Ըստ Գրուզիա Online-ի` Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Թել Ավիվում տեղաբնակների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով ռուս-վրացական հարաբերություններին, ասել է. «Վրաստանի բարգավաճումն ու վերածնունդը զայրացնում է մեր թշնամուն: Մեր թշնամուն մշտապես հայտնի է, թե որ կետին պետք է հասցնել հարվածը: Շահ Աբասը վերաբնակեցրեց կախեթցիներին եւ կտրել տվեց խաղողի այգիները: Ներկայիս Ռուսաստանը կարողացել է հասնել մինչեւ Աբխազիա ու Ցխինվալի շրջան: Երբ Պուտինը դարձավ վարչապետ, նրա առաջին հակավրացական քայլը դարձավ մեր գինու ներկրման վրա բեռնարգելք դնելը: Թեեւ Ռուսաստանը ներխուժել է Վրաստան, այնուամենայնիվ, նրան չհաջողվեց ընկճել Վրաստանը: Վրաստանը կարողացավ դիմանալ ՌԴ-ի սահմանած էներգետիկ ու տնտեսական շրջափակմանը: Օրեր առաջ զավթիչ երկրի նոր-հին տիրակալը (Պուտինը) մեզ համար նշանակեց գլխավոր ճակատամարտի ժամկետն ու վայրը: Խոսքը հոկտեմբերին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին է: Վրաց ժողովուրդն անպայմանորեն կհաղթի այդ պայքարում: Մենք հաղթանակ կտանենք զավթիչի նկատմամբ, որը հանդիպում է նշանակել այս աշնանը: Աշնանը մենք կհանդիպենք Պուտինի հետ»: Հավելենք, որ «Իմեդի» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե հետագայում ինչպե՞ս են զարգանալու ռուս-վրացական հարաբերությունները, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել էր. «Ե՞րբ են Վրաստանում տեղի ունենալու ընտրությունները»: