Երեկ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ՀԱԿ-ին մաս կազմած «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ իր ղեկավարած «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը նոր չէ, որ դուրս է գալիս Կոնգրեսից, այլ այն դադարեցրել է որեւէ առնչություն ունենալ ՀԱԿ-ի հետ դեռեւս 2009թ. ամառվանից: Ժ. Սէֆիլյանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Վերջերս շատ է արծարծվում «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության` ՀԱԿ-ի մեջ ընդգրկվածության հարցը, ու հիշատակվում, թե իբր այն ընդամենը նոր է դուրս գալիս Կոնգրեսից:
Բազմաթիվ առիթներով այդ մասին արտահայտվել եմ: Այժմ մեկընդմիշտ հստակեցման համար ուզում եմ կրկնվել` ասելով հետեւյալը. Ես, լինելով այդ նախաձեռնության համակարգողը, տեղեկացնում եմ մեր հասարակությանը, որ 2009 թ.-ի ամառվանից մենք` այսինքն ես անձնապես եւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը պաշտոնապես ոչ մի առնչություն չի ունեցել Կոնգրեսի հետ: Սամվել Հարությունյանը 2009 թ.-ի ամառվանից ըստ էության Կոնգրեսում ներկայացրել է ոչ թե «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը, այլ Գորիս քաղաքի բազմահազար այն քաղաքացիներին, որոնք 2007թ.-ի ընտրություններում մոտավորապես 14.000 ձայն են վստահել նրան: Առիթից օգտվելով` պաշտոնապես հայտարարում եմ` այն օրվանից, երբ ձեւավորվեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնությունը (2009թ. աշուն), «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնությունը ըստ էության դադարեցրել է իր գործունեությունը»: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀԱԿ-ի վերջին հանրահավաքից հետո հայտնի դարձավ, որ 4 քաղաքական ուժեր հրաժարվում են խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի հետ հանդես գալ դաշինքով: Դրանցից մեկը հանդես էր գալիս որպես «Հայ կամավորականների համախմբում», որի անունից հանդես էր եկել նախաձեռնության անդամ, Գորիսի պաշտպանության կոմիտեի համանախագահ եւ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Վերջինս իրենց այդ քայլի պատճառների 90%-ը վերագրել էր «ռազմավարական եւ մարտավարական խնդիրներին» եւ միայն 10%-ը` ՀԱԿ-ի համամասնական ցուցակի հետ կապված տարաձայնություններին: Երեկ մեկնաբանելով Ժ. Սէֆիլյանի հայտարարությունը` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը tert.am-ի հետ զրույցում ասել է. «Ես որեւէ կերպ չեմ կարող բացատրել այս իրավիճակը: Դեռ 2009թ. Ժիրայր Սէֆիլյանը խնդրեց, որ մենք «Հայ կամավորների համախմբում» նախաձեռնությունը դարձնենք ՀԱԿ-ի քաղխորհրդի անդամակից, որից հետո այս քաղաքական նախաձեռնությունը քաղխորհրդում որպես ներկայացուցիչ ընտրեց Սամվել Հարությունյանին: Վերջինս պարտաճանաչ եւ բարեխիղճ աշխատանք է իրականացրել քաղխորհրդում` ամեն շաբաթ գալով նիստերին եւ ներկայացնելով նախաձեռնության տեսակետները»: Հարցին, թե արդյոք, ըստ Լեւոն Զուրաբյանի, Ժիրայր Սէֆիլյանը տեղյա՞կ է եղել ՀԱԿ-ի եւ «Հայ կամավորների համախմբում» նախաձեռնության որոշ անդամների համագործակցության մասին, նա պատասխանել է. «Չէր կարող տեղյակ չլինել դրա մասին, քանի որ բոլոր որոշումները կոնսենսուսով են ընդունվել: Անդամակցելուց հետո որեւէ պաշտոնական հայտարարություն չի եղել դուրս գալու մասին, եւ իրենց ներկայացուցիչը բարեխղճորեն մասնակցել է նիստերին: Մենք ի՞նչ եզրակացություն կարող ենք անել»: Իսկ ՀԱԿ-ի քաղխորհրդում «Հայ կամավորների համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանն ասել է, որ չնայած Ժիրայր Սէֆիլյանը անձամբ դադարեցրել է իր կապերը ՀԱԿ-ի հետ, սակայն երբեւէ չի կանխել նախաձեռնության որեւէ ներկայացուցչի մասնակցությունը ՀԱԿ-ի կազմակերպած որեւէ միջոցառմանը:
«Մի քանի օր առաջ ես հանդես եմ եկել անձամբ իմ անունից, մարդ, որը 3 ու կես տարի շարունակ իբրեւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչ եղել է ՀԱԿ-ի քաղխորհրդի ներկայացուցիչ: Իսկ նախաձեռնության անունը նշել եմ, քանի որ մենք չենք հավաքվել եւ չենք որոշել, որ պաշտոնապես դուրս ենք գալիս ՀԱԿ-ի կազմից: Այնպես ենք պայմանավորվել, որ մեր գործունեությունը ոչ միայն չվնասի պայքարին, այլ ամեն ինչ արել ենք, որ շարժումը պսակվի հաջողությամբ»,- նշել է նա: Հարցին, թե իր կարծիքով ի՞նչն է պատճառ հանդիսացել, որպեսզի Ժիրայր Սէֆիլյանը նման հայտարարություն անի, Ս. Հարությունյանը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ դրա մեջ պետք է անպայման վատ բան փնտրել, ինքը դրանով ընդգծում է, որ անձամբ եւ անդամների մի մասը կապերը խզել են ՀԱԿ-ի հետ 2009-ից»: