Մեր Հայրենիք, թշվառ, անտեր

08/03/2012

Մինչ անցած երկու օրերին նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հայտարարում էր Հայաստանի եվրաինտեգրման շարունակականության ու խորացման մասին, ու մինչ Երեւանում կարծիքներ էին հնչում, որ դա կարող է առաջացնել Ռուսաստանի խանդը, երեկ ՀՀ կառավարությունն ընդունեց մի քանի որոշումներ, որոնցով եւս մեկ անգամ եւ մեկընդմիշտ հավաստեց Հայաստանի հավատարմությունն` առ ՌԴ իշխանությունները: «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ ՀՀ-ում եւ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման համար անշարժ գույքի փոխադարձաբար տրամադրման համաձայնագրին համապատասխան գործադիրը Ռուսաստանի Դաշնությանը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել է 3 հա հողատարածք` 495.9 քմ ընդհանուր տարածքով շենքերի եւ շինությունների հետ միասին (Արզական, ՀՀ կառավարության «Աղվերան» հանգստի բազա), 1.0 հա ընդհանուր մակերեսով հողատարածք` ՌԴ դեսպանի կեցավայրի կառուցման նպատակով (Երեւանի Աջափնյակ թաղամասում), Աշտարակ-Երեւան խճուղու եւ «Վահագնի» թաղամասի հարեւանությամբ, Երեւանի Գրիգոր Լուսավորչի 13 հասցեում գտնվող 156 քմ հողատարածքը` շինության հետ միասին` ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնի համար, եւ 158 քմ հողատարածք հիմնական նախամուտք կառուցելու նպատակով, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի տուն N 5/2 հասցեում գտնվող շենքերի եւ շինությունների համալիրը եւ նշյալ համալիրին պատկանող հողատարածքը»,- նշված է այդ որոշումների մասին Կառավարության կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության մեջ` «Միջազգային համագործակցություն» խորագրով: Սակայն, կա մի նրբություն, որը ցույց է տալիս, որ ՀՀ կառավարությունը վերը նշված տարածքներն ուղղակի նվիրաբերել է ՌԴ-ին: Պաշտոնապես ներկայացվում է, որ ՀՀ կառավարությունն այս բոլոր շինություններն ու հողատարածքները ՌԴ-ին է տրամադրում «փոխադարձության» սկզբունքով, այսինքն` դրանց դիմաց Հայաստանը կստանա ՌԴ-ում գտնվող ՀՀ դեսպանատան շենքը: Սակայն դա, մեղմ ասած` չի համապատասխանում իրականությանը: ՌԴ օրենսդրությամբ արգելվում է այլ երկրներին սեփականության օտարում իրականացնել եւ, ինչպես երեկ պարզաբանել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանը Մոսկվայում մեր դեսպանատան շենքը կստանա խորհրդանշական գումարով եւ 100 տարվա օգտագործման իրավունքով: Մինչդեռ, ինչպես երեւում է ՀՀ կառավարության որոշումից, ՌԴ-ին ամեն ինչ տրվել է անհատույց` սեփականության իրավունքով: Տվյալ դեպքում խնդիրն, իհարկե, այն չէ, որ ՀՀ-ի կողմից նվիրաբերվող անշարժ գույքն ու հսկայական տարածքներն անհամեմատելի են Մոսկվայում ՀՀ դեսպանատան շենքի հետ, եթե նույնիսկ վերջինս Հայաստանին տրամադրվեր սեփականության իրավունքով եւ անվճար: Խնդիրն այն է, որ այս քայլով ՀՀ իշխանությունները եւս մեկ անգամ եւ ավելի անդառնալիորեն ցույց են տալիս Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստի, պլացդարմի, գուբերնիայի կամ ռուսահաճո որեւէ տարածքի վերածելու իրենց անխոնջ նվիրվածությունը: Գուցե այս գնահատականը չափազանցված է թվում, քանի որ կարծիքներ են հնչում, թե նման «ժեստերով» ՀՀ իշխանությունները փորձում են մեղմել ՌԴ-ի խանդը կամ զայրույթը եվրոպական կամ արեւմտյան ուղղությամբ խորացող հարաբերությունների նկատմամբ: Դա եւս բացառված չէ: Սակայն, եթե Հայաստանն արդեն այնքան է կորցրել արտաքին քաղաքականության ոլորտում որոշումներ կայացնելու սուվերեն իրավունքը, որ ցանկացած քայլի դիմաց պետք է «վճարի» Ռուսաստանին, ապա կարող է ստացվել այնպես, որ Հայաստանը, ասենք, Եվրամիության ասոցիացված անդամ դառնա` չունենալով որեւէ սեփականություն սեփական տարածքում: