Հավերժ շտաբի պետը

08/03/2012

Իշխանական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը կարող է վերադառնալ նախկին պաշտոնին: Ընդ որում, այդ խոսակցությունների համաձայն, այդ պաշտոնին նրան կբերի արդեն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ըստ որոշ տեղեկությունների, Գ.Ծառուկյանն իր մերձավորներին ասել է, թե ԱԺ ընտրություններից հետո պատրաստվում է նախագահ Սերժ Սարգսյանի առաջ պայման դնել` 2013թ. նախագահական ընտրություններին նրա թեկնածությունը պաշտպանելու համար ԱԺ նախագահի պաշտոնին վերադարձնել Հ.Աբրահամյանին: Հատկապես, եթե ՀՀԿ-ն հաղթի, ու Հ.Աբրահամյանը լինի հաղթող շտաբի պետ: Նույն աղբյուրների համաձայն, վերջինս, իր հերթին, իր ազդեցության տակ գտնվող մարդկանց ասում է, որ վերադարձնելու է իր նախկին պաշտոնը: Ի դեպ, շրջանառվում են նաեւ հակառակ տեսակետները, թե Հ.Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից հետո որոշ ժամանակ դեռ պետական պաշտոն չի ունենա, նա ՀՀԿ-ի նախընտրական շտաբից անմիջապես կտեղափոխվի նախագահական ընտրություններում Ս.Սարգսյանի շտաբի պետի պաշտոնին, ինչը մի անգամ եղել է 2008թ.: Մեր աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունները քննարկել են, որ ճիշտ չի լինի, եթե շտաբի պետ դառնալու համար Հ.Աբրահամյանը եւս մեկ անգամ նույն պաշտոնից հրաժարական տա: