Թխակապտավուն բուժարարը
Հապալասենի մրտենական, գիտական անվանումն է` Vaccinium myrtillus։ Հապալասազգիների ընտանիքին պատկանող թուփ է` 15-40 սմ բարձրությամբ։ Կոճղարմատը ճյուղավորված է բազմաթիվ արմատներով։ Կարող է զբաղեցնել ընդարձակ տարածքներ։ Հայաստանում աճում է ենթալպիական եւ ալպիական գոտիներում` Լոռու, Գեղարքունիքի մարզերի, Իջեւանի` սոճու եւ եղեւնու անտառներում, հարթ, կիսաստվերոտ տեղերում։ Ծաղկակոթունը կարճ է, ծաղիկները` սպիտակ վարդագույն, միայնակ, մանր, կանոնավոր, գնդաձեւ։ Ծաղկում է մայիս-հունիսին, լավ մեղրատու է` 1 հա հապալասի թփուտների մեղվատվությունը հասնում է 100 կգ-ի։ Մեղրը բաց կարմիր է, բուրումնավետ, նրբահամ։ Մեղրը խորհուրդ է տրվում ստամոքսի խանգարման, կատարակտի, գլաուկոմայի դեպքում։
Հատապտուղը սեւ է, թխակապույտ երանգով, փայլուն, պտղամիսը` մուգ կարմիր, հյութալի, բազմաթիվ սերմերով։ Ունի ներկող հատկություն, սակայն հեշտությամբ է մաքրվում։ Հապալաս սեւը հազվադեպ է մշակվում։ Ունի մեծ հողապաշտպան նշանակություն։ Հապալաս սեւը հարուստ է օգտակար նյութերով, պտուղը պարունակում է դելֆինիդինի եւ մալվիդինի գլիկոզիդներ, մինչեւ 7 տոկոս շաքարներ, 0,6 տոկոս պեկտինային նյութեր, 12 տոկոս դաբաղանյութ, ինոզիտ, երկաթ, պղինձ, մարգանեց, ցինկ, ծծումբ, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, կալիում։ Վիտամիններ B1, B2, PP, կարոտին, մինչեւ 40 մգ (100 գ հումքի մեջ) վիտամին C, 600 մգ ռուտին։ Պտուղը հարուստ է օրգանական թթուներով` կիտրոնի, խնձորի, կաթի, թրթնջուկի, սաթի, այլ։ Պտղի մեջ պարունակվող գլիկոզիդները այլ կերպ անվանում են «միրտիլին»։ Տերեւի մեջ պարունակվում է գլիկոզիդ «նեո միրտիլին»։ Այս նյութը նպաստում է շաքարի մակարդակի իջեցմանը արյան եւ մեզի մեջ։ Գլիկոզիդների քանակությունը հասնում է 7 տոկոսի։ Կա նաեւ մինչեւ 20 տոկոս կատեխինային խմբի դաբաղանյութ, արբուտին, որի տրոհման ժամանակ առաջանում է հիդրոքինոն, կվերցետին, եթերային յուղ, կարոտինային նյութեր, ասկորբինաթթու, օրգանական նյութեր, ալկալոիդներ, այլ։ Ժամանակակից հետազոտությունները ապացուցում են դարերի ընթացքում կուտակված պատկերացումն այն մասին, որ հապալաս սեւի պտուղը դանդաղեցնում է ծերացման ընթացքը։ Պտուղն օգտագործում են թարմ, խաշած, չորացրած վիճակում։ Ունի հականեխիչ, կապող, հակաբորբոքային, մարսողությունը, նյութերի փոխանակումը լավացնող ազդեցություն, կանխում է ջղակծկումները։ Նույն նպատակով խորհուրդ է տրվում անուշապուրը (1 ճ/գ պտուղը, 100 մլ ջուր, 1 թ/գ կարտոֆիլի օսլա, շաքարավազ)։
Ստամոքսաբորբ, փորկապություն. Կերեք 100-200-ական գ պտուղ օրը 2-3 անգամ։
Ոգեթուրմ- Հապալաս սեւի պտուղը թրմեք օղու մեջ (1։1), ժամկետը չի սահմանափակվում։
Լուծ. Խմեք 1 ճ/գ 50 մլ ջրի հետ, կրկնեք 8 ժամ հետո։
Դիզենտերիա. Խառնեք քացախաջրի հետ (մեկական թ/գ ոգեթուրմ եւ խնձորի քացախ, 200 մլ ջուր), դրեք թրջոց։
Ցիստիտ, պրոստատ. Խմեք հապալաս սեւի 100-200-ական մլ թարմ հյութ օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։
Ստամոքսի խոց. Նույն չափաբաժնով խմեք` ավելացնելով 1 ճ/գ մեղր։
Նոր սկսվող շաքարային դիաբետ. Սննդակարգի պահպանումը եւ հապալաս սեւի տերեւի թուրմը երկար տարիներ կապահովի առողջ կենսագործունեությունը։
– Մեկ ճ/գ տերեւը թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք եւ խմեք գոլ վիճակում, սնվելուց 30 րոպե առաջ։ Կրկնեք օրը 3 անգամ։
– Ինսուլինային կախվածության դեպքում հապալասի տերեւը կիրառում են այլ դեղաբույսերի հետ կամ որպես օժանդակ միջոց։
Տերեւի թուրմը ունի արյունարգել հատկություն։
Աղեստամոքսի, թութքի, արգանդի արյունահոսություններ. Տերեւը 20 րոպե եփեք եռջրով (1։20) թույլ կրակի վրա։ Քամեք։ Հովանալուց հետո խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ։ Թուրմով (1։20, 1 ժամ) լվանում են վերքերը, խոցերը, դնում թրջոցներ արյունահոսող թութքին։
Տեսողական խնդիրներ. Կերեք 50-70-ական գ հապալաս սեւի պտուղը օրը 3-4 անգամ։ Շարունակեք մինչեւ մեկ տարի։ Պիտանի են թարմ եւ սառեցրած պտուղները, որոնց պահպանման ժամկետը մոտ 2 տարի է։
– 4 ճ/գ տերեւը թրմեք ջերմապահում 800 մլ եռջրով։ Քամեք եւ խմեք 200-ական մլ, օրը 3-4 անգամ, սնվելուց կես ժամ առաջ։
Պտուղը եւ թուրմը կարելի է համատեղել կամ օգտագործել հերթով։ Ի դեպ, նման բուժումը կարգավորում է ճնշումը եւ ունի նաեւ կազդուրող հատկություն։
Կատարակտ. Կտրեք խնձորի բարակ շերտը կոթունի կողմից, հեռացրեք միջուկը, լցրեք հապալաս սեւի մեղր, ծածկեք խնձորի բարակ շերտով։ Թրմեք 2-3 օր, ստացված հյութը զգուշորեն առանձնացրեք, կաթեցրեք աչքերի մեջ տաք ջրի մեջ լուծված հյութը (1։1), երկուական կաթիլ, օրը 2-3 անգամ։
Գիրություն.
– Խառնեք կռատուկի արմատը, հապալաս սեւի տերեւը (1։1), հումքի 2 ճ/գ-ն երկու ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ, սնվելուց 40 րոպե առաջ։ Սնվելուց 20 րոպե առաջ լեզվի տակ պահեք կես հաբ (Ապիլակ» (մեղվակաթ)` մինչեւ լուծվի։
– Խառնեք մանրացրած խատուտիկի արմատը, հապալասենի սեւի եւ եղինջի տերեւները (1։1։1)։ Հումքի 2 ճ/գ-ն (չորացրած) 2 ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռջրով, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, սնվելուց 40 րոպե առաջ։ Սնվելուց 15 րոպե առաջ խմեք 100 մլ եռջրում 10 րոպե թրմված 1 թ/գ ծաղկափոշի։
Պանկրեատիտ. Խառնեք հավասար քանակությամբ հապալաս սովորականի, գետնամորու, հապալաս սեւի տերեւները, լոբու պատիճը, եգիպտացորենի մազմզուկները։ Հումքի 1 ճ/գ-ն թրմեք 10 ժամ ջերմապահում, 200 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք առավոտյան սնվելուց առաջ։
Սակավարյունություն. Խառնեք (հավասար քանակի) չորացրած թանթրվենու, հապալաս սեւի եւ մասուրի պտուղները, խնկածաղկի եւ սրոհունդի խոտերը։ Հումքի 1 թ/գ-ն խառնեք 1 թ/գ սեւ թեյի հետ, 20 րոպե թրմեք 500 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ, սնվելուց կես ժամ առաջ, յուրաքանչյուր 28 օրը մեկ ընդմիջեք մեկ շաբաթով, անցեք բժշկական զննում։
Ռեւմատիզմ. Հատապտուղը եփեք, տրորեք, ստացված խյուսը դրեք ցավոտ մասին։
Էնուրեզ (գիշերամիզություն). Խառնեք հապալաս սեւի եւ փշոտ հաղարջենու հատապտուղները (1։1)։ Հումքի 1 ճ/գ-ն թրմեք 1 ժամ 200 մլ եռջրում։ Տվեք երեխային 50-ական մլ, օրը 3-4 անգամ։