Բուժիչ «սարդ-բույսը»

15/03/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Բույսի գիտական անվանումն է` Callisia fragrans։ Անվանման հեղինակն է անգլիացի բուսաբան Ռ.Ե. Վաթսոնը (1942թ.)։ Callisia բառը բաղկացած է kallos եւ lis հունական բառերից, թարգմանաբար` «գեղեցիկ շուշան», fragrans բառը կրում է «բուրումնավետ» իմաստը։ Բույսը պատկանում է Commelinaceae ընտանիքին։ Կալլիսիաների ցեղն ընդգրկում է մոտ 12 տեսակ։ Ոսկեբեղիկը առանձնանում է իր «ցեղակիցներից» արտաքին տեսքով եւ բուժիչ հատկություններով։ Այն հիշեցնում է եգիպտացորենը եւ միակն է Commelinaceae ընտանիքում, որն ունի բեղիկներ։ Աճում է Մեքսիկայի եւ Գվատեմալայի արեւադարձային գոտիների բնական պայմաններում։ Բազմամյա բույս է, բարձրությունը` մինչեւ 2 մետր։ Տերեւները խոշոր են, 25-30 սմ երկարությամբ, 5-6 սմ լայնությամբ, մուգ կանաչ։ Ուղղաձիգ ցողուններից ճյուղավորվում են զուգահեռ հորիզոնական հարթություններում գտնվող երկրորդական ցողունները, որոնց վրա նույնպես կան «հոդանման» հանգույցներ եւ թույլ զարգացած տերեւներ։ Բեղիկի գագաթային մասում կա մատղաշ տերեւներից կազմված վարդակ, որը ջրի կամ հողի մեջ հայտնվելիս` արմատ է տալիս։ Ծաղիկները մանր են, սպիտակ, հիացինտի հրաշալի բուրմունքով։ Տնային պայմաններում բույսը հազվադեպ է ծաղկում։

Բուժիչ հատկությունները հայտնի են եղել հնագույն ժամանակներից, Մեքսիկայում այն աճեցնում են տների մոտակայքում։ Այս երկրում ոսկեբեղիկը անվանում են «սարդ-բույս»։ Այն կիրառվում է որպես վերքամոքիչ միջոց նաեւ թունավոր կենդանիների խայթոցի դեմ։

Բույսը երբեմն անվանում են` տնային մարդարմատ («ժենշեն» կամ «կենդանի վարս»` եթե տերեւը կիսեք, ապա երկու մասերի միջեւ կտեսնեք կանաչավուն, բարակ, ձգվող մազիկներ։

Առաջին անգամ բույսը նկարագրվել է 1840թ., այն հայտնի է եղել «Spironema fragrans» անվանմամբ։ Նպատակասլաց հետազոտություններ են կատարվել 20-րդ երկրորդ կեսից հետո` Կանադայի եւ ԱՄՆ-ի Հարվարդի համալսարաններում։

Անցյալ դարի 80-ականներին բույսի քիմիական եւ բուժիչ հատկությունների ծավալուն ուսումնասիրություններ են ձեռնարկվել Իրկուտսկի բժշկական համալսարանում։ Հետազոտությունները շարունակվում են մինչեւ մեր օրերը, դեռեւս կան իրարամերժ տվյալներ։

Հաշվի առնելով, որ ոսկեբեղիկը հաճախ են աճեցնում տնային պայմաններում, եւ կա կարծիք, որ այն գրեթե ունիվերսալ դեղամիջոց է, նախ նշենք բույսի կիրառման հետ կապված հակացուցումները.

– Երկարատեւ օգտագործման դեպքում հնարավոր է, որ վնասվեն ձայնալարերը։ Ձայնի նախկին տոնայնության վերականգնումը գրեթե անհնարին է։

– Բույսը պարունակում է թունավոր ալկալոիդներ, պարտադիր է, որ չխախտեք չափաբաժինները։

– Նշանակումները պետք է լինեն մարդու առանձնահատկություններին համապատասխան` տարիք, քաշ, գենետիկ նախադրյալներ, եւ այլն։

Չափաբաժնի խախտման դեպքում հնարավոր է, որ առաջանա ալերգիկ ցան, այտուց, գլխացավ, թուլություն, ծակոցներ կոկորդում, լորձաթաղանթների բորբոքում, վահանաձեւ գեղձի չափերի մեծացում։

Տերեւների հյութը պարունակում է կվերցետին եւ կեմպֆերոլ ֆլավոններ։ Կվերցետինն ունի հակաուռուցքային, արյունարգել, հակաալերգիկ, հիպոտենզիվ հատկություններ։ Օգտակար է ռեւմատիզմի, նեֆրիտի, կարմրուկի, քութեշի, բծավոր տիֆի դեպքում։ Կեմպֆերոլն ունի թարմացնող հատկություն, ամրացնում է արյունատար մազանոթները, հեռացնում նատրիումի աղերը։

Պարունակում է որոշ կենսաբանական գործունեություններ կարգավորող ստեորիդներ` վիտամին D, հորմոններ, թթուներ։ Նաեւ հակասկլերոտիկ, հակաուռուցքային, հակամանրէ նյութ` բետա-սիտոստերոլ, որը կիրառվում է նյութափոխանակման խանգարման, էնդոկրին համակարգի հիվանդությունների, շագանակագեղձի բորբոքման, ադենոմայի դեպքում։ Պարունակում է քրոմ, պղինձ, նիկել։ Բույսը կարող է կուտակել զգալի քանակությամբ երկաթ։ Հայտնի է, որ երկաթը հեմոգլոբինի հիմնական բաղադրիչն է։

– Անեմիային բնորոշ է նիկելի մակարդակի անկումը։

– Քրոմը նպաստում է շաքարի մակարդակի կարգավորմանը արյան մեջ, կանխարգելում աթերոսկլերոզի, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը։

– Շաքարային դիաբետն ուղեկցվում է պղնձի սակավությամբ, եւ այս դեպքում նույնպես կարեւորվում է ոսկեբեղիկը։

Պարունակում է նաեւ կարոտինային նյութեր, ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ, գլիկոզիդներ, պեկտին, դաբաղանյութեր, կալիում, կալցիում։

Բույսի բուժիչ հատկությունները բնորոշվում են կենսաբանորեն ակտիվ նյութերի եւ տարրերի բազմազանությամբ։ Գիտականորեն ապացուցված է, որ դրանք առավելապես կենտրոնացած են կողային հորիզոնական ընձյուղներում։

Տան պայմաններում ոսկեբեղիկը հեշտությամբ է աճում եւ բազմանում։

Այնուամենայնիվ, կան որոշ պայմաններ, որոնք կարեւոր է պահպանել։

– Բույսը բազմանում է բեղիկի միջոցով։ Հարկավոր է կտրել վերին մասը` վարդակից ներքեւ երկու «հոդի» հետ միասին, թողնել ջրում մինչեւ արմատակալելը եւ տեղափոխել հողի մեջ։

– Ծաղկամանը, ցանկալի է, որ լինի հնարավորինս լայն, կավից պատրաստված։ Արմատները արագ են զարգանում, տեղափոխելիս նոր ծաղկամանը պետք է ավելի լայն լինի։

– Ցողունը հարկավոր է հպել ինչ-որ հենարանի, նախքան կողային բեղիկների առաջացումը։

– Բույսը լուսասեր է, ընտրեք բնակարանի այն հատվածը, որտեղ անմիջականորեն չեն ընկնում արեւի ճառագայթները։ Դժվար է հարմարվում նոր տեղին, տեղափոխությունը կատարեք փուլ առ փուլ։

– Լավագույն ջերմաստիճանը 22-25 C-ն է, ձմռանը` 10-12 C։ Հով տարածքում այն կարող է տերեւաթափ լինել, հարկավոր է շաբաթը 2-4 անգամ ջրել` խառնեք 5։1 կաթ։ Ձմռանը բավարար է սնուցել բույսը 15-20 օրը մեկ, ամռանը` ավելի հաճախակի։

Զգուշացում։ Ոսկեբեղիկի պատրաստուկները չի կարելի թրմել կամ պահել մետաղե տարայում։

Դիմադրողականությունը բարձրացնող- Կտրեք երկու բեղիկ (պիտանի են առնվազն 9 հոդ ունեցողները)։ Մանրացրեք, երկու շաբաթ թրմեք 1,5 լիտր օղու մեջ` սենյակային պայմաններում։ Քամեք։ Խմեք 10-25 կաթիլ, օրը 1-2 անգամ` սնվելուց 40 րոպե առաջ, առնվազն 50 մլ ջրի հետ։ Շարունակեք 45 օր, ընդմիջեք 10-15 օր։ Կարելի է կրկնել մինչեւ 4 անգամ։

Ի դեպ, պահպանման ընթացքում ոգեթուրմը կարող է գունափոխվել կապույտից շագանակագույնի, դա չի նշանակում, որ փոխվել են դրա հատկությունները։

Օստեոխոնդրոզ.

– Ողնաշարի ծոծրակային հատվածի ողերը շփեք ոսկեբեղիկի ոգեթուրմով։ Շարունակեք 5 օր։

Կամ`

– Երկու օրը մեկ դրեք ոգեթուրմի թրջոցներ 2 ժամ տեւողությամբ։

Այրվածք. Տրորեք տերեւը, խյուսը տեղադրեք թանզիֆե պարկիկի մեջ, տեղադրեք վերքի վրա, ամրացրեք։ Ի դեպ, հիանալի միջոց է (ոչ բարդ դեպքերում)։

Ցրտահարություն. Դրեք ոգեթուրմով թրջոցներ մինչեւ 2 ժամ տեւողությամբ։

Կանխարգելիչ թուրմ. Մանրացրեք մեկ ժամ 20 սմ երկարությամբ տերեւը, 24 ժամ թրմեք 1 լ եռջրում։ Քամեք։ Պահեք սենյակային պայմաններում։

Սուր բրոնխիտ. Խառնեք մեղրի հետ (1։1), խմեք երկուական թ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 40 րոպե առաջ։

Վարիկոզ. Շփեք վնասված հատվածը թուրմով, հետո դրեք տրորած բույսի խյուսը եւ վիրակապեք։

Հայմորիտ. Կոկորդը ողողեք թուրմով, քթանցքներին կաթեցրեք 2-ական կաթիլ։ Կատարեք օրը 3-4 անգամ։

Շաքարային դիաբետ. Խմեք 2-3 ճ/գ, օրը 3-4 անգամ` սնվելուց 40 րոպե առաջ։ Համաձայնեցրեք բժշկի հետ։

Փորկապություն. Խմեք 1-ական թ/գ, օրը 2-3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։

Այրոց. Խմեք 1-ական ճ/գ անմիջապես սնվելուց առաջ։

Ստենոկարդիա, ինֆարկտ, կարդիոսկլերոզ։ Խմեք 2-ական թ/գ` սնվելուց 40 րոպե առաջ։

Լեյկոզ. Խառնեք բույսի մանր կտրատած կողային ընձյուղը, հնդկացորենի մեղրը, կագոր տեսակի գինի (1։1։2), թրմեք 40 օր։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 40 րոպե առաջ։

Սրտի հիվանդություններ. Աղացեք ոսկեբեղիկի ընձյուղները (ցողունը), զտեք։ Հյութը խառնեք մեղրի հետ (1։1)։ Խմեք 1-ական ճ/գ` առավոտյան եւ երեկոյան։

Բրոնխների ասթմա. Սենյակում մշակեք ոսկեբեղիկի 1-2 բույս, պարբերաբար մաքրեք տերեւները կաթի ջրային թուրմով (1։10)։ Ախտահանված եւ մանրէասպան նյութերով հագեցած օդը կնպաստի նաեւ շնչառական ուղիների գործունեությանը։

Բուժում բանջարեղենի քուսպով. Քամեք բանջարեղենի հյութը, քուսպը մանրացրեք, տրորեք ոսկեբեղիկը, խառնեք 3։1 հարաբերությամբ։ Պատաստեք մինչեւ 1 սմ տրամագծով գնդիկներ, ավելացրեք մի փոքր մեղր (8։1)։ Խմեք 1-ական «գնդիկ», օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։

Ստամոքսի խոց, հիպերտոնիա. Կիրառեք կաղամբի քուսպը։

Գիրություն, հիպերտոնիա. Օգտակար է բազուկի քուսպը։

Մրսածություն, գրիպ. Օգտակար է բողկի քուսպը մեղրի հետ։

Փորկապություն, թութք. Խառնեք սեւ շլորաչիրը, բազուկի քուսպը, մանրացրած ոսկեբեղիկը։

Բուժում է ոսկեբեղիկի հյութը

Հյութը պարունակվում է բույսի բոլոր մասերում։ Մուգ մանուշակագույն հասունացած բեղիկները առավել հագեցած են օգտակար նյութերով։ Քնելուց առաջ ծամեք 1-2 սմ երկարությամբ բեղիկի հատված, քուսպը կուլ չտաք։ Օգտակար է ստամոքսի համար։ Նույն կարող եք կատարել առավոտյան սնվելուց կես ժամ առաջ։ Օգտակար է նաեւ ասթմայի նոպայի ժամանակ։

Արյունահոսող լնդերի վրա դրեք վանդակավոր խազված մակերեսով տերեւ, վրայից ծածկեք բամբակով, պոլիէթիլենի փոքր կտորով։ Շարունակեք երկու շաբաթ։

Երբեմն բույսի հյութը համեմատում են «կենդանի ջրի» հետ։

Բուժում են մաշկային հիվանդություններ, խոցեր, կորյակներ։

Ռեւմատիզմ. Հիվանդության սրացման ժամանակ դրեք գոլացրած հյութի (38 C) թրջոց ողնաշարի մեջքի հատվածին։ Կատարեք 2-3 օրը մեկ անգամ, 10-15 րոպե տեւողությամբ։

Կարող եք նաեւ դնել թրջոց ոտքի բորբոքված հոդերին։

Փորկապություն. Թարմ տերեւը փաթաթեք թղթով, դրեք ապակե տարայի մեջ, 2 շաբաթ պահեք սառնարանում։ Լվացեք եռջրով, կտրատեք 2-3 սմ հատվածների։ Զտեք հյութը, խառնեք մեղրի հետ (1։3)։

Երկու օր խմեք մեկական ճ/գ` սնվելուց կես ժամ առաջ։ Հաջոդ օրերին` կեսական ճ/գ, շարունակեք 7-10 օր։

Կորյակներ. Երկու շաբաթ սառնարանում պահած տերեւը լվացեք, մանրացրեք, երեք ժամ թրմեք մութ տեղում ջրի մեջ (1։1)։ Մաքրեք դեմքը։

Քսուքներ. Հյութը (1։3) կամ խյուսը (1։1,5) խառնեք մանկական քսուքի, վազելինի հետ։ Օգտագործեք մաշկի թարախային բորբոքումների բուժման համար, կարող եք նաեւ մշակել վերքերի եզրային մաշկը ոսկեբեղիկի ոգեթուրմով։

Իշխարի կամ փորոտիքի յուղի հետ խառնուրդը կիրառեք արթրիտի, բրոնխիտի բուժման համար։

Բրոնխիտի դեպքում շաբաթը մեկ անգամ քսուքով (հյութի խառնուրդ) շփեք կուրծքը քնելուց առաջ։

Արթրիտի դեպքում քսուքով շփումները զուգորդեք ոսկեբեղիկի ոգեթուրմի թրջոցներով (պահեք 2 ժամ, կատարեք օրը 2 անգամ)։

Յուղ. Չորացրած ոսկեբեղիկի քուսպը մանրացրեք, ավելացրեք ձիթապտղի յուղ (1։1)։ Թրմեք մուգ պատերով ապակե տարայում 15-20 օր։

Օգտագործեք շփումների համար մրսածության, ռեւմատիզմի, արթրիտի, մաշկային հիվանդությունների դեպքում։