Խնդիրը պետք է լուծել միասնական ուժերով

13/03/2012

«Ընդդիմադիր ուժերը պետք է ուժ գտնեն մեծամասնական ընտրակարգերում համատեղ պայքարի համար»,- երեկ Քաղաքագետների միությունում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` ավելացնելով, որ այդպիսով ընդդիմադիր ուժերը պետք է հասկանան` իշխանության թեկնածուների դեմ միայնակ մրցակցել չեն կարող, ուստի պետք է աջակցել միացյալ թեկնածուների, անկախ կուսակցական պատկանելությունից: «Իշխանությունը անում է նույն բանը` մեծամասնական մանդատները բաժանելով ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ «Օրինաց երկրի» միջեւ: Բոլոր լծակներն այսօր աշխատում են Հանրապետական կուսակցության համար, եւ շատ կզարմանամ, որ առաջիկա ընտրություններում պարզվի, թե դա այդպես չէ: Ընդդիմությունը պետք է իր մեջ ուժ գտնի միավորել ջանքերը»,- հայտարարել է Խ. Քոքոբելյանը: «Ընտրություններին ընդդիմությունը մեկ խնդիր ունի լուծելու եւ այն պետք է լուծի միասնական ուժերով: Պետք է վստահված անձանց կենտրոնացնել եւ վերահսկողությունն իրականացնել միասնաբար,- ասել է նա` ավելացնելով,- Դժբախտաբար կեղծիքների մասին խոսում են ընտրություններից առաջ եւ դրան անդրադառնում միայն ընտրություններից հետո, իսկ ընթացքում հավուր պատշաճի վերահսկողություն չի կատարվում: Պատճառը վերահսկողության ռեսուրսի պակասն է: Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան յուրաքանչյուր տեղամասում ապահովել 5-10 վստահված անձ, պատկերացրեք, թե դա որքան կարող է փոխել ընտրության ելքը»։

Խ. Քոքոբելյանը շեշտել է, որ «Ազատ դեմոկրատները» պատրաստ են մեծամասնական ընտրատարածքներում աջակցել ոչ միայն իրենց, այլեւ մյուս ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուներին, այդ թվում` ՀՀՇ ներկայացուցիչներին: «Մենք ազատական քաղաքական ուժ ենք եւ բառի բուն իմաստով ազատական քաղաքական գործիչներ, այդ իսկ պատճառով պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ` առավել եւս` Հայոց համազգային շարժման, եւ դա շատ լավ պատկերացնում ենք»,- ասել է նա` ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը` կա՞ արդյոք թշնամանք այդ ուժի նկատմամբ: «Առնվազն ծիծաղելի են նման մոտեցումները, բացարձակ չկա նման բան, ես միշտ նշել եմ, որ հպարտ եմ իմ անցած ուղիով եւ շատ շնորհակալ եմ իմ այն ընկերներին, իրական պայքարի ընկերներին, որոնց հետ աշխատելու հնարավորություն եմ ունեցել: Ուղղակի յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում քաղաքականությունը,- հայտարարել է Խ. Քոքոբելյանը` մեջբերելով հայտնի ասացվածքը,- Մարդու ազատության աստիճանը նրա ընդունակության չափն է»: Նա տեղեկացրել է, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը թեկնածուներ կառաջադրի նաեւ մեծամասնական ընտրատարածքներում, կլինեն ընտրատարածքներ, որոնցում կուսակցությունը կպաշտպանի անկուսակցական թեկնածուների: Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության հետ հնարավոր դաշինքի վերաբերյալ լուրերին, Խ. Քոքոբելյանն ասել է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են եւ բոլորի հարցերի պատասխանները կհնչեն «Ազատ դեմոկրատների»` մարտի 16-ին կայանալիք համագումարում: «Ես լիահույս եմ եւ, որպես կուսակցության ղեկավար, ամեն ինչ կանեմ, որպեսզի միասնական հանդես գալու հնարավորությունը մենք ունենանք»,- ասել է Խ.Քոքոբելյանը` ավելացնելով, որ մինչեւ այժմ Հայաստանի բոլոր գումարման խորհրդարաններում եղած դաշինքները արհեստական են եղել ու կազմվել են ուղղակի խորհրդարան մտնելու համար: «Կարծում եմ, որ եւ «Ազատ դեմոկրատներում», եւ «Ժառանգությունում» հավաքված են մարդիկ, ովքեր նման խնդիր չունեն»,- նշել է նա: Պատասխանելով հնարավոր դաշինքի դեպքում համամասնական ցուցակին վերաբերող հարցին` Խ. Քոքոբելյանն ասել է, որ ցուցակի առաջին տեղում տեսնում է Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ես անձամբ պատրաստ եմ զիջել առաջին տեղը Ր.Հովհաննիսյանին եւ գտնում եմ, որ, այո, Րաֆֆի Հովհաննիսյանը այն քաղաքական գործիչն է, ով պետք է գլխավորի ցուցակը: Ասում եմ դա առանց կեղծ համեստության` ելնելով առկա քաղաքական իրողություններից»,- ասել է Քոքոբելյանը` շեշտելով, որ «Ազատ դեմոկրատների» համագումարում կհայտարարվի «Ժառանգության» հետ համագործակցության սկզբունքների մասին: Հնարավոր այդ համագործակցության նպատակը, ըստ «Ազատ դեմոկրատների» նախագահի, կլինի Հայաստանում նոր քաղաքական մշակույթի ձեւավորումը, որտեղ հասարակական կարծիքին արժանի տեղ կհատկացվի: Քաղաքական նոր մշակույթի ներմուծումը Խ. Քոքոբելյանը կարեւորել է հատկապես այն պատճառով, որ, իր կարծիքով, առաջիկա ԱԺ ընտրություններով մեկնարկելու է նոր ժամանակաշրջանը, որը կշարունակվի նախագահական, ապա` Երեւանի ավագանու ընտրություններով: