ՀԱԿ-ից դժգոհները կլռե՞ն

13/03/2012

ՀԱԿ ներկայացուցիչ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ի ընտրացուցակն արդեն պատրաստ է, սակայն ինքը տեղյակ չէ, թե ովքեր են ընդգրկված այնտեղ: «Լեւոն Տեր-Պետրոսյանը որտեղ կտեսնի մեզ, մենք կընդունենք այդ որոշումը»,- երեկ հայտարարել է Լ. Սարգսյանը: Հարցին, թե` արդյո՞ք ավտորիտարիզմի մասին չի խոսում այն փաստը, որ ՀԱԿ-ի ցուցակը միանձնյա կազմում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Լ. Սարգսյանը պատասխանել է. «Մեր կուսակցության փաստը ձեզ համար տեսանելի պիտի դարձնի, որ ժողովրդավարության խնդիր ՀԱԿ-ում չկա: Մեր կուսակցական գաղափարների տարածման, ուղղվածության առումով բոլորս ազատ ենք: Ինչ վերաբերում է միանձնյա ցուցակ կազմելուն, քաղխորհուրդը որոշում էր մեկ ամիս շարունակ ցուցակ կազմել, բայց չկարողացանք: Կոնսենսուսի խնդիր կա: Սա ՀՀԿ կամ ԲՀԿ դեպքը չէ, որ Գագիկ Ծառուկյանը կազմի»: Հարցին էլ` կա՞ն երաշխիքներ, թե Լ.Տեր-Պետրոսյանի կազմած ցուցակը կգոհացնի բոլորին, ՍԴՀԿ ատենապետը պատասխանել է. «Նման երաշխիք չի կարող լինել: Միշտ էլ լինում են դժգոհողներ, բայց դա ոչինչ չի փոխում, մենք որոշել ենք դիմել Տեր-Պետրոսյանին, որ մեզ օգնի»: Նաեւ հավելել է. «Հնարավոր է` ես ինքս էլ դժգոհ լինեմ, բայց ես կլռեմ, որովհետեւ մենք ունենք շատ ավելի մեծ նպատակ»: