ՀՀԿ 13-րդ համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած առաջին միտքը, թե «ՀՀԿ համագումարը վաղուց արդեն դարձել է մեր երկրի կարեւորագույն հասարակական-քաղաքական իրադարձություններից մեկը», դժբախտաբար, համապատասխանում է իրականությանը:
ՀՀ ներքաղաքական կյանքն այնպես աղճատված եւ բեւեռացված է, որ իշխող ՀՀԿ-ի համագումարը, անգամ գործադիր մարմնի նիստը բավականին կարեւոր իրադարձություն է դառնում երկրի կյանքում, որովհետեւ դրանց արդյունքում կայացվում են որոշումներ, ընտրվում են անձինք, որոնք հետագայում որոշող, ավելի շուտ թելադրող են լինելու Հայաստանի կառավարման համակարգում: Եվ եթե ՀՀԿ-ական վերնախավն իր այդ միջոցառումներին սպասում է տոնական զգացողություններով եւ ակնկալիքներով, ապա ՀՀ բնակչության մյուս հատվածն ապրում է հերթական հիասթափությունը, թե ընտրություններից առաջ նորից խոստումների ու կեղծիքների մեծ չափաքանակ մատուցվեց: Այս անգամ նման զգացողություն ունենալուն նպաստում է Ս.Սարգսյանի ծավալուն ելույթի յուրաքանչյուր հատված: Եվ ընդհանրապես ՀՀԿ-ի համագումարի հիմնական մասը Ս.Սարգսյանի ելույթն էր: Իսկ այն, որ նա վերընտրվելու էր ՀՀԿ նախագահի պաշտոնում, որ ՀՀԿ գործադիր մարմինը համալրելու էին եւս 6 պաշտոնյաներ, նախապես հայտնի էր:
Ս.Սարգսյանի ելույթը որպես հանրապետության եւ իշխող կուսակցության նախագահի ելույթ, ընդ որում, հաշվետու եւ նախընտրական ելույթ, հեռու էր անթերի լինելուց: Բավական խոցելի էին նրա բերած դատողական, փաստական եւ համեմատական հիմնավորումները: Փոխարենը` բավականին ակնառու էին նրա ներկայացրած պատասխաններն` ուղղված իր քաղաքական ընդդիմախոսներին: Համենայնդեպս, համագումարից հետո հնչող հիմնական գնահատականն այն էր, որ Ս. Սարգսյանը ըստ էության պատասխանեց Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր խաղացողներին` ընդդիմությունից` ՀԱԿ-ին, ու անձամբ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, նաեւ` «Ժառանգությանը»: Պատասխանեց նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրան սատարող ուժ համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Եվ այս անդրադարձների ժամանակ Ս.Սարգսյանը փոխում էր իր տոնայնությունը` մերթ հեգնում էր, մերթ հանդիմանում: Երբեմն ունենում էր նաեւ հպարտության զգացողություն, երբ թվարկում էր իր ներկայացմամբ այն ձեռքբերումները, որոնք ՀՀ-ն, ըստ նույն ելույթի, ՀՀԿ-ի շնորհիվ ձեռք է բերել անցած 5 տարիների ընթացքում:
Եվ այսպես` «Մենք բացել ենք քաղաքական համակարգը եւ մերժել ենք անհատապաշտ առաջնորդների ու մեծ փողի պարտադրանքն ու մենաշնորհը»,- հայտարարեց նախագահը, ում դեմ դիմաց այդ պահին նստած էր ԲՀԿ առաջնորդ Գ.Ծառուկյանը:
«2007թ. ՀՀԿ-ն հաղթեց խորհրդարանական ընտրություններում` ստանալով օրենքի ուժով պետական բյուջե, որը կենսաթոշակային հիմնադրամի միջոցների հետ միասին կազմում էր 658 միլիարդ դրամ: Այսօր կուսակցությունն ավարտում է կառավարման իր այս ժամանակահատվածը` թողնելով ընդունված պետական բյուջե 1 տրիլիոն 44 միլիարդ մեծությամբ»,- հիշեցրեց նա ելույթի տնտեսական հատվածում:
Այս համեմատությունը բոլորովին էլ պատահական չէ, եւ այն կապված չէ միայն նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածի հետ: Հիշեցնենք, որ 2007թ. այն տարին էր, երբ ՀՀ վիճակագրական ծառայությունը գրանցեց տնտեսական ամենաբարձր երկնիշ աճ` 13,7 տոկոս: Դրան նախորդ մի քանի տարիներին` 2002 թվականից սկսած, նույնպես Վիճվարչությունը երկնիշ տնտեսական աճ էր ներկայացնում, ինչով այն ժամանակ շատ հպարտանում էր Ռ.Քոչարյանը եւ հետագայում քննադատում էր 2009թ. արդեն երկնիշ տնտեսական անկում գրանցած իշխանություններին: Փոխարենը` երկնիշ տնտեսական անկումը գրանցած կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը կրկնեց ՀԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե անցած տարիների երկնիշ աճը փուչիկ էր: Այս եւ տնտեսական բազում այլ ցուցանիշներ ու համեմատություններ ներկայացնելով` Ս.Սարգսյանը միաժամանակ ըստ էության պատասխանում էր թե Ռ.Քոչարյանի, եւ թե ՀԱԿ-ի ու Հ.Բագրատյանի քննադատություններին: Ավելին, նա տնտեսական այս համեմատությունը ներկայացնելով` միաժամանակ պաշտպանում ու արդարացնում էր Կառավարության ու վարչապետի տնտեսական գործունեությունը, ինչ-որ տեղ կարծես թե ամրապնդում նրա դիրքերը:
«2011 թվականի արդյունքներով հարկային մուտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցրեցինք ՀՆԱ-ի 20.1 տոկոսի մակարդակին` 5 տարիների ընթացքում բարելավելով 3 տոկոսային կետով: Սա իսկապես լուրջ թիվ է»,- հայտարարեց նախագահը:
Սա բոլորովին էլ միանշանակ թիվ չէ, հատկապես, որ այս հայտարարության ու համեմատության մեջ որոշակի անճշտություն կա: Նախ` մինչ այս տարի ՀՆԱ/հարկեր հաշվարկից դուրս էին թողնվում պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Եվ լավագույն դեպքում այդ ցուցանիշը Հայաստանում կազմել է մոտ 17 տոկոս: Անցած տարի այն մի փոքր նվազել էր: Իսկ Ս.Սարգսյանի ներկայացրած 20.1 տոկոսի մեջ արդեն ներառված են սոցապ վճարները: Ավելացնենք, որ տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները որոշել են, որ յուրաքանչյուր տարի ՀՆԱ-ի մեջ հարկերի տեսակարար կշիռը պետք է բարձրացվի ընդամենը 0,4 տոկոսով: Եվ նման դանդաղ քայլերով իշխանություններին հաջողվեց 2005թ. 13,6 տոկոսը 2009-ին դարձնել մոտ 17 տոկոս` առանց սոցապվճարների: Նշենք, որ ՀՆԱ-ի մեջ որքան փոքր է լինում հարկերի ցուցանիշը, նշանակում է` այդքան մեծ է ստվերը: Երկրի ՀՆԱ-ն տարիներ շարունակ կարող է աճել, բայց դրա համեմատ հարկերը կարող են մնալ նույնը կամ պակասել, ինչպես տեղի է ունենում Հայաստանում: Այսինքն` որքան էլ ՀՀ իշխանությունները բարձրաձայնում են ստվերային տնտեսության կամ կոռուպցիայի ու հովանավորչության կրճատման կամ դրանց դեմ պայքարի մասին, նույնիսկ վիճակագրական տվյալներով դա չի ստացվում: Տարիներ շարունակ ՀՀ իշխանությունները քննադատության են ենթարկվել` այդ ցուցանիշը 20 տոկոսից ցածր պահելու համար, այն դեպքում, երբ հարեւան Վրաստանում այն մոտ 25 տոկոս է, իսկ զարգացած երկրներում հասնում է նույնիսկ 40-ի: Եվ հիմա կառավարությունում որոշել են այդ թիվը մեղմել ոչ թե հարկերը ավելացնելով, այլ թվաբանական գործողություններով` սոցապվճարները հարկային մյուս եկամուտներին ավելացնելու շնորհիվ:
Ս.Սարգսյանը տնտեսական տարբեր ոլորտներում թվային բազմաթիվ համեմատություններ ներկայացրեց, որոնք առանձին դեպքերում կարելի է վիճարկել: Նա նույնիսկ ՀՀ տնտեսական տարբեր ոլորտների, այսպես ասած, առավելությունը համեմատեց հարեւան Վրաստանի, Ադրբեջանի, անգամ Թուրքիայի նույն ոլորտների հետ: Եվ նախագահի այս ելույթից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի տնտեսությունն իր բանակի նման տարածաշրջանում ամենամարտունակն է: Հարց է առաջանում, թե արդյո՞ք Ս.Սարգսյանի համար պարզ չեն եղել իր ելույթի տնտեսական հատվածի խիստ խոցելի համեմատությունները: Մինչդեռ նման թերի ու խոցելի ցուցանիշներ ներկայացնելով` նա դրանց հավատալու պահանջ է ներկայացնում:
«Ո՞վ է մեզ իրավունք տվել փնովել մեր երկիրը, ինքնախարազանվել: Մեր պապերն ու տատե՞րը, որ վերապրելու սխրանք գործեցին, երբ ամբողջ աշխարհը համոզված էր, թե հայերի երգը երգված է: Թե՞ սահմանամերձ գյուղի երեխաները, որ դպրոց են գնում եւ լավ են սովորում: Ո՞վ իրավունք ունի նայել այդ երեխաների աչքերի մեջ եւ ասել, թե «էս երկիրը երկիր չի,- սպառնալից տոնով հարցնում է ՀՀ նախագահն ու շարունակում է,- Մեզանում այսօր բազմաթիվ մարդիկ կան, ովքեր եղել են արտերկրում եւ ակամա համեմատել այն Հայաստանի հետ, բարի նախանձով լցվել այն ամեն լավի ու գեղեցիկի նկատմամբ, որ տեսել են դրսում: Նաեւ ցավ են ապրել, որ նույնը չկա Հայաստանում: Իսկ ի՞նչն է մեզ խանգարում փոխել: Մենք ումի՞ց ենք պակաս: Փոխե՛նք, որ հավատանք մեր կարողություններին ու մեր հնարավորություններին: Փոխե՛նք, որ պետական ծառայություն մատուցողն ու քաղաքացին ինքնահարգանք ունենան»:
Եթե այս խոսքերն ասեր որեւէ շարքային քաղաքացի, հասկանալի կդառնար նրա ընդվզումը հայրենի իշխանությունների նկատմամբ, բայց երբ դա ասում է 4 տարի երկիր ղեկավարած, ողջ կյանքում պետական կառավարման համակարգում եղած նախագահը, մեղմ ասած, հավատ չի ներշնչում: Այդ նույն հարցը կարելի է նաեւ հակադարձել` «ումի՞ց ենք մենք պակաս կամ ի՞նչն է մեզ խանգարում»: Հավա՞տը: Չէ՞ որ իշխանությունների ու նույն նախագահի դրական փոփոխության, բարեփոխումների մասին ցանկացած հայտարարությունից հետո շարքային հայաստանցին թաքուն հույսով սպասել է, որ էս երկրում մի բան կփոխվի, որ ինքն էլ իրեն մարդ կզգա: Կադրային ամեն մի փոփոխությունից հետո հավատում է, որ այդ ոլորտը կբարելավվի: Յուրաքանչյուր ընտրությունից առաջ երազել է, որ «էս երկիրը երկիր կդառնա»: Բայց փոփոխություն խոստացող ամեն մի հայտարարության ու իրականության ցավալի տարբերությունից, սոցիալական, տնտեսական ու իրավական անարդարությունից հուսահատված` արտագաղթել է, որ հեղափոխություն չանի: Եվ արտագաղթի տեմպը գնալով աճում է: Ի վերջո, հավատը միշտ էլ եղել է ու կա: Ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում` հավատը վերջում է մեռնում: Այդ դեպքում` ինչո՞ւ չի փոխվում: Միգուցե հակառա՞կ կողմից պետք է գալ, եւ «հավատանք, որ փոխենք» նախընտրական կարգախոսը փոխարինել «փոխեք, որ հավատանք» բանաձեւով:
Ինչպե՞ս կարող է շարքային հայաստանցին հավատալ տարիներ շարունակ իր ականջը սղոցող իշխանությունների այն հայտարարություններին, թե քո կյանքը բարեփոխում ենք այն դեպքում, երբ Հայաստանի բազմաթիվ գյուղերում 2012թ. ձմռանը նախորդ բոլոր ձմեռների նման տաքանալու համար գոմաղբ են վառում, ջուրը էշերի օգնությամբ են տուն հասցնում եւ սերմացուն դաշտ են հասցնում նույն էշերի վրա բարձած: Բայց երբ երեկոյան միացնում են հեռուստացույցը, միանգամից ընկնում են այլ Հայաստան: ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը կազմելու նպատակով մարզեր այցելող վարչապետը նման բազում դեպքերի հանդիպած կլինի: Նախընտրական քարոզարշավի ժամանակ կհանդիպի նաեւ նախագահ Ս.Սարգսյանը:
Շարքային հայաստանցին ինչպե՞ս հավատա իր բարեկեցիկ ապագայի մասին խոստումներին, երբ ՀՀԿ-ի համագումարի օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ողջ շրջակայքում տեսնի ՀՀ-ի ողջ վերնախավի շքեղ ու թանկարժեք մեքենաները, որոնց գերակշիռ մասն ունեն պետական համարանիշներ: Այսինքն` պաշտոնյաների ծառայողական մեքենաներ են, որոնք գնվել են պետական միջոցներով: Եվ այդ աչք ծակող շքեղությունն ակամա հիշեցնում է 2007թ. ՀՀԿ-ի այն չկատարած խոստումը, թե 2012-ին առանց այն էլ խղճուկ կենսաթոշակները, նպաստներն ու աշխատավարձերը կբարձրացնեն 2 անգամ: Հավանաբար, սոցիալական այդ հակասությունը շատ ցցուն չդարձնելու եւ հանրությանը քննարկման նյութ չտալու համար ՀՀԿ-ն այս անգամ համալիրում իր պատվիրակների համար ճոխ սեղան չէր գցել, փոխարենը` երեկոյան տոնական տրամադրությունը ամրապնդեցին ռեստորաններում:
Այնուամենայնիվ, նախագահի ելույթում կար մի փոքր հատված, որի հետ, թերեւս, կհամաձայնեն բոլորը. «Բայց հավատը նաեւ մշտական սնուցում է պահանջում: Ամեն մի նոր փոփոխությունն ինքնին հավատի ամրապնդման լուրջ ներուժ ունի: Հավատ եւ փոփոխություն. սրանք փոխպայմանավորված եւ միմյանց ամրապնդող երեւույթներ են: Ուրեմն նաեւ փոխե՛նք, որ հավատանք: Սնուցե՛նք մեր հավատը կոնկրետ գործերով: Փոխե՛նք մեր երկրի դեմքն այն աստիճան, որ մի քանի տարի առաջ Հայաստանից գնացած մարդը գա ու չճանաչի, հաճելիորեն զարմանա»: