Խոշոր ներդրումներ` Լենինգրադում

13/03/2012

ՀՀ նախկին վարչապետ, «Knightsbridge» ընկերությունների խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը եւ ՌԴ Լենինգրադի մարզի նահանգապետ Վալերի Սերդյուկովը երեկ համագործակցության հուշագիր են ստորագրել Նովոլադոժյան ջրագծի վերաբերյալ, որի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլրդ ռուբլի: Ըստ «Մեդիամաքսի», այս մասին տեղեկացնում է «Դելովոյ Էքսպրես» թերթը` նշելով, թե այդ նախագծի համար մարզը 4 տարի շարունակ ներդրող էր փնտրում: Ըստ թերթի` «Knightsbridge»-ն աշխատում է համաշխարհային առաջատար ներդրումային եւ ապահովագրական ընկերությունների հետ, որոնց թվում են «Goldman Sachs»-ը, «Merrill Lynch»-ը, «Credit Suisse»-ը եւ HSBC-ն, նրա ներկայացուցչությունները տեղակայված են Վիեննայում, Լոնդոնում, Փարիզում, Մոսկվայում, Բուդապեշտում, Վարշավայում, Կիեւում եւ Ալմաթիում: «Արմեն Սարգսյանը համաշխարհային մասշտաբի լուրջ ձեռնարկատեր է: Նա ինտելեկտուալ է, ում հարգում է աշխարհի բիզնես-էլիտան: Արմեն Սարգսյանը Լոնդոնում հայկական Սփյուռքի լրջագույն ներկայացուցիչներից է եւ աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկը»,- թերթին ասել է Պետերբուրգում հայկական համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը: Թերթի տվյալներով, Նովոլադոժյան ջրագծի նախագծի մասնավոր ներդրումների ծավալը 30 մլրդ ռուբլի կկազմի, մնացած միջոցները կհատկացվեն մարզային եւ դաշնային բյուջեներից: