«Մամա»-ն արդեն երգացանկում է

10/03/2012

Մարտի 8-ին` մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ երգչուհի Սոֆի Մխեյանն իր եւ բոլորի մայրերին նվեր է պատրաստել. մարտի

8-ին նա նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը կոչվում է «Մամա»: «Իմ լավ ընկեր Անի Ավդալյանն ինձ ասաց, որ ընկերներից մեկն իր մայրիկի` տիկին Կիմայի ծննդյան 70-ամյակի առթիվ ուզում է նրան երգ նվիրել, եւ առաջարկեց` ինքս կատարեմ այդ նոր գործը: Քանի որ շատ անկեղծ երգ է, համաձայնեցի. «Մամա»-ն արդեն իմ երգացանկում է: Շնորհակալ եմ Անիին, որ նման հետաքրքիր համագործակցության առիթ ստեղծեց»,- bravo.am-ի հետ զրույցում ասել է Սոֆին` հավելելով, թե երգի ձայնագրվելուց հետո որոշել են տեսահոլովակ նկարահանել, թիմ է հավաքվել ու անցել են գործի: Տեսահոլովակում ռեժիսորի` Արեն Բայադյանի առաջարկով` մայրիկի կերպարում հանդես է գալիս ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը. «Արենին խնդրեցի, որ այդ պարտականությունն իմ վրա վերցնեմ, հանդիպեցի տիկին Էվելինային, որը մեծ սիրով արձագանքեց իմ առաջարկին: Երբ նա լսեց երգը, աչքերն արցունքոտվեցին…»:

Այսպիսով, «Մամա»-ի գլխավոր հերոսները Սոֆի Մխեյանն ու Էվելինա Շահիրյանն են: Ըստ կայքի` սյուժեում փորձել են ցույց տալ 6-րդ զգայարանի առկայությունը, որով մայրն ապրում է այն զգացողությունները, որ տվյալ պահին ունի իր աղջիկը. «Տեսահոլովակի հիմքում հույզերն են: Կարծում եմ` այն տեսնելուց հետո յուրաքանչյուր մարդ կցանկանա ամուր գրկել իր մայրիկին…»: Սոֆի Մխեյանը նաեւ նշել է, որ իր երկրպագուների համար նոր անակնկալներ ունի` երգեր, տեսահոլովակ, ալբոմ եւ մենահամերգ. «Ինչպես արդեն նշել եմ` 2012-ը ստեղծագործական առումով թեժ է լինելու: Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց հավատում եմ, որ թվարկածներս կիրականանան»: Երգչուհին պատրաստվում է համերգներով հանդես գալ Փարիզում ու Ռուսաստանի մի քանի քաղաքում: