«Մաքսիմ Հակոբյանին՝ հետ քաշեք ձեր անմաքուր ձեռքերը Քաջարան գյուղից»

13/03/2012

Սյունիքի մարզպետ, Քաջարան գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Աթայանը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, թե Քաջարան գյուղի շուրջ իրադարձություններն այնքան սրընթաց են զարգացել, որ ինքը ստիպված է եւս մեկ անգամ հանդես գալ հայտարարությամբ` ակնկալելով Հայաստանի բնակչության աջակցությունը` սահմանային գյուղի լինել-չլինելու համար մղվող պայքարում:

Իր հայտարարության մեջ Ռ. Աթայանը տեղեկացնում է, որ վերջին օրերին ավելի ինտենսիվ են դարձել Քաջարան գյուղի բնակիչների հանդեպ կիրառվող սպառնալիքները: «Վերջին օրերին ավելի ինտենսիվ են դարձել Քաջարան գյուղի բնակիչների հանդեպ կիրառվող սպառնալիքները: Մասնավորապես` ծագումով Քաջարանի գյուղացի Ալիկ Դավթյանը, ով Մաքսիմ Հակոբյանի տեղակալն է, ում մեր գյուղում Մելիք Ֆրանգյուլ են անվանում, հայրենի գյուղին դավաճանելու համար կանչում է կոմբինատում աշխատող համագյուղացիներին եւ սպառնում` հրաժարվեք պայքարից, մի խառնվեք այդ ամենին, թե չէ աշխատանքից կհեռացվեք: Նույն սպառնալիքներով է զբաղվում հանքի ղեկավարությունը` հանքի պետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, ով տնօրենի եղբայրն է: Հակաքաջարանյան իր ծրագրերում ավելի ագրեսիվ ու անհավասարակշիռ է դարձել Մաքսիմ Հակոբյանը, ով հայտարարում է, թե չի ճանաչում Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին: Հավանաբար, ճիշտ է ասում կոմբինատի տնօրենը. նրա հիշողության հետ վերջին շրջանում ինչ-որ արտառոց բաներ են կատարվում: Բայց ուզում եմ նրան օգնել, որպեսզի հիշի-վերհիշի Քաջարանի գյուղապետին: Ռաֆիկ Աթայանն այն գյուղապետն է, ում հետ մեկ տարի առաջ հանգուցյալ Յուզիկ Համբարձումյանի միջոցով բանակցում էր` գյուղի վիճարկվող տարածքն իր անունով սեփականաշնորհելու, որից հետո` այդ տարածքը վարձակալությամբ կոմբինատին տալու շուրջ: Ռաֆիկ Աթայանն այն գյուղապետն է, ումից վերջին տարիներին անընդհատ խնդրում էր 300-500 հա արոտավայր` 25 տարի վարձակալությամբ` ոչխարի իր հոտերը պահելու համար: Ռաֆիկ Աթայանն այն գյուղապետն է, որ մերժեց բոլոր այդ առաջարկները եւ զսպեց նրա ախորժակը: Ռաֆիկ Աթայանը չթողեց, որ նա մեր դարավոր գյուղը պղծի, թեեւ ձեռքին կար կառավարության որոշումը: Հիմա հիշեցի՞ք Ռաֆիկ Աթայանին, եթե ոչ, ապա նոր փաստեր կբերեմ, որոնք կարթնացնեն ձեր խամրած հիշողությունը:

Այսօր ուզում եմ հրապարակավ զգուշացում անել Մաքսիմ Հակոբյանին` հետ քաշեք ձեր անմաքուր ձեռքերը Քաջարան գյուղից: Եթե ձեզ, այնուամենայնիվ, հաջողվի ավերել մեր գյուղը, ապա դուք կամ ձեր սերունդները երբեւէ կարժանանաք քաջարանցիների վրեժխնդրությանը, ինչը, անկախ մեր կամքից, անխուսափելի կդառնա: Քաջարանը դարեր ի վեր հետ է մղել թուրք նվաճողներին: Քաջարանը պատրաստ է հետ մղել նաեւ մերօրյա նվաճողներին, ովքեր օտարից ավելի դաժան են: Հեռու մնացեք մեր գյուղից եւ փող աշխատելու այլ ձեւ գտեք:

Տեղյակ եմ պահում Քաջարանի խնդրով բոլոր հետաքրքրվածներին, որ ՀՀ նախագահը դեռեւս չի պատասխանել մեր` ս.թ. մարտի 5-ի նամակին: Տեղյակ եմ պահում նաեւ, որ Տիգրան Սարգսյանը, դատելով նրա հետ մարտի 3-ին ունեցած զրույցից, վճռական է տրամադրված գյուղը վերացնելու եւ հանքարդյունաբերությանը ծառայեցնելու հարցում: Որերորդ անգամ հայտարարում եմ` մեզ` քաջարանցիներիս համար միանգամայն անընդունելի է հոգեւոր, մշակութային արժեքների, սրբությունների դիմաց փոխհատուցում ստանալն ու այդ թեմայի շուրջ բանակցելը: Մեզ համար գոյություն ունեն արժեքներ, որոնք վեր են ամեն տեսակ փոխհատուցումից: Դա մեր սահմանային գյուղն է` հազարից ավելի ննջեցյալներ ունեցող գերեզմանոցով, Մեծ Հայրենականում զոհված քաջարանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանով, 17-րդ դարում կառուցված Սբ. Հակոբ եկեղեցիով:

Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք այդ արժեքները զավթիչներից պաշտպանելու համար»,- իր բաց նամակում գրել է Քաջարան գյուղական համայնքի ղեկավար Ռաֆիկ Աթայանը:

Ի դեպ, երեկ Ռաֆիկ Աթայանը դիմել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին` խնդրելով օգնել գյուղից քաղաք ընկնող ճանապարհահատվածը վերականգնելու համար: «Երեք տարի առաջ Դուք ընդառաջեցիք մեր համայնքի բնակիչների խնդրանքին եւ 4 մլն դրամ հատկացրիք գյուղի Սբ. Հակովբ եկեղեցու վերանորոգմանը, ինչի համար կրկին շնորհակալություն եմ հայտնում քաջարանցիների անունից: Գյուղն ունի եւս մեկ խնդիր, որի լուծման համար աջակցության կարիք ունենք: Քաջարան քաղաքից մինչեւ գյուղ ընկած ճանապարհի 1.5 կմ հատվածը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Տարիներ շարունակ ոչինչ չի արվել այն կարգի բերելու համար: Փորձել ենք այդ ճանապարհի նորոգումը մտցնել պետական ծրագրերի մեջ, բայց չի հաջողվել: Հիմա Ձեզ ենք խնդրում` օգնեցեք սահմանային մեր գյուղին, եթե կարող եք, վերանորոգելու գյուղի անմխիթար ճանապարհը: Քաջատեղյակ լինելով Ձեր բարեգործական ձեռնարկումների մասին, որոնք իրականացնում եք հանրապետության համարյա բոլոր բնակավայրերում, վստահ ենք, որ Դուք այս անգամ եւս կհարգեք Քաջարան գյուղի բնակիչների անունից ներկայացվող այս խնդրանքը եւ առաջիկայում կլուծեք գյուղի ճանապարհի հիմնանորոգման հարցը»,- ասել է Աթայանը: