Երեկ, ըստ էության, պաշտոնապես մեկնարկեց ընտրական մրցապայքարը. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սկսվել է մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում համամասնական ու մեծամասնական ընտրակարգով թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը, որը կավարտվի մարտի 22-ին: Երեկվա դրությամբ իրենց փաստաթղթերը ներկայացրել էին հատուկենտ թվով մեծամասնական թեկնածուներ: Որեւէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք դեռեւս ԿԸՀ փաստաթղթեր չեն ներկայացրել: Հաշվի առնելով քաղաքական դաշտում, բոլոր իշխանական եւ ընդդիմադիր կուսակցություններում ընթացող ներքին գործընթացները, գրեթե բոլոր քաղաքական ուժերը իրենց համամասնական ցուցակներն ու մեծամասնական թեկնածուների անունները կհրապարակեն, լավագույն դեպքում, հաջորդ շաբաթվա սկզբին կամ հենց մարտի 22-ի նախօրեին: Այսինքն` երեկվանից սկսած, հասարակության գոնե քաղաքականապես ակտիվ հատվածն ապրելու է սպասման, ինտրիգային մթնոլորտում: Գնահատականները, որ այս ընտրությունները «բեկումնային» են լինելու Հայաստանի համար, կհաստատվեն կամ կհերքվեն մարտի 22-ին հայտնի դարձած ընտրացուցակներով, քանի որ նաեւ դրանց բովանդակությունից է կախված լինելու եւ ընտրությունների ընթացքը, եւ նոր խորհրդարանի որակը: Կամ` հակառակը: