«Քվեարկության օրն իշխանությունն անմիջականորեն ժողովրդի ձեռքում է»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը

10/03/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է` «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են»: Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ որակվում է իբրեւ «Ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն»: Քաղաքական կուսակցությունները գուցե առաջնորդվելով Սահմանադրության դրույթներով` իշխանության գալու երաշխիք են ընտրում այն գիծը, որն ամրագրված է երկրի գլխավոր փաստաթղթում: Այլ կերպ ասած` իրենց նախընտրական ծրագրերում պարտադիր զետեղում են իրավական պետություն կառուցելու «բանաձեւ»` հավաստիացնելով, որ իշխանության գալուց հետո ստեղծվելու են մարդու (տնտեսական, սոցիալական, հողային, բնապահպանական, կրթության) իրավունքի պաշտպանության ինստիտուտները: Անխտիր բոլոր կուսակցությունների 2007թ. նախընտրական ծրագրերում առանձին հատվածով զետեղված են քաղաքացիական հասարակության, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության եւ ժողովրդավարական ինստիտուտների վրա հիմնված իրավական պետության կառուցման հնարավորությունների ներդրման վերաբերյալ խոստումներ: 2007-ին ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը ազգաբնակչությանը, մեղմ ասած` «համոզեցին» կամ (ստիպեցին համոզվել), որ մարդը ՀՀ-ում դառնալու է արժեք: Մինչդեռ հինգ տարվա կառավարումը փաստեց մեկ բան` Հայաստանում մարդու իրավունքն ամենաշատը խախտվել է իշխանությունների կողմից: Անցած հինգ տարիներին մարդու իրավունքների ոլորտում կատարված գործընթացների մասին է մեր զրույցը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցի հետ:

– Ուսումնասիրելով կոալիցիա կազմած կուսակցությունների 2007թ. նախընտրական ծրագրերը, արձանագրեցինք հետաքրքիր օրինաչափություն: Տպավորություն է, թե այդ երեք կուսակցությունների ծրագրերի հեղինակը մեկ մարդ է: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խոստումները ֆանտաստիկ են: Ինչո՞ւ մենք չունենք նախընտրական ծրագրերի կատարումը վերահսկող քաղաքացիական ինստիտուտներ:

– Վերադառնալով 2007թ. եւ գնահատելով նախընտրական ծրագրերը, պետք է նշեմ, որ դրանք շատ ընդհանրական են: Օրինակ նշվում է` արդարադատության ապահովում կամ դատական իշխանության անկախության ապահովում, մարդու իրավունքների պաշտպանության ապահովում: Մինչդեռ չի առաջարկվում այն «դեղատոմսը»` օրենսդրական փոփոխությունները, մեխանիզմները, որոնց միջոցով պիտի ապահովեն մարդու իրավունքի պաշտպանությունը կամ դատական իշխանության անկախությունը: Ավելին, եթե կուսակցությունը հավակնում է արժանանալ ժողովրդի վստահությանը` պետք է իր նախընտրական ծրագրում առաջարկի նաեւ այն նախագիծը, մեխանիզմը, ըստ որի` ընտրվելուց հետո այդ նախագծերն իրականացնելով խոստումը կկատարի: Սակայն ելնելով նախընտրական ծրագրերի բովանդակությունից` քաղաքական ուժերն ունեն հետեւյալ կոնտեքստը` «Կգանք, կասենք, թե ոնց անենք»: «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի սոցիալական իրավունքների բնագավառում շատ կոնկրետ ասվում էր` «Սոցիալական նպաստների համակարգի վերանայում եւ հասցեագրում»: Ո՞նց… Կամ հաշմանդամների զբաղվածության հատուկ ծրագրերի մշակում: Ո՞նց… Այլ բան է, որ օրենսդրական ճանապարհով ստեղծվի հետեւյալ մոտեցումը, օրինակ` այն ձեռնարկությունները, որոնք սահմանափակ կարողությամբ մարդկանց կընդգրկեն եւ կապահովվեն նրանց զբաղվածությունը` կազատվեն ավելացված արժեքի հարկից կամ կունենան որոշակի արտոնություններ: Դա, իսկապես, կդիտվի հաշմանդամների զբաղվածությունն ապահովելու կոնկրետ մեխանիզմ: Ցավոք, որեւէ կուսակցության նախընտրական ծրագիր չունի կոնկրետություն, հստակություն եւ կանխատեսելի չէ: Որպես իրավիճակի գնահատման չափանիշ` վերցնենք Հայաստանի Հանրապետության պարտավորությունները, որն, անկախ կուսակցական կամ քաղաքական կողմնորոշումից, պետությունն ունի` որպես մարդու իրավունքների վերաբերյալ պարտավորություններ, քանի որ միացել է մի շարք կարեւոր կոնվենցիաների` խոշտանգումների կանխարգելման, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների դաշնագրի, տնտեսական, սոցիալական, մշակութային, մարդու իրավունքների, երեխաների եւ այլն: Այդ կոնվենցիաներով Հայաստանն ունի ոչ միայն պարտավորություններ, այլ պետք է պարբերաբար ներկայացնի պարտավորությունների կատարման զեկույցներ: Ո՞ր քաղաքական կուսակցությունն է փորձում ավելին անել պետության պարտավորությունների իրականացման տեսակետից: Քանի որ կուսակցություններում բացակայում են ծրագրերի կատարման մեխանիզմները, մենք չենք կարող մեկնաբանել` այ սա կատարվել է, իսկ սա` ոչ: Հետեւաբար, պետության պարտավորությունները եթե վերցնենք որպես չափորոշիչ եւ գնահատենք իրավիճակը` իրավիճակային փոփոխություն չի արձանագրվել:

– Մատնանշեք գոնե մեկ օրինակ, ասենք` խոշտանգումների կանխարգելման միջազգային կոնվենցիայի պարտավորությունները չե՞ն կատարվել: Փակ հաստատությունների կառավարմանն անդրադառնալով` հիշենք, որ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պաշտոնը ստանձնելուն պես հայտարարեց, որ ոլորտի բարեփոխումը սկսելու է քրեակատարողական հիմնարկներից:

– Խոշտանգումների կանխարգելման կոնվենցիան, այո, առնչվում է փակ հաստատությունների` քրեակատարողական հիմնարկների, Ոստիկանության, ծերանոցների, հոգեբուժարանների, մանկատների հետ, որտեղ գործում է որոշակի ռեժիմային սկզբունքը: Փակ հաստատությունների իրավիճակը գնահատելով` դժվար է բարեփոխում կամ փոփոխություն արձանագրել: Իրավունքների պաշտպանության տեսակետից շատ կարեւոր է ֆինանսական ներդրումների ծավալը, որովհետեւ այդ բնագավառում քաղաքականության չափորոշիչը հանդիսանում է այն, թե ինչ ծավալի ֆինանսավորում ես ապահովում այդ ոլորտում: Համմարբերգն իր ուղերձում շեշտեց, որ պետության կողմից պարտավորությունների կատարումը գնահատելիս շատ կարեւոր է, թե տվյալ բնագավառին պետությունն ինչ ֆինանսական միջոցներ է հատկացնում: Դուք նայեք քրեակատարողական հիմնարկների ֆինանսավորումը. 2008թ. ֆինանսավորումը կրկնակի նվազել է: 2009թ.-ին եղել է 9, 2010-ին` 35, իսկ 2011թ.-ին` 37 մահացության դեպք: Մահացությունների տեմպը մեծացել է եւ, չնայած բազմաթիվ ահազանգերին, հրապարակումներին` վիճակը չի փոխվում: Եթե պետությունը չի կարողանում պահել դատապարտյալին, ուրեմն` պետք է նրան ազատ արձակի:

– Ֆինանսավորումն էլ այն խայծն է, որն օգտագործում է իշխանությունը: Այլ կերպ ասած` պարտավորությունների կատարման թերությունների համար որպես փաստարկ մշտապես մեջբերում է ֆինանսավորման բացակայությունը: Վերջին երկու տարում շահարկում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը:

– Երբ պետությունն ասում է` բյուջեում փող չկա` չի կարելի միակողմանի մոտենալ: Եթե բյուջեում փող չկա` ես էլ ասում եմ` չկա, որովհետեւ կոռուպցիայի կամ ստվերի դեմ պայքար չես իրականացնում: Կոռուպցիան նույնպես հանդիսանում է մարդու իրավունքների խախտման հիմնական գործոնը, որովհետեւ նեղ խմբակային շահերն են պետական մարմինների գործունեության հիմքում ընկած: Դա արդեն թե՛ օրենսդրության, թե՛ կիրառման տեսանկյունից հանգեցնում է մարդու իրավունքների համակարգման խախտմանը: Ստվերի ծավալը գնահատելիս համոզվում ենք, որ այն պետական բյուջեի ծավալի մոտ 50-60%-ն է կազմում, ինչը նշանակում է, որ ֆինանսական միջոցների բացակայության վերաբերյալ իշխանությունների արդարացումը սուտ է: Ավելին` չես կարող այդ հիմնավորումը ներկայացնել նաեւ այն պատճառով, որ չես պայքարում մենաշնորհների դեմ, որն էլ իր հերթին տնտեսական իրավունքների համատարած խախտման, սեփականության իրավունքի անձեռնմխելիության հող է ստեղծում: Այսինքն` չի կարելի սեգմենտալ վերցնել մի բնագավառ եւ փորձել գնահատել: Բնական, համալիր իրավունքների ամբողջ դաշտը` տնտեսական, սոցիալական, արդար դատավարության, գտնվում են անպաշտպան վիճակում:

– Նախընտրական ծրագրերի պատկերավոր խոստումները մի կողմ թողնելով, այնուամենայնիվ, արդյո՞ք իշխանությունների մոտ մարդու իրավունքների դաշտում իրավիճակը փոխելու կամք կա:

– Քաղաքական կամքի տեսանկյունից դիտարկելիս` պետք է նշեմ, որ մեզ` քաղաքացիներիս համար որեւիցե փաստարկ, գործոն կամ ստեղծված մթնոլորտ չկա, որը մեզ հույս կներշնչեր, թե իշխանություններն այդ կամքն ունեն: Ի դեպ, իրավական պետություն կառուցելու քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերի կատարման համար կարող ենք նաեւ որպես չափորոշիչ վերցնել Սահմանադրության նորմերը, որոնք մշտապես խախտվում են: Ծրագրերը ընդհանրական տվյալներ պարունակող այցեքարտի նման փաստաթղթեր, վերացական հասկացողություններ են, որոնք բովանդակային իմաստով արդյունավետ չեն: Դրանց հիման վրա քաղաքական ուժերը միայն ձայներ են հավաքում եւ ծրագրերի կատարման պատասխանատվություն չեն կրում:

– Դուք մշտապես իրականացնում եք դիտորդական առաքելություն եւ տարբեր երկրների նախընտրական պրոցեսներից քաջատեղյակ եք: Այլ երկրներում ինչպե՞ս է: Ընտրողի համար կարեւո՞ր է նախընտրական ծրագրի բովանդակությունը: Ի վերջո, դա էլ մշակույթ է: Մարդն իր քվեն կարող է տալ մի կուսակցության, որը ծրագրային դրույթներով խոստանում է իրականացնել ընտրողի այս կամ այն հավակնությունը:

– Կարող եմ օրինակ բերել Նորվեգիայի պառլամենտական ընտրություններից, որտեղ մեզ հրավիրել էին դիտորդական առաքելություն իրականացնելու: Միգրանտները, ովքեր ունեին Նորվեգիայի քաղաքացիություն, մեծ հոսքով գալիս էին ընտրությանը մասնակցելու: Տարակուսած փորձում էի հասկանալ դրա բացատրությունը: Պարզվեց` աջ ուժերից մեկն իր նախընտրական ծրագրում հստակ առաջարկել էր, որ միգրանտների հոսքը Նորվեգիա դադարեցնելու է, իսկ եղածներին էլ հեռացնելու է: Պոպուլիստական միջոցներով, բայց շատ կոնկրետ մեխանիզմներով այդ քաղաքական ուժն իր երկրի հասարակությանն առաջարկում էր այդ ճանապարհով երկրի տնտեսական առողջացում եւ սոցիալական լարվածության թուլացում: Այսինքն` իր ընտրազանգվածին առաջարկել էր ընտրել իրեն, որպեսզի այդ ծրագիրն իրականացնի: Քաղաքացիություն ունեցող միգրանտներն ընտրությունը դիտարկում էին որպես մեխանիզմ` ազդելու այդ քաղաքական ուժի վրա, որպեսզի պառլամենտում նա մեծամասնություն չունենա: Ես ներկայացնում եմ կոնկրետ նախընտրական ծրագրի դրույթ եւ դրա հետ կապված ընտրազանգվածի մոտեցումը: Քաղաքական ուժը ստացավ ձայներ, 3-4-րդ տեղը զբաղեցրեց, բայց դրանից հետո եզրակացություն է կատարում` հասկանալով, որ ինքը ճիշտ չի գնահատել ընտրազանգվածի տրամադրությունը, կամ էլ` եղած խնդիրների ճիշտ լուծումը չի տվել: Այսինքն` ծրագրերի հիմքում դրված խնդիրների մոտեցումները շատ մեծ նշանակություն ունեն ընտրազանգվածի հետ հաղորդակցվելու եւ ձայներ ակնկալելու համար: Մեզ մոտ նախընտրական ծրագրերում ամեն ինչ վերացական է ներկայացված, որովհետեւ ինչքան հստակ լինեն կատարման մեխանիզմները` այնքան մեծ է լինում պատասխանատվությունը: Չես կարող մի դրույթ, կոնկրետ մեխանիզմ գտնել եւ պատին դեմ տալ:

– Նախընտրական ծրագրերով համակարգային փոփոխությունների մեջ հստակություն մտցնելու իմաստով խոստովանենք, որ ընտրազանգվածն էլ պահանջատեր չէ: Այդ ծրագրերը տրցակներով բաժանում են հանրությանը, որոնք առանց թերթելու հայտնվում են աղբամաններում: Այսինքն` մարդիկ քվեն ծրագրին չեն տալիս, որովհետեւ բացակայում է ծրագրով առաջնորդվելու կուլտուրան:

– Քվեարկության օրը դա այն մեկ օրն է, երբ իշխանությունն անմիջականորեն ժողովրդի ձեռքին է, եւ ժողովուրդը պետք է որոշի, թե իշխանությունը որ քաղաքական ուժին հանձնի: Քվեարկության մեխանիզմը դա իշխանության հանձնումն է ընտրողներին: Երբ նայում ես ընտրողների կողմնորոշումները` հարց է ծագում` ի՞նչ մոտիվներով կամ գործոնների հիման վրա է ընտրողը գնում քվեարկելու: Ցավոք, ընտրազանգվածի մոտ էլ չկա ծրագրերն ավելի կոնկրետացնելու պահանջարկը: Քաղաքացիական այդ մշակույթը մեզ մոտ բացակայում է: Ստացվում է` ինչպես իշխանությունը հանձնում ես, այդպիսի իշխանություն էլ ունենում ես: Ինչ շարժառիթներով որ հանձնում ես իշխանություն, ճիշտ նույն շարժառիթով էլ 4 տարի գործում է իշխանությունը եւ քեզ վերադարձնում է նույն կերպ:

– Իշխանությունները` ի դեմս նախագահի, պարտավո՞ր են կադրային փոփոխություն կատարելիս հասարակությանը պարզաբանում տալ այս կամ այն պաշտոնյայի հեռացման եւ նշանակման մասին: Այսինքն` առանց բացատրության, ինքնաբուխ «պաշտոնափոխությունը» կարո՞ղ է ընկալվել` որպես ընտրողի իրավունքի խախտում:

– Եթե մենք 2007թ.-ից սկսած նայենք Արդարադատության նախարարության քաղաքականությունը, ապա հարց է ծագում, ինչո՞ւ նշանակվեց եւ ինչո՞ւ հեռացվեց Գեւորգ Դանիելյանը կամ ինչո՞ւ նշանակվեց Հրայր Թովմասյանը: Հասարակության համար ընկալելի չէ այդ փոփոխության տրամաբանությունը` ելնելով քաղաքական ուժի ծրագրային պայմաններից: Այսինքն` այդ ուժը կամ ղեկավարը պետք է գնահատական տա, որ Գ. Դանիելյանը ելնելով մեր ծրագրերից` բավարար չի կարողանում աշխատել, որի պատճառով մենք նշանակում ենք ծրագրերն ավելի լավ կատարող Հ. Թովմասյանին: Ինչո՞ւ պետք չէ Ալիկ Սարգսյանը, եւ ինչո՞ւ է պետք Վովա Գասպարյանը: Խմբային շահեր են, որոնք հասարակության տրամաբանության հետ կապ չունեն: Այսինքն` իշխանությունը նույնիսկ նպատակահարմար չի գտնում նախարարների փոփոխության հիմնավորումը ժողովրդին ներկայացնել: Իրավական պետության կարեւոր սկզբունքներից մեկը իրավական ցանկացած գործողության, որոշումների հասկանալիությունն է: Պետք է լինի կանխատեսելի վարքագիծ, որը կոչվում է «բարեխիղճ վարչակազմի իմ իրավունքը»: Դա մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Բարեխիղճ վարչարարության իմ իրավունքի հիմքում ընկած է իշխանության կանխատեսելի վարքագիծը, որը մեր երկրում չկա: