Վերջերս հայկական լրատվամիջոցներում հրապարակվել էր Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցազրույցը, որում խորհրդականը ներկայացրել էր այդ գործընթացում ճանապարհային քարտեզի նախագիծը: Հայաստանում սահմանադրական բարեփոխումներով տարված մարդիկ այս փաստը կարծես թե անուշադրության մատնեցին, այնինչ Ղարաբաղում այն մեծ արձագանք է ստացել:
Հարցազրույցում նշված տարբերակներից շատերն արցախցիների համար անընդունելի են եւ զարմացած են, որ նման տարբերակներ առաջարկում են նաեւ հայերը: Մեր զրույցի ժամանակ Ստեփանակերտի բնակչուհի Արմինե Մարտիրոսյանը նշեց, որ նման առաջարկություն կարող է անել միայն այն անձը, ով անտարբեր է իր ժողովրդի ճակատագրի հանդեպ: «Կարծում եմ, որ չի կարելի տալ տարածքները, քանի որ նրանք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն: Չպետք է մոռանալ նաեւ այն փաստը, որ այդ հողերի ազատագրման համար մեր եղբայրներն ու հայրերը արյուն են թափել: Եվ մենք վաստակել ենք մեր հայրենի հողում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքը: Իսկ փախստականների վերադարձի մասին, իմ կարծիքով, անիմաստ է խոսել»,- այս կարծիքն արտահայտեց զրուցակիցս:
ԼՂՀ կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Պավել Նաջարյանն` իր անձնական կարծիքն արտահայտելով, ընդգծեց. «Միանշանակ դեմ եմ, որ այստեղ ադրբեջանցիներ բնակվեն: Ղարաբաղը պետք է լինի առանց ադրբեջանցիների»:
ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը հարցազրույցում տեղ գտած տարբերակների առնչությամբ նշեց. «Այն տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նույն իրավունքով է հռչակվել, ինչ որ Ադրբեջանի հանրապետությունը, ես կիսում եմ: Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման այն առաջարկություններին, որ ներկայացնում է քաղաքագետը, ապա ԼՂ Հանրապետության պաշտոնական տեսակետը սա է՝ ԼՂՀ միջազգային ճանաչումը կարող է լինել մեր ժողովրդի համար ընդունելի սահմաններում, եւ կառավարման ու անվտանգության առաջին հերթին՝ ազգային համակարգերի գերակայությունը»:
Նա գտնում է, որ ժողովուրդն իր կարծիքն արտահայտել է մեկ անգամ՝ դա 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն է, որին, ի դեպ, կարող էին մասնակցել նաեւ ԼՂՀ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիները, եւ երկրորդ անգամ ժողովրդի կարծիքը հարցնելու անհրաժեշտություն չկա: «Գտնում եմ, որ առաջիկայում անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնական օրենքը՝ սահմանադրությունը, կընդունվի դարձյալ համաժողովրդական քվեարկությամբ եւ այն ժամանակ պարզ կլինի մեր ժողովրդի այսօրվա կարծիքը` 18 տարի հետո: Այսինքն՝ ժողովուրդը կարգավորման մասին իր կարծիքը կարտահայտի քվեարկելով կամ չքվեարկելով անկախ ԼՂՀ-ի սահմանադրությանը»,- նշեց պարոն Աթանեսյանը: Իսկ տարածքների մասին նա ասաց. «Այս պահին մենք չենք կարող որեւէ կանխորոշող տեսակետ արտահայտել այդ տարածքների նկատմամբ, քանի որ գոյություն ունի Ադրբեջանից բռնությամբ տեղահանված ավելի քան կես միլիոն հայ փախստականների խնդիր, ինչպես նաեւ` Ադրբեջանը չի քննարկում ուղղակիորեն ԼՂՀ իշխանությունների հետ նման հարցեր: Ակնհայտ է մի իրողություն՝ այդ տարածքները գտնվում են ԼՂՀ իրավազորության ներքո, եւ ԼՂՀ ժողովրդի իշխանություններին տրվելիք մանդատի շրջանակներում վերջիններս ԼՂՀ անկախությունը ճանաչելուց հետո կարող են այդ հարցը քննարկել Ադրբեջանի հետ»:
«ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականը տվյալ դեպքում հանդես է եկել որպես քաղաքագիտության դոկտոր եւ փորձագետ: Եվ ես դա համարում եմ իր անձնական մոտեցումը, իսկ ԼՂՀ պաշտոնական տեսակետն արտահայտում են ԼՂՀ պաշտոնատար անձինք»,- եզրափակեց Վահրամ Աթանեսյանը: