Կիրակի օրը ՀՀԿ-ն անցկացրել է խորհրդի նիստ, որի ժամանակ ընտրել է կուսակցության 5 փոխնախագահներ: Վերընտրվել են նախկին երեք փոխնախագահներից երկուսը` Ռազմիկ Զոհրաբյանն ու Գալուստ Սահակյանը: Մուշեղ Լալայանն այս անգամ չի առաջադրվել: Մինչդեռ ավելացել են 3 նոր փոխնախագահներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ խորհրդի անդամների փոխանցմամբ` այս առաջադրումները բավականին անակնկալ են եղել բոլորի համար: Որոշ տեղեկությունների համաձայն` այս պաշտոնյաները նույնիսկ չեն իմացել, որ այդ օրը նախագահ Սերժ Սարգսյանն իրենց կառաջադրի որպես փոխնախագահ: Իսկ ընդհանրապես, մեր տեղեկություններով, ՀՀԿ-ում զարմացած են մեկ այլ փոփոխության պատճառով` Ս.Սարգսյանը Հ.Աբրահամյանին բավականին մեծ «կշիռ» էր տվել` համագումարի ժամանակ նրա մի կողքին նստած էր Տ.Սարգսյանը, մյուս կողմում` Հ.Աբրահամյանը, ինչը ՀՀԿ-ականներն ընկալել էին որպես ԱԺ նախկին նախագահի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության նշան: Բացի այդ, Ս.Սարգսյանին ելույթի հրավիրեց Հ.Աբրահամյանը: Եվ այս հանգամանքը աննկատ չմնաց ոչ մեկի համար` այն դեպքում, երբ ընդամենը 5-6 ամիս առաջ, ըստ նույն ՀՀԿ-ականների, նույն Ս.Սարգսյանի ճնշմամբ նա ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել: Այսքանից հետո անսպասելի էր, որ Հ.Աբրահամյանին կառաջադրի ՀՀԿ-ի փոխնախագահի պաշտոնում այն դեպքում, երբ 2009թ. վերջինս Տիգրան Թորոսյանին հեռացնելով` ցանկանում էր ստանալ նաեւ նրա թողած ՀՀԿ փոխնախագահի տեղը: Այն ժամանակ մամուլի հրապարակումների համաձայն` Ս.Սարգսյանը չէր ընդառաջել: Այս փոփոխությունների պատճառով կարծիքներ են շրջանառվում, թե Հ.Աբրահամյանին հաջողվել է նորից ձեռք բերել Ս.Սարգսյանի վստահությունը: Կա նաեւ հակառակ տեսակետը, թե Ս.Սարգսյանը նման հնարավորություններ տալով` ցանկանում է հնարավորինս արդյունավետ օգտագործել Հ.Աբրահամյանի «ընտրական փորձը»` թե ֆինանսական, եւ թե այլ ռեսուրսների առումով: