Խուսափել է պատասխանից

10/03/2012

«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանելով Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նամակին` ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանությունը «պատմական քննարկումների հարց» կոչելու սխալից, սակայն նաեւ պատշաճ կերպով չի անվանել ոճրագործությունը, եւ, առավել եւս, չի կատարել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու իր եւ նախագահ Օբամայի խոստումը»,- գրում է «Ասպարեզ» պարբերականը: «Թեեւ մենք գնահատում ենք պետքարտուղար Քլինթոնի` այս քաղաքական շրջանի ընթացքում ամերիկահայ ընտրողների հետ համագործակցելու պատրաստակամությունը, եւ, իհարկե, ի գիտություն ենք ընդունում այն փաստը, որ նա ձեռնպահ է մնացել իր վերջին` բավականին վիրավորական մեկնաբանություններից, որոնցով կասկածի տակ էր դրվում Հայոց ցեղասպանության փաստը, մենք նախկինի պես մտահոգված ենք նրա սխալ ջանքերով, որոնք ուղղված են ցեղասպանության միջազգային հանցագործությունը նվազեցնելուն` հասցնելով այն երկկողմ հակամարտության մակարդակի»,- ասել է հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը: Ըստ նրա` դա թուրքական կառավարության ոչ ճշգրիտ եւ անբարո տարբերակն է, որպեսզի ինչ-որ կերպ հետաձգվի այն օրը, երբ թուրքական պետությունն ու հանրությունն անխուսափելիորեն կբախվեն բարոյական եւ նյութական պատասխանատվությանը` կատարված հանցագործության համար: Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Քլինթոնին նամակ էր ուղղել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա` հունվարի 26-ի մեկնաբանությունից հետո, որտեղ վերջինս հայտարարել է, թե Հայոց ցեղասպանությունը «պատմական քննարկումների հարց է»: Իր պատասխանում պետքարտուղար Քլինթոնը գրել է. «Նախագահ Օբաման 2011թ. ապրիլի 24-ին հարգել է Օսմանյան կայսրությունում սպանված մեկուկես միլիոն հայերի հիշատակը եւ նշել, որ դա քսաներորդ դարի ամենացավալի իրադարձություններից մեկն է: Ես էլ 2010թ. Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել եմ Ծիծեռնակաբերդ»: Այնուհետեւ, հրաժարվելով Ամերիկայի եւ միջազգային հանրության բարոյական եւ իրավական պատասխանատվությունից, Հ. Քլինթոնը, ըստ «Ասպարեզի»` փորձել է ողջ բեռը դնել բացառապես Հայաստանի եւ Թուրքիայի վրա` կոչ անելով նրանց «աշխատել միասին` ընդհանուր պատմության հարցերը լուծելու համար»: