«Մենք սպասում էինք, տանջվում էինք, համբերում: Այն ժամանակ Հայաստանի տնտեսությունը վերելք էր ապրում, եւ մենք դեռ կարող էինք համբերել: Այժմ տնտեսությունն անկում է ապրում, եւ մենք չենք կարող համբերել: Ուստիեւ, մենք ասում ենք` կա՛մ հայտարարում ենք սնանկության մասին, կա՛մ «Զվարթնոց» օդանավակայանը 25 տոկոսով իջեցնում է իր սպասարկման գները»,- երեկ հրավիրված ասուլիսում` անդրադառնալով նախօրեին «Արմավիայի» թռիչքների դադարեցմանը եւ հայտարարված գործադուլին, հայտարարել է «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: «Մենք ցանկանում էինք արդեն կանգնեցնել «Արմավիայի» աշխատանքը: Նրանք մեզ խնդրեցին, թե մինչեւ երեքշաբթի պատասխան կտան, ասացին` խնդրում ենք ձեզ մինչեւ երեքշաբթի թռիչքներ իրականացրեք: Մենք ասացինք` լավ, կթռչենք, բայց չենք վճարի սպասարկման համար: Հիմա ոչինչ չենք վճարում, վճարում ենք միայն ավիակերոսինի համար, որի համար օրական վճարում ենք 40 միլիոն դոլար»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է «Արմավիայի» սեփականատերը: Հիշեցնենք, որ մարտի 6-ին, ժամը 06:45-ից նշյալ ընկերությունը դադարեցրել էր Երեւան-Մոսկվա եւ Երեւան-Ռոստով չվերթերի սպասարկումը: Այդ կապակցությամբ ընկերությունը հայտարարեց, թե գործադուլի պատճառը օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագներն են: Ընդ որում` հայտարարված գործադուլի հետեւանքով բավական անելանելի վիճակում էին հայտնվել այն ուղեւորները, ովքեր վերոնշյալ չվերթով պետք է մեկնեին Հայաստանից: Ավիաընկերությունը ուղեւորներին խորհուրդ էր տվել ավիատոմսերը վերադարձնել այն ավիագործակալություններին, որտեղից գնել էին: Ի դեպ, ուղեւորների փոխանցմամբ` այդ դեպքում ավիագործակալությունները ավիատոմսի 20%-ի չափով պահումներ են անում, ինչը, ըստ նրանց` իրենց ձեռնտու չէր: Ինչեւէ, հիշեցնենք նաեւ, որ գործադուլի ընթացքում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ազգային փոխադրող «Արմավիայի» մասին հանդես եկավ հայտարարությամբ` մասնավորապես նշելով, որ ավիաընկերությունն օգտվում է իրենց կողմից տրամադրված հատուկ սակագներից, եւ, որ իրենք բացասական են գնահատում «Արմավիա» ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները եւ անհիմն ու կեղծ մեկնաբանությունները: «Ավելին, ըստ «Ռոսնավիգացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք»,- ասված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության հայտարարության մեջ: Նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում ազգային փոխադրողը դադարեցրեց գործադուլը: Այս հանգամանքի պարզաբանումը, սակայն, տվեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, ըստ որի` ազգային ավիափոխադրողն իր պարտքի շուրջ համաձայնության է եկել «Ռոսնավիգացիա» կազմակերպության հետ: Նշյալ համաձայնության մասին երեկ փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ «Արմավիա» ավիաընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովայից: Վերջինս մեր հարցերին պատասխանեց գրավոր տարբերակով: «Արմավիան» այդ խնդիրն առաջին անգամ չէ, որ բարձրացնում է «Զվարթնոցի» դեմ: Ասում էին, երբ որ շինարարությունը կվերջանա, զեղչ կլինի, բայց` չեղավ: Վերջին բարձրացումն իրենց կողմից եղավ փետրվարին` գինն ամեն ուղեւորի սպասարկման համար բարձրացավ 2 եվրոյով»,- իրավիճակն այսպես մեկնաբանեց ավիաընկերության մամլո խոսնակը: Վերջինս հերքեց այն տեղեկատվությունը, ըստ որի` «Արմավիան» «Ռոսնավիգացիա» կազմակերպության հետ խնդիրներ ունի: Մեր այն հարցին, թե ավիաընկերությունը «Ռոսնավիգացիա» կազմակերպության հետ ի՞նչ համաձայնություն էր ձեռք բերել, Ն. Ավետիսովան պատասխանեց. «Ռուսնավիգացիայի» հետ որեւէ խնդիր չկա, խնդիրը միայն «Զվարթնոցի» հետ է, որը պիտի «Արմավիային»` որպես ազգային ավիափոխադրողի, գնային առավելություն (լգոտա) տա»: Ի դեպ, երեկ Մ. Բաղդասարովը հրապարակել է նաեւ «Զվարթնոցին» ունեցած պարտքը` 4,7միլիոն եվրո: Ինչեւէ, ինչ վերաբերում էր ժամեր շարունակ անելանելի վիճակում հայտնված ուղեւորներին, որոնց, շատերի ասելով, ավիաընկերությունը որեւէ հարցում չէր օգնել` ջրի, սննդի, ավիատոմսերը վերադարձնելու, ավիաընկերության մամլո խոսնակը դա կտրականապես հերքեց: «Ինչ վերաբերում է ուղեւորներին, երեկ բոլորը 3 ժամից հետո ապահովված էին եղել սննդով եւ ջրով, ով որ ուզում էր տոմսերը վերադարձնել` վերադարձնում էին, բայց բանակցություններից հետո` 14:30-ին, բոլորը հրավիրվել էին ռեգիստրացիայի: Բանակցությունների ավարտը կլինի մինչեւ երեքշաբթի օրը, բայց «Արմավիան» նորմալ, իր չվացուցակի համաձայն` կատարում է թռիչքներ»: Նշենք, որ խոսքը ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության միջնորդությամբ մարտի 6-ին հրավիրված «Արմենիայի» եւ «Արմավիայի» միջեւ բանակցությունների մասին է: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ավիաընկերությունն արդյո՞ք պարտք ունի «Արմենիա միջազգային օդանավակայանին», Ն. Ավետիսովան պատասխանեց. «Այո՛, պարտք կա, բայց դա ընթացիկ պարտք է, եւ գումարի մասին, ես կոմպետենտ չեմ` պատասխանեմ»: Իսկ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամլո խոսնակ Գեւորգ Աբրահամյանն էլ շարունակեց պնդել մարտի 6-ին ընկերության տարածած հաղորդագրությունը` անհիմն համարելով «Արմավիայի» սակագների բարձրացման հանգամանքի մեջբերումը: «Այո՛, մենք անհիմն ենք որակել «Արմավիայի» ասածները եւ ոչ ճիշտ: Այն, որ իրենք իրենց ակցիան կապում են օդանավակայանի ինչ-որ սակագների հետ, իսկ իրականում իրենք խնդիրներ ունեին «Ռոսնավիգացիայի» հետ, եւ պատճառն այդ կազմակերպության հետ ծագած խնդիրն էր, որ իրենք թռիչքներ չէին իրականացնում, եւ պատճառաբանում էին, թե օդանավակայանի սակագներն էին բարձր»,- ասաց Գ. Աբրահամյանը` նշելով, որ ավիաընկերությունն օգտվում է օդանավակայանի կողմից սահմանված սակագներից, իսկ թե ի՞նչ սակագների մասին էր խոսքը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամլո խոսնակը դժվարացավ պատասխանել. «Արմավիան» օգտվում է հատուկ սակագներից, ցավոք, դա կոմերցիոն գաղտնիք է, չեմ կարող ասել, բայց վստահեցնում եմ` կա հատուկ սակագին «Արմավիայի» համար»: Մամլո խոսնակը նաեւ նշեց, որ եղել են դեպքեր, երբ օդանավակայանը դադարեցրել է ազգային ավիափոխադրողի թռիչքների սպասարկումը պարտքերի պատճառով: Վերջինիս խոսքով` ավիաընկերությունը օդանավակայանին գումար է պարտք, իսկ թե ինչքան` դժվարացավ պատասխանել: «Չեմ կարող ասել, դա կոմերցիոն գաղտնիք է, բայց, համենայն դեպս, կարող եմ նշել, որ 2 անգամ գերազանցում է պայմանավորված չափը: Գոյություն ունի պայմանավորված չափ, թե օդանավակայանին ինչքան պարտք կարող է ունենալ, դա անընդհատ գոյացող պարտք է»,- ասաց Գ. Աբրահամյանը` ավելացնելով, որ պարտքը կուտակվել է վերջին 3-4 ամիսների ընթացքում: Իսկ հնարավո՞ր է` այդ պարտքերի պատճառով օդականավակայանն արգելի ավիաընկերության թռիչքների սպասարկումը. սա «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամլո խոսնակը չբացառեց: Իսկ երկու ընկերությունների միջեւ բանակցությունների միջնորդ հանդես եկող Քաղաքացիական ավիացիայի վարչության մամլո խոսնակ Նելլի Չերչինյանի փոխանցմամբ` ուղեւորների իրավունքների ոտնահարման պատճառով իրենք որոշեցին երկու տնտեսվարող սուբյեկտներին հրավիրել բանակցությունների: Իսկ թե ի՞նչ արդյունք ունեցան այդ բանակցությունները, եւ ընդհանրապես որո՞նք են Քաղավիացիայի վարչության գործառույթները, կարգավորիչ դերը ստեղծված իրավիճակում, Ն. Չերչինյանը պատասխանեց. «Ոչ, քանի որ այն առանձին ընկերություն է, Քաղավիացիան որեւէ կարգավորիչ գործառույթ չունի, եւ հետագա քննարկումից պարզ կլինի, թե Քաղավիացիան ինչպիսի դիրքորոշում կարող է ունենալ: Այս պահի դրությամբ որեւէ մեկնաբանություն այս հարցի մասին չեմ կարող տալ»: