«Հայաստանում աղանդը բիզնես է»,- ասում է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» հ/կ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը

13/03/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Վերջերս Հայաստանի շոու-բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես օրինակ` երգիչ Անդրեի, աղանդավորական կառույցներին հարելու մասին խոսակցությունները, բավական մեծ աղմուկ են բարձրացել հանրության շրջանում: Նախ` այդ խոսակցություններն ինչո՞ւ հանկարծ սկսեցին նորից ակտիվանալ:

– Նախ ասեմ, որ նրանք աղանդների մեջ ներգրավված են եղել ավելի շուտ: Եվ երկրորդ` եթե ինչ-որ մեկն այդ աղմուկը հանում է, ուրեմն շահագրգռվածություն ունի (Ա. Ամարյանը ցույց տվեց մի տեսանյութ, որն, ըստ նրա` նկարահանվել է Հոլանդիայի խարիզմատիկ եկեղեցում (նույն «Կյանքի խոսքն» է), որտեղ երգում է երգիչ Անդրեն: Երգում հնչում են հետեւյալ տողերը` «Հույսի մի դուռ է նա, կյանքիս աղբյուրն է նա, սրտիս արքան է նա, պայծառ մի լույս է նա»: Ընդ որում` տեսագրության մեջ խարիզմատիկները շուրջպար բռնած էին.- Մ.Մ.):

– Այս տեսանյութը ե՞րբ է նկարահանվել:

– Երկու տարի առաջ:

– Իսկ ինչպե՞ս եք այն ձեռք բերել:

– Անհամեստ հարցեր մի տվեք, միեւնույն է` չեմ ասելու: Ասեմ, որ բացի այս տեսանյութից, ունեմ բազմաթիվ այլ տեսանյութեր, որտեղ երգում են հայ երգիչ-երգչուհիներից շատերը: Անուններ չեմ թվարկի, քանի որ խնդիրն այն է, թե տվյալ անձն ինչքան մարդ է իր ետեւից տանում դեպի այդ աղանդավորական կառույցը: Նրանք PR են անում, եթե միայն հավատքը լիներ, որեւէ մեկը բան չէր ասի նրանց: Ընդ որում` այդ PR-ն արվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի միջոցով, այդ PR-ն անում է երգիչ Մհերը, ով վերջերս մի հաղորդման ժամանակ նշել էր, թե այդ եկեղեցին իրենց օգնում է: Չեմ կարող ասել, թե այդ հաղորդումն ի՞նչ նպատակով էին նկարահանել, բայց կարող եմ ասել, որ դա աղանդավորական կառույցների PR էր:

– Իսկ ինչո՞վ են օգնում աղանդավորական կառույցները շոու-բիզնեսի ներկայացուցիչներին:

– Աղանդավորական կառույցները ոչ թե օգնում, այլ ներդրում են անում, եւ դժվար թե ներդրում անեն օգուտ չստանալու դեպքում: Իսկ դրա փոխարեն` նրանք (խոսքը շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին է.- Մ.Մ.) պետք է հետեւորդներ տանեն իրենց ետեւից, քանակ ավելացնեն: Այսինքն` առաջ է գալիս հատուցման պահը, ինչն ավելի շատ հոգեբանական գործոն է: Ու նորից եմ կրկնում` պետք է պայքարել ոչ թե անձերի, այլ հոգեորսության դեմ:

– Եվ ինչպե՞ս պայքարել:

– Արդեն 5 տարի է` նշում եմ մասնագետներ պատրաստելու, օրենքները փոփոխելու մասին, որոնց դեպքում կարող ենք խոսել պայքարի ուղիների մասին:

– Եվ ինչո՞ւ չի իրականացվում: Իշխանություններին ձեռնտու չէ՞:

– Չգիտեմ:

– Դուք, ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս խուսանավում եք հարցերից: Ինչո՞ւ:

– Ո՛չ, չեմ խուսանավում, ուղղակի արդեն հոգնել եմ նույնատիպ խոսակցություններից: Ու հավատա` ոչ մի շանս չկա, շատ դեպքերում էլ պրոցեսներն այնպես են փոխում, որ հասարակության շրջանում անտարբերություն է ձեւավորվում: 2004թ. հանդես եկա կոնկրետ անուններով, ու սկսվեց վհուկների որսը: Ամեն մի անձի հետ իր ընտանիքի անդամները կան, ու ավելի շատ հալածանք սկսվեց ոչ թե այդ անձի, այլ ընտանիքի անդամների նկատմամբ: Հրապարակել էի իրավապահ մարմինների անունները:

– Նորից կնշե՞ք, թե ովքեր էին:

– Մի անգամ այդ անունները տվել եմ, օրինակ, Սոնա Ֆահրադյանի խումբը: Նրանք Ներքին գործերի նախարարության պաշտոնատար անձինք էին: Բայց դրանից ի՞նչ օգուտ եղավ` աղանդը նույն ձեւով շարունակում է գործել, մարդու իրավունքները շարունակում են ոտնահարվել: Իրավիճակը նմանվում է Դոն Կիխոտի` հողմաղացների դեմ կռվին:

– Ի դեպ, նախքան մեր զրույցը` խոսեցիք նաեւ լրագրողների մասին, ովքեր ընդգրկվել են աղանդավորական կառույցներում: Անուններ կնշե՞ք, եւ արդյո՞ք մեծ է նրանց թիվը:

– Լրագրողները գալիս են հարցազրույցների, հետո խմբագիրն ասում է` նման նյութ պետք չի: Այսինքն` դա նաեւ նշանակում է, որ չեն ուզում դրամաշնորհներից զրկվել: Ընդ որում` ինքներդ էլ կարող եք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեսնել այդ լրագրողներին: Իմ հաշվարկով` այսօրվա դրությամբ այդ կառույցներում 24 լրագրող կա ընդգրկված: Ընտրություններից հետո մենք, հավանաբար, կանցնենք կտրուկ քայլերի: Իմ ունեցած բոլոր տեսանյութերը հանելու եմ ասպարեզ:

– Ներկայում ինչքա՞ն է աղանդավորների թիվը Հայաստանում:

– Ոչ հայ առաքելական եկեղեցու հետեւորդների թիվը կազմում է 300-350.000: Սա տարիներ առաջ ներկայացրած ցուցանիշ է: Որեւէ մեկը վիճակագրություն չի տանում մեզ մոտ: Դեռեւս այդ ժամանակ, երբ ես բացատրեցի, թե որոնք էին այդ աղբյուրները, փակեցին դրանք, եւ մինչ օրս մենք շարունակում ենք մնալ այդ նույն ցուցանիշի վրա: Եթե ենթադրություններով շարժվենք, ապա կարող ենք ասել, որ այսօր 350.000 հետեւորդ կա: Չնայած դրան, կա նաեւ հակառակ պրոցեսը` աղանդավորական կառույցներից դուրս գալու: Հիմնականում դա ուղեկցվում է ուժային պրոցեսներով, շանտաժներով, կոմպրոմատներով: Ընդ որում` դուրս է գալիս միայն այն անձը, որին հետաքրքրում է միայն սոցիալական գործոնը, եւ հենց սնուցումը վերանում է, նա դուրս է գալիս, իսկ հոգեւոր դաշտով կապված լինելու դեպքում` պարզապես չեն թույլատրում դուրս գալ: Այսօրվա դրությամբ Հայաստանում աղանդը բիզնես է, եւ բացառվում է աղանդի հոգեւոր դաշտի ստեղծումը, ուղղակի դրա մեջ գտնվող դերակատարներն են խաղալիք: Դա բիզնես է իրենց ղեկավարների համար:

– Իսկ քանի՞ գրանցված աղանդավորական կառույց ունենք:

– Ընդհանուր թվով` մենք ունենք 67 գրանցված կրոնական կառույց, որից 55-ը աղանդավորական կառույցներն են:

– Եվ ո՞ր աղանդավորական կառույցն է առավել ակտիվ այսօր:

– Բոլորը, քանի որ ընտրություններ են: Իսկ ընտրություններից հետո կտեսնենք, թե ով է ակտիվ, եւ ով` ոչ:

– Այսինքն` աղանդավորներին եւ՞ս օգտագործելու են:

– Միանշանակ, աղանդավորներն են ցանկանում, որ օգտագործվեն, քանի որ դա բիզնես է: Իսկ դա կլինի այսպես` աղանդավորական կառույցի ղեկավարը կասի` բոլորդ ձեր ձայնը տալիս եք այս մարդուն: Բոլորն իրենց ձայնը կտան, իսկ քահանան իր գումարը կստանա` իհարկե, հավատացյալներին չբաժանելով: Ընդամենը դա է:

– Պարոն Ամարյան, մեր նախորդ զրույցի ժամանակ նշել էիք, որ նախընտրական շրջանում կհրապարակեք այն քաղաքական գործիչների անունները, ովքեր ներգրավված են աղանդավորական կառույցներում: Կհրապարակե՞ք այդ անունները:

– Հիմա անուններ հրապարակելը նշանակում է ինչ-որ մեկի ջրաղացին ջուր լցնել: Մենք գիտենք մի քանի դեպքեր, որոնք հրապարակելով, մյուսները կարող են օգտագործել այդ մեխանիզմն ուրիշի դեմ: Ամեն դեպքում ղեկավարությունն ու իրավապահ մարմինները տեղյակ են լինելու այդ մասին: Իսկ ԶԼՄ-ների համար այդ անունների հրապարակումը կանենք ընտրություններից մեկ օր առաջ, որպեսզի չհասցնեն ինչ-որ գործողություն կատարել կամ օգտագործել: Ցուցակ ունենք, որը կներկայացնենք:

– Մե՞ծ է ցուցակը:

– Այո: Ուրախ եմ, որ ամեն ձեւով ուզում ես շեշտել, բայց իմ կյանքի փորձը տալիս է այն հնարավորությունը, որ ամեն ձեւով պատասխանից խուսափեմ:

– Դա վաղուց նկատելի է Ձեր պարագայում: Վախենո՞ւմ եք ճնշումներից:

– Աստծո սիրույն, ես այդ ճնշումներից չեմ վախենում: Այո՛, ճնշումներ կան, բայց իրենք վաղուց հասկացել են, որ այդ ճնշումները, այսպես ասած` «խալաստոյ» են: Իսկ ինձ վերացնելով չէ, որ խնդիրը կլուծվի, կամ տեղեկատվությունը կանհետանա:

– Ձեր կերպարն անհասկանալի է: Խաղաքարտերը չե՞ք բացի:

– Միգուցե դա էլ ինձ պահում է պայքարի մեջ 9 տարի: Եթե ես իմանամ, որ մեզ մոտ առողջ հասարակություն է, եւ տեղեկատվությունն ընկալում է այնպես, ինչպես կա, այլ ոչ թե սենսացիաների հետեւից վազելով, միգուցե խաղաքարտերն ավելի շատ բացեմ: Լրագրող կա, որ ինքնասպան եղած երեխայի պանիխիդայի օրը գնում է հարցազրույց վերցնելու: Սրբությունը լրիվ կորում է այդտեղ: Մինչ օրս Հայաստանում ոչ ոք չի ուսումնասիրում, թե ինքնասպանությունները կրոնական հողի վրա շատացե՞լ են, թե՞ ոչ: Մասնագետներ չունենք, ովքեր պետք է գնահատականներ տան: Նույն էմոների մասին գրեցին-հրապարակեցին, ինչից հիմնախնդիրը չվերացավ: Ավելին` էմոները թաքնվեցին: Այսօր արդեն ինքնասպանությունների տարեկան թիվը դարձել է 500, մինչդեռ 2002թ. վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` կար 40 դեպք: Այսինքն` 10 տարվա ընթացքում թվերը կտրուկ բարձրացել են:

– Պարոն Ամարյան, դեռեւս 3 տարի առաջ մամուլը բազմիցս գրեց այն մասին, որ Հայաստանում շինանյութի, հյուրանոցների, ադամանդի եւ ոսկու, մսամթերքի եւ մի քանի այլ բիզնեսի տեսակներ գտնվում են աղանդավորական կառույցների ձեռքում: Ընդ որում` այն ժամանակ Դուք նշել էիք, որ Հայաստանում աղանդներից տարեկան 1 մլրդ դոլարի շրջանառություն է գնում: Ի՞նչ է փոխվել այդ ժամանակից:

– Ոչ մի բան չի փոխվել: Կան բաներ, որ չենք կարող անել, այսինքն` փակելով այդ բիզնեսները` մարդիկ գործազրկության կմատնվեն: Իսկ պետությունը կարո՞ղ է լուծել այդ խնդիրները: Փակուղային իրավիճակ է, ինչը շտկել հնարավոր է օրենքների եւ մասնագետների միջոցով: Այսօր ԱՄՆ-ից նոր աղանդ է ներթափանցում Հայաստան` մորմոններից դուրս եկած աղանդ, որը բոլոր խմբագրություններին առաջարկում է գրականություն, ընդ որում` նշյալ աղանդը քարոզում է բազմակնություն:

– Ի՞նչ անել:

– Մենք անընդհատ կրկնում ենք դերասանուհի Անժելա Սարգսյանի դեպքը, իսկ վերջինիս մեղքն այն է, որ, լինելով դերասանուհի, նույն խաղի կանոններն օգտագործելով` սկսում է եկեղեցուն աջակցություն անել: Իր տեսանյութում ասել էր, որ մտավ «Կյանքի խոսք» եկեղեցի, ապաշխարեց ու սկսեց լավ ապրել, լավ դերեր ստանալ եւ այլն: Մինչդեռ խնդիրն այն է, որ աղանդավորական կառույցի ղեկավարներն են օգտագործել նրան, ինչը դատապարտելի է: Անժելան ուղղակի խաղալիք էր այս խաղում, ում միջոցով խաղը սարքեցին:

– Նման սցենարներ կարո՞ղ են կրկնվել:

– Միանշանակ, այո՛: Կոմպրոմատի խաղի կանոններ կան: Ընտրությունների ժամանակ այս թեման ակտիվանում է, քանի որ քաղաքական ուժերն ուզում են օգտագործել այն ընտրությունների համար: Կարծում եմ` հոգեւոր անվտանգությունն այն բարիքն է, որ պետք է պահպանվի, բայց հոգեւորն իջեցնել խաղալիքի մակարդակի` դա չեմ ընդունում: Իսկ ընտրություններից հետո խոստանում եմ` ձեռքիս տակ եղած նյութերը տրամադրել: