«Զզվանքս գալիս է, որ մեկնաբանեմ»

10/03/2012

ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը երեկ հայտարարել է, թե 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների համար ամբողջովին մեղադրում է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ընդդիմադիր մյուս գործիչներին: Նրա խոսքով, որպես ժողովրդին առաջնորդողներ, հենց նրանք են մարդկանց «անտեր թողել քաղաքում եւ թույլ են տվել այդ ողբերգությունները»: Արձագանքելով Ռ. Թովմասյանի այս հայտարարություններին, երեկ ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը tert.am-ի հետ զրույցում ասել է. «Ռուբեն Թովմասյանին համարում էի լուրջ մարդ, ուղղակի ճղճիմ շահեր է հետապնդում, եւ ցավով պետք է փաստենք, որ հիմարություն է դուրս տվել, եւ զզվանքս գալիս է, որ մեկնաբանեմ»: «Մարտի 1-ը ողջ աշխարհին է հայտնի, եւ դժվար, մարդասպաններից եւ այ այդպես փոքր ուժերից բացի, ուրիշ մեկը խոսեր եւ մեղադրեր անմեղին: Հավանաբար փոքր շահ է հետապնդում, հակառակ դեպքում` նման բան չէր ասի: 10 սպանվածներ եւ 100-ից ավելի վիրավորներ կան մարտի 1-ից հետո, եւ նա այդ ամենից հետո ճղճիմ բաներ է դուրս տալիս»,- հավելել է Եղիազարյանը: Անդրադառնալով Ռ. Թովմասյանի` Լ. Տեր-Պետրոսյանին հասցեագրված մեկ այլ` երկիրը «քանդելու» մասին հնչեցրած մեղադրանքին, Գ. Եղիազարյանն ասել է. «Սոցիալիստական երկիրը 70-80 տոկոսով կատարյալ երկիր էր, որտեղ մարդն իրեն մարդ էր զգում, այլ ոչ թե գազան: Սոցիալիստական այդ հասարակությունն ավելի լավն էր, քան այժմյան գայլային կապիտալիզմը: Այն ժամանակ Խորհրդային կայսրությունը արդեն փլուզման եզրին է եղել, իսկ եթե դա փլուզել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա պետք է միայն ողջունել, որ նա այդքան ուժեղ մարդ է եղել»:

Ի դեպ, երեկ Ռ. Թովմասյանը նաեւ հայտարարել է, որ ՀԿԿ-ն մասնակցելու է ԱԺ առաջիկա ընտրություններին, սակայն ընտրապայքարին մասնակցությունն ընթանում է մեծ բարդություններով: «Գիտեք ինչքա՜ն բարդություններ կան, սկսած ընտրական քարոզարշավից, մինչեւ այդ գրավի մուծելը: Մենք հիմա մեր վերջին ակորդներն ենք անում, որ մասնակցենք ընտրություններին»,- ասել է ընկեր Թովմասյանը` շեշտելով, թե առայժմ չեն կարողացել հավաքել ընտրական գրավի համար անհրաժեշտ գումարը: «Եթե հանկարծ գումարը հանգանակությամբ էլ չհավաքվի, մենք միջոցներ կգտնենք ու կմասնակցենք ընտրություններին»,- ասել է նա` հատուկ շեշտելով, թե Հայաստանի Կոմկուսը ֆինանսական օգնություն չի ստանում Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունից: Նա ասել է նաեւ, թե չի հավատում սոցիոլոգիական հարցումներին, որոնցում երբեւէ չի նշվում ՀԿԿ-ի անունը: Ըստ Թովմասյանի, Կոմկուսի կողմից անցկացվել է սեփական սոցհարցում` պարզելու սեփական դիրքերը: «Ըստ այդ հարցումների` 550 ընտրողից 67-ը պատրաստակամություն են հայտնել ընտրել Կոմունիստական կուսակցությանը: ՀԿԿ-ն այդ հարցման արդյունքում 6-րդն է, առաջին հորիզոնականում «Բարգավաճն» է, երկրորդում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, իսկ երրորդ հորիզոնականում իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է»,- ասել է Կոմկուսի առաջնորդը` ըստ էության ակնարկելով, թե որտեղից է ընտրական գրավի եւ այլ գումարների հարցում օգնություն ակնկալում: