«Սիրիայում քաղաքացիական պատերազմի նշույլներ արդեն կան»

10/03/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Ինչպիսի՞ն է իրավիճակը Սիրիայում: Ըստ արաբական մամուլի` Սիրիայում բախումներն օրեցօր ավելանում են:

– Նախ ասեմ` նայած որ մամուլը: Իսկապես, պետք է ասել, որ սկզբի պահից հարցերը լրիվ փոխվել են: Այսինքն` մեկ տարի է անցել, եւ սկզբի ամիսներին պատահածներն այլ բաներ էին: Նախապես միայն ազատության պահանջը կար ընդդիմադիրների կողմից, քաղաքները հանգիստ վիճակում էին, իսկ հիմա արդեն խոսվում է ընդդիմությունը զինելու մասին: Տակավին շարունակվում են խլրտումները եւ զինյալ դեպքերն արվարձաններում: Վիճակը սրվելու մեջ անպայման պետք է դիտարկել արտաքին ուժերի կամ երկրների դիրքորոշումները: Հարցն արդեն դրվել է Արաբական երկրների լիգայի սեղանին, այնուհետ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

– Ո՞ր երկրների շահերի մասին է խոսքը:

– Խոսքը արաբական որոշ երկրների մասին է, ինչպես, օրինակ, Քաթարի, եւ ոչ պակաս նաեւ` Թուրքիայի բացասական դերակատարության մասին:

– Օրեր առաջ ԱՄՆ Պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել էր, թե Սիրիայում քաղաքացիական պատերազմի բոլոր հնարավորությունները կան, եւ, որ դրսի միջամտությունը իրավիճակն ավելի կսրի` այն հասցնելով վատթարագույնի: Մյուս կողմից էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստվում է դատապարտել Սիրիայի Կառավարությանը` սպառնալով, որ Սիրիային կհեռացնի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի կազմից: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունները:

– Համաձայն եմ, որ քաղաքացիական պատերազմի նշույլներ արդեն կան: Անշուշտ, ԱՄՆ-ը քիչ ջանք չի խնայում որոշ ընդդիմադիրներին արտաքին միջամտություններ պարտադրելու: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի վերոնշյալ հայտարարությանը` Սիրիային մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեից հանելուն, ապա նշեմ, որ որոշ տեղեկագիրների համաձայն` Սիրիայում երկու կողմերն էլ` իշխանությունն ու ընդդիմությունը, իրագործել են արյունահեղություն: Միաժամանակ ավելանում են օտար թղթակիցների սպանությունները:

– Դուք նշեցիք նաեւ, որ սկզբից իրավիճակն այլ էր, հիմա` ուրիշ: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը, բախումները ո՞ր շրջաններում են տեղի ունենում:

– Սկզբում բողոքի ցույցերն ու ակցիաները տեղի էին ունենում արվարձաններում, հատկապես Հոմսում եւ Տարաս քաղաքում (Սիրիայի հարավում է գտնվում), հետո կամաց-կամաց սկսեց ընդգրկել Տեր Զորի, Հալեպի, Քամըշլիի եւ Դամասկոսի արվարձանները: Սա տեւեց ամիսներ: Իսկ հիմա Հոմս քաղաքի մեջ են բախումները, ինչպես նաեւ Համայում եւ Իտլեպում: Մայրաքաղաք Դամասկոսի եւ Հալեպի ծայրամասերում խլրտումներն ուժեղացել են, եւ զինյալ երեւույթներն էլ ավելի շատ են: Իշխանությունը տարածել է իր ապահովման միջոցները: 6-7 ամիս առաջ նման երեւույթներ չկային: Նշյալ իրավիճակը սկսվեց, երբ մի քանի պայթուններ տեղի ունեցան կամ, կարելի է ասել, հարձակումներ պետական եւ ապահովագրական կենտրոնների վրա: Ավելացնեմ, որ ամիսներ առաջ ավելի ապահով էր փողոցներում` նկատի ունեմ հենց Դամասկոսի մեջ, իսկ հիմա առեւանգման դեպքեր կատարվում են նույնիսկ Հալեպում: Գողության եւ թալանի դեպքերը շատացել են:

– Իսկ այժմ ինչպիսի՞ն է հայերի կացությունն այդտեղ:

– Քանի որ հայերն ապրում են քաղաքներում եւ կենտրոնական հատվածներում, այսինքն` այսպես ասած` լավ թաղամասերում, նրանք հեռու են խլրտումներից, որոնք ավելի շատ ընդգծված են ծայրամասերում: Նշեմ, որ ստեղծված իրավիճակն ազդել է նաեւ հայերի տնտեսական պայմանների վրա: Ինչպես գիտեք, Սիրիան բավականաչափ տուժեց պատժամիջոցներից, հետեւաբար, գործազրկությունն ու գնաճն ազդեցին նաեւ սիրիահայ համայնքի զավակների վրա:

– Ներկայում որքա՞ն է հայերի թիվը Սիրիայում, եւ մասնավորապես, ի՞նչ աշխարհագրական բաշխվածություն ունեն:

– Սիրիայում հայերի ընդհանուր թիվը 80.000 է, որից 50-60 հազարը բնակվում է Հալեպում, 6-7 հազարը` Դամասկոսում, իսկ մնացածը` Լաթաքիայում, Քեսաբում եւ Քամըշլիում: Հիշեցնեմ, որ Հոմսի հայերի մի մասն արդեն տեղափոխվել է Հալեպ, մյուս մասը` Լիբանան` նայած աշխատանքի ասպարեզին: Խնդրում եմ` «տեղափոխել» բառը չչափազանցնել, քանի որ խոսքը միայն մի քանի ընտանիքների մասին է: Այսօր Սիրիայում կա նաեւ աշխատանքի խնդիր: Երիտասարդներն սկսել են աշխատանքի առիթներ փնտրել այլ տեղերում, որոշներն էլ ուսումը շարունակելու համար մեկնել են Հալեպի համալսարան կամ Լիբանան: Հայերը երբեք խուճապի մատնված չեն եղել Սիրիայում: Կան հայեր, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, իսկ Հայաստան տեղափոխվելու շատ քիչ դեպքեր կան, քանի որ մեծ մասը, տարբեր հանգամանքներից ելնելով, չեն մտածում այդ մասին:

– Ինչո՞ւ:

– Կարծում եմ` Հայաստանում աշխատանք գտնելու խնդիրներ կառաջանան, հետո ասեմ նաեւ, որ շատ դժվար է սիրիահայերի համար լքել Սիրիան: Դա հոգեբանական վիճակ է, որ սփյուռքահայը կարող է զգալ: Հայաստանի եւ այլ երկրների մամուլն ու սոցիալական ցանցերը հորդում են այլեւայլ հոդվածներով եւ վերլուծություններով, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Մենք հիմա քննարկում ենք շատ նուրբ հարց, որ կարող է հարվածել սփյուռքին, եւ ամենակարեւորը` դասական սփյուռքի հատվածին:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Այսինքն` կարդում ենք, թե Սիրիան հայաթափվում է, հայերը լքում են Սիրիան, ու նման անհեթեթություններ կամ խրատների տարափ, որ սիրիահայերը պետք է մասնակցեն ընդդիմության հեղափոխությանն ու նման այլ արտահայտություններ, որոնք հեռու են քաղաքական մտքից, եւ իրենց ձեւով հարվածում են հայկական սփյուռքի իրականությանը:

– Այսինքն` ըստ Ձեզ` Սիրիայում հայաթափման խնդիր չկա՞:

– Ես տեսնում եմ, որ այս պահին հայաթափումից շատ հեռու ենք: Իրավիճակից դժգոհողներ կան, սակայն տեղափոխվելու կամ հայաթափման խնդիր չկա:

– Իսկ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն ի՞նչ աջակցություն է ցուցաբերում սիրիահայ համայնքին:

– Այս դեպքում աջակցություն խնդրելու կարիք չկա: Եթե Հայաստան տեղափոխվողներ լինեն, կդիմեն տեղում:

– Ամեն դեպքում չորեքշաբթի ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրի ղեկավար Վալերի Ամոսը ժամանել է Սիրիա` մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով: Ի՞նչ կփոխվի նրա այցից հետո:

– Կարծում եմ` այդ ամենը կապված է շաբաթ օրը ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի այցի հետ (ի դեպ, նշենք, որ Քոֆի Անանը նշանակվել է ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Սիրիայում եւ Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ.- Մ.Մ.): Թերեւս, փորձելու են քաղաքական լուծում գտնել: Դժվար է ասել, թե ինչ լուծում կլինի, քանի որ ընդդիմությունը մերժել է Անանի ներկայացրած առաջարկները: Սիրիան մի քանի ընդդիմություն ունի: Արտաքին ընդդիմության մի տեսակը մերժում է որեւէ երկխոսություն եւ պնդում է արտաքին զինվորական միջամտություն ու իշխանափոխություն: Պայքարողները մի քանի կողմեր են, որոնք տարբերվում են մեկ բանով` մեկն ուզում է արտաքին միջամտություն, մյուսը` ոչ, բայց, ի վերջո, երկուսն էլ համաձայն են իշխանափոխության: