից կարելի է խուսափել ապահովագրության այս կամ այն ծրագրի օգնությամբ: Ցանկացած ապահովագրություն անհամեմատ էժան է` պատահարի արդյունքում առաջացած վնասների փոխհատուցման համար պահանջվող իրական գումարներից: Բացի այդ, շատ բան կախված է նաեւ նրանից, թե որտեղ եք ձեռք բերում ապահովագրության պայմանագիրը: Օրինակ, մասնագիտացված միջնորդը պարտավոր է ապահովադրին ներկայացնել պայմանագրերի դրույթներից բխող պարտավորությունների ու ապահովագրական ծրագրի մանրամասները: Կան սակավաթիվ միջնորդներ, որոնք բացի վերոնշյալից` նաեւ պաշտպանում են հաճախորդի (ապահովադրի) շահերը ապահովագրողի հետ հարաբերություններում` թույլ չտալով ծայրահեղություններ, որոնք հետագայում դառնում են «բացասական» փորձ ապահովադրի համար:
– Դժվար չէ՞ այսօր աշխատել այն կազմակերպությունների միջավայրում, որոնք տնօրինում են պարտադիր ապահովագրության քվոտաները, Դուք նրանց հետ մրցակի՞ց եք, վերահսկո՞ղ, թե՞ գործընկեր:
– Ապահովագրական ընկերությունները եւ ապահովագրական միջնորդները` լինի դա ապահովագրական բրոքեր թե ապահովագրական գործակալ, մրցակից չեն, այլ իրար լրացնող օղակներ: Ապահովագրական ընկերությունների հիմնական նպատակն ընդունած ռիսկերի (պարտավորությունների) կառավարումն է: Իսկ ապահովագրական միջնորդների հիմնական ֆունկցիան վաճառքների կազմակերպումն է: Քաղաքացիների եւ տնտեսվարող միավորների շահերի պաշտպանության տեսակետից շատ կարեւոր է, թե ումից է ձեռք բերվում պայմանագիրը: Գաղտնիք չէ, որ ԱՊՊԱ-ի ներդրման հետ մեկտեղ, ապահովագրական գործակալական արտոնագրեր ձեռք բերեցին բազմապիսի գրասենյակներ` այդ թվում, թող զարմանալի չթվա, սկսած սովորական մթերային խանութներից, ավարտած բենզալցակայաններով եւ կոշիկի նորոգման արտելներով: Հասկանալի է, որ նման գործակալները ձգտում են միայն վաճառել հնարավորինս շատ պայմանագիր: Սակայն ապահովագրական շուկայում կան մասնագիտացված մի քանի գործակալական գրասենյակներ, որոնց նպատակը ոչ միայն պայմանագրերի վաճառքն է, այլ նաեւ այդ պայմանագրերի հետագա սպասարկումը, ապահովագրական պատահարի ժամանակ հաճախորդներին անվճար խորհրդատվություն մատուցելը, պատահարի փաստաթղթավորման հարցերում աջակցություն, ապահովադրի շահերի ներկայացում եւ պաշտպանում` ընդհուպ մինչեւ ապահովագրական ընկերության կողմից պատահարի արդյունքում վնասի հատուցումը: Մենք գործում ենք ապահովագրական միջնորդների շուկայում հիմնադրման օրվանից` 2004-ից. Տարիների մասնագիտական փորձը եւ բոլոր ապահովագրական ընկերություններից պայմանագրերի կնքման լիազորություններ ունենալը թույլ են տալիս մեր կազմակերպությանը ոչ միայն արդյունավետ ընտրել մեր հաճախորդների համար լավագույն ապահովագրական ծրագրերը լավագույն գներով, այլեւ հետեւողական սպասարկել պայմանագրերը, պատահարի ժամանակ գտնվել մեր հաճախորդների կողքին` որպես մասնագետներ, եւ օժանդակել ապահովագրողի հետ հարաբերությունների ճիշտ կառուցմանը: Ի դեպ, 2011թ. արդյունքները ցույց տվեցին, որ մեզ մոտ հաճախորդների հավատարմության ցուցանիշը կազմեց ավելի քան 94 տոկոս, այսինքն` նախորդ տարվա գրեթե բոլոր պայմանագրերը վերակնքվել են, դա ամենակարեւոր ապացույցն է, որ հաճախորդները զգում են մեր աշխատանքի կարիքը եւ գնահատում արդյունքները:
– Ի՞նչ թյուրիմացություններ եւ դժվարություններ կարող են լինել ապահովադրի համար, որն ինքը չգիտի եւ կարիք ունի հատուկ կազմակերպության կամ մասնագետի պրոֆեսիոնալ օգնության:
– Ապահովադիրները չեն զգում մասնագիտացված կազմակերպության դերը ապահովագրության մեջ` մինչ պատահարի պահը: Պատահարից ի վեր հաճախորդը սկսում է բացահայտել իր պայմանագրային պարտավորությունների մեծ մասը: Դա համեմատաբար հեշտ է, եթե խոսում ենք ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության մասին: Սակայն, օրինակ, որոշ ապահովագրական ընկերությունների բեռների ապահովագրության կանոններում կան պարտավորություններ, որոնք վերաբերում են ոչ միայն ապահովադրին, այլ նաեւ ապահովադրի փոխադրողին, որին պարտավոր է հրահանգել ապահովադիրը: Եվ ապահովադրի նման պարտավորությունների չկատարումը հանգեցնում է հատուցման մերժման: Դիմում եք ապահովագրողին, որը պատահարի վերաբերյալ տարատեսակ փաստաթղթեր է պահանջում ներկայացնել, որոնք դուք չգիտեք անգամ` որտեղից վերցնել, կամ ստիպված եք լինում խնդրել ղեկավարությանը` թույլ տալ բացակայել մի քանի ժամ` առաջացած խնդիրները կարգավորելու համար: Արդյունքում` ապահովագրության հատուցումը ստանալու գործընթացը ձեզ համար վերածվում է մի նոր գլխացավի: Կա ավելի քաղաքակիրթ տարբերակ այս բոլոր խնդիրները կարգավորելու համար, քանի որ մեր կողմից մատուցվող ծառայությունների ցանկում կա նաեւ պատահարի փաստաթղթերի հավաքագրումը` ձեր փոխարեն: Լիազորում եք եւ պարբերաբար ստանում ծանուցումներ նախապես համաձայնեցված պլանի կատարողականի մասին: Ըստ էության, մեր ընկերության նպատակն է` տրամադրել մեր հաճախոդներին ռիսկերի բնագավառում «մեկ պատուհանի» սկզբունքով սպասարկումը, ինչին ուղղված են մեր բոլոր ծառայությունները եւ նպատակները` եւ ապահովագրության, եւ գնահատման, եւ սյուրվեյի (փորձագիտություն) ուղղություններով:
– Մեր օրենսդրությունը թույլատրո՞ւմ է լիարժեք ապահովագրություն իրականացնել եւ լիարժեք փոխհատուցում ստանալ, ի՞նչ պայմաններով, եւ ինչպե՞ս կգնահատեիք այդ պայմանները Հայաստանում:
– Մեր ապահովագրական օրենսդրությունը գրեթե տասնհինգ տարվա զարգացման պատմություն ունի եւ բավականին հստակ է: Այլ են գործոնները, որոնք ազդում են ապահովագրական հատուցումների պայմաններին: Հաճախ պատահարի ժամանակ առաջացած տարաձայնությունները ապահովագրական ընկերության եւ ապահովադրի միջեւ բխում են հենց պայմանագրի կնքման փուլում ռիսկերին ոչ պատշաճ ուշադրություն դարձնելուց: Այստեղ մեծ դեր է խաղում մասնագիտացված միջնորդի առկայության գործոնը: Մեր աշխատանքային թղթապանակում բազմաթիվ են դեպքերը, երբ հաճախորդին առաջարկվել է շատ ավելի արդյունավետ լուծում, քան նա կարող էր ստանալ առանձին ապահովագրողի դիմելով:
– Ինչպե՞ս է գնում զարգացումը, տեսանելի ապագայում ի՞նչ ոլորտներում կարող է առավել տարածում գտնել ապահովագրությունը, եւ դրսեւորման ի՞նչ ձեւերով:
– Հայաստանի ապահովագրական շուկան զարգացման նոր շունչ ստացավ ԱՊՊԱ համակարգի ներդրման հետ մեկտեղ: Նկատվում է ապահովագրության կամավոր տեսակներին ապահովադիրների կողմից ցուցաբերած հետաքրքրությունը, որը հիմնված է ԱՊՊԱ-ի արդյունավետության օրինակով ապահովագրական մեխանիզմի նկատմամբ ավելացող վստահության վրա: Առավելապես պահանջարկ է վայելում սեփական ավտոմեքենային պատճառված վնասների ապահովագրությունը, որը սովորաբար անվանվում է ԿԱՍԿՈ ապահովագրություն: Որպեսզի տարատեսակ վտանգներով լի առօրյա կյանքում այդքան կարեւոր ապահովագրությունը մեր հաճախորդների համար չլինի լրացուցիչ բեռ, մենք ստեղծում ենք եւ շուտով կբարձրաձայնենք վճարման այնպիսի համակարգեր, որոնք թույլ կտան մեր ապահովադիրներին ձեռք բերել ապահովագրությունը հետաձգված վճարման կամ այլ հարմարավետ պայմաններով: Կառավարության 2011թ. դեկտեմբերի որոշման համաձայն` Հայաստանում ներդրվեց «Սոցիալական փաթեթ» հասկացությունը, որը նախատեսված է պետական կազմակերպությունների ծառայողների համար: Սոցիալական փաթեթում առողջության ապահովագրությունը պետծառայողի համար պարտադիր է: Այս փորձը գուցե եւ հետագայում հիմք հանդիսանա առողջության պարտադիր ապահովագրության համար:
– Իսկ ի՞նչ առավել գրավիչ պայմաններ է առաջարկում Ձեր ընկերությունը պետծառայողի առողջության ապահովագրության համար:
– Մեր կազմակերպությունը, թե՛ առողջության, թե՛ դժբախտ պատահարներից ապահովագրվողների համար ներդրել է զեղչային համակարգ` մեր գործընկեր դեղատներից դեղորայք գնելու համար: Ընդ որում, զեղչը տարածվում է ոչ թե ապահովագրված հիվանդության ժամանակ դեղորայքի ձեռքբերման վրա (դրանք անվճար են, քանի որ այդ ծախսերը հոգում է Ապահովագրական կազմակերպությունը), այլ տարվա ընթացքում հաճախորդի կողմից դեղատնից ձեռք բերվող ցանկացած ապրանքի վրա, սկսած սովորական ցավազրկող դեղամիջոցից, մինչեւ երեխայի խնամքի պարագաներ:
Աննա ՎԱՐԴԱՆՅԱՆ