Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության 13-րդ համագումարը:
Մինչ այդ, երեկ ՀՀԿ-ն անցկացրել է գործադիր մարմնի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել են համագումարի ժամանակ ընտրվելիք ԳՄ անդամների հարցն ու համագումարի հետ կապված խնդիրները: Մեր տեղեկություններով` գործադիր մարմինն ընդլայնվելու է, եւ մի քանի անդամներ են ավելանալու: Այժմ ՀՀԿ ԳՄ-ն ունի 14 անդամ` Սերժ Սարգսյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Գալուստ Սահակյանը, Մուշեղ Լալայանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը, Դերենիկ Դումանյանը, Ռուբեն Թադեւոսյանը, Կարեն Կարապետյանը, Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Տիգրան Սարգսյանը եւ Հարություն Փամբուկյանը: Վերջինս չի լինելու ԳՄ կազմում, քանի որ գրեթե չի լինում Հայաստանում եւ չի մասնակցում Ազգային ժողովի նիստերին: Չի բացառվում, որ նա այսօր չմասնակցի նաեւ համագումարին, թեեւ վերջերս մի անգամ հայտնվել էր խորհրդարանում: Որոշ տեղեկությունների համաձայն` Հ.Փամբուկյանից բացի, մյուս անդամները կմնան ԳՄ-ում, այդ թվում` եւ Գ.Բեգլարյանը, եւ Կ.Կարապետյանը: Ի դեպ, վերջինիս հետ կապված` մամուլում տեղեկություններ կային, թե նա կարող է դուրս գալ ՀՀԿ-ից եւ անդամակցել ԲՀԿ-ին: ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ հերքել է այդ տեղեկությունները եւ հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, նա այսօր կվերընտրվի ԳՄ անդամ: Հ.Փամբուկյանից բացի, մյուս 13 անդամների հետ միասին, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԳՄ-ում կլինեն նաեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Է.Շարմազանովը, ՀՀԿ կանանց խորհրդի անդամ պատգամավոր Հեմինե Նաղդալյանը եւ ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար, պատգամավոր Կարեն Ավագյանը: Եվ ՀՀԿ-ԳՄ-ն կունենա մոտ 2 տասնյակ անդամներ: Հիշեցնենք, որ նախորդ` 2009թ. համագումարի ժամանակ նույնպես ԳՄ անդամների քանակն ավելացվեց եւ 12-ից դարձվեց 14, որպեսզի վարչապետ Տ.Սարգսյանն ու այն ժամանակ` Երեւանի քաղաքապետ Գ.Բեգլարյանը դառնան այդ մարմնի անդամ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երեկ հայտնել է, որ ԳՄ անդամների քանակը սահմանափակ չէ, եւ այն որոշում է կուսակցությունը: Եվ ԳՄ անդամների այս կազմը առաջիկա ընտրությունների ու պաշտոններ բաժանելու դեպքում բավականին որոշիչ է լինելու: Այսինքն, եթե մեկը գտնվում է ԳՄ-ում, նա անտեսված չի լինի: Դա նշանակում է` պաշտոններից հրաժարված Գ.Բեգլարյանն ու Կ.Կարապետյանը նորից մաս կկազմեն իշխանությանը: Վերջինս հավանաբար մեծամասնական ընտրակարգով նորից կառաջադրվի Տաշիրի տարածաշրջանն ընդգրկող ընտրատարածքներից մեկում, իսկ Գ.Բեգլարյանը կամ պաշտոն կստանա գործադիր մարմնում, կամ էլ խորհրդարան կմտնի համամասնական ցուցակով: Նույնը վերաբերում է նաեւ մյուսներին: Բացի այդ, ԳՄ անդամ լինելն արդեն նշանակում է, որ այդ մարդիկ կլինեն ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղերում` անկախ այն հանգամանքից, թե ընտրություններից հետո խորհրդարանում կամ կառավարությունում պաշտոն կստանա՞ն, թե՞ ոչ: Իսկ այս առաջընթացի շնորհիվ Հ.Նաղդալյանը հավանաբար կդառնա ՀՀԿ ցուցակի առաջին կինը: Ինչ վերաբերում է Հ.Աբրահամյանին, ապա նրան արդեն նախօրեին տեղի ունեցած ԳՄ նիստի ժամանակ վերահաստատել են որպես ՀՀԿ նախընտրական շտաբի պետ: Հիշեցնենք, որ վերջինս այդ պատճառաբանությամբ անցած տարվա նոյեմբերին հրաժարական տվեց ԱԺ նախագահի պաշտոնից: Համագումարի ժամանակ, բնականաբար, Սերժ Սարգսյանը կվերընտրվի ՀՀԿ նախագահ, իսկ համագումարից հետո արդեն կլուծեն փոխնախագահների հարցը: ՀՀԿ-ն ունի 3 փոխնախագահ` Ռազմիկ Զոհրաբյանը, Գալուստ Սահակյանը եւ Մուշեղ Լալայանը:
Երեկ ԳՄ նիստից հետո մեզ հետ հեռախոսազրույցում Գ.Սահակյանը հայտնեց, որ այսօրվա համագումարին հրավիրված են մոտ 14 կուսակցություններ` կոալիցիոն ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, խորհրդարանական ընդդիմադիր ՀՅԴ-ն: Բացի ՀՀԿ-ի համար ընդդիմություն համարվող ՀՅԴ-ից, այլ ընդդիմադիր ուժեր չեն հրավիրվել: Խոսքը ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» մասին է: Գ.Սահակյանի խոսքերով` առանց այդ էլ իրենց համագումարը ծանրաբեռնված է: Մինչդեռ «Ժառանգությունը» հայտարարել էր, որ անցած շաբաթ տեղի ունեցած իրենց համագումարին հրավիրել էին Ս.Սարգսյանին, Տ.Սարգսյանին եւ Ս.Նիկոյանին, վերջիններս, սակայն, համագումարին չէին եկել: Գ.Սահակյանն ասաց, որ իրենք տեղյակ չեն եղել այդ հրավերքից: Չեն հրավիրել նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հիշեցնենք նաեւ, որ այս շաբաթ Գյումրի կատարած այցի ժամանակ Տ.Սարգսյանը հայտարարել էր, թե 2008-ից հետո իշխանությունն ընդդիմության հետ կամուրջներ կառուցելու խնդիր ուներ, եւ այսօր արդեն այդ մարտահրավերը հաղթահարված է: Իսկ Գ.Սահակյանի խոսքերով` ՀՅԴ-ին հրավիրել են, քանի որ այդ կուսակցությունը որոշ ժամանակ իրենց հետ կոալիցիայի անդամ է եղել: Փոխարենը` հրավիրել են նաեւ Արտաշես Գեղամյանի «Ազգային Միաբանությանը», Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ին, Խոսրով Հարությունյանի ՔԴՄ-ին, Հայկ Բաբուխանյանին, Վիկտոր Դալլաքյանին եւ այլոց: Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Վ.Մանուկյանից բացի, մյուս գործիչները լինելու են ՀՀԿ համամասնական ցուցակում: Ինչ վերաբերում է դրսի հյուրերին, ապա ՀՀԿ համագումարին ներկա կլինեն ԵԺԿ փոխնախագահ Ռումյանա Ժելեւան եւ ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության նախագահի առաջին տեղակալ Արթուր Չիլինգարովը:
Գ.Սահակյանի խոսքերով` երեկ կուսակցությունը չի քննարկել նախընտրական համամասնական ցուցակի հետ կապված հարցեր, չի քննարկվի նաեւ այսօր: Նրա տեղեկացմամբ, համագումարից հետո պատշաճ ժամկետներում այդ հարցը կքննարկեն, ցուցակը կկազմեն եւ կներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Իսկ այսօր համագումարի ժամանակ, պաշտոնական արարողություններից բացի, տեղի կունենա նաեւ պատվիրակների հյուրասիրություն, ինչը, դատելով նախորդ համագումարներից, բավականին ճոխ է լինելու: Գ.Սահակյանը չասաց, թե որքան գումար են ծախսելու, բայց ավելացրեց, որ այդ նպատակով կուսակցության անդամների կողմից օժանդակություն է եղել: Հիշեցնենք, որ 2009թ. համագումարի այդ հյուրասիրության մասին խոսակցություններում նշվում էր, որ ծախսվել է մի քանի հարյուր հազար դոլար: Ֆուրշեթային այդ հյուրասիրությունը կազմակերպել էր «Արիես» ընկերությունը, որի տնօրենը տեղեկացրել էր, թե յուրաքանչյուր ուտեստից պատվիրվել է 1000 օրինակ: Հաշվի առնելով անցած 2,5 տարիներին տեղի ունեցած գնաճն ու այս տարվա նախընտրական ճոխ տրամադրությունները, չի բացառվում, որ ՀՀԿ այս համագումարի ծախսը հատի կես միլիոն դոլարի սահմանը: