«Ցուցակ կազմելն անշնորհակալ գործ է»,- ասում է ՀԺԿ քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը

08/03/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Հարությունյան, արդեն մի շաբաթ է` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է զբաղվում Կոնգրեսի համամասնական ցուցակը կազմելով: Այս ընթացքում ինչ-որ նախնական տարբերակ ներկայացվե՞լ է Կոնգրեսի քաղխորհրդին:

– Տեղեկություններ չունեմ, անցեք առաջ, դեռ չի ներկայացվել:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում այն չորս կառույցների քայլը, որոնք հայտարարել են, թե ՀԱԿ-ի հետ ընտրություններին չեն մասնակցի:

– Միայն Սամվել Հարությունյանն է հայտարարել, այն էլ դեռ որոշակի չէ: Ես վերջնական չհասկացա, դո՞ւրս էր գալիս, թե՞ դուրս չէր գալիս: Նրանք հայտարարել են, որ չեն մասնակցում ընտրություններին:

– Ի վերջո, Ձեր կարծիքով` Կոնգրեսում առաջացած այդ տարաձայնության պատճառը ո՞րն էր, իսկապե՞ս մարտավարության հետ կապված խնդիր կար: Թե՞ տարաձայնությունը համամասնական ցուցակի հետ է կապված: Չէ՞ որ այդ տարաձայնությունն առաջացավ համամասնական ցուցակի քննարկման ընթացքում:

– Դա իրենք թող ավելի պարզ ասեն, որովհետեւ մինչեւ այդ հունվարի 30-ին մենք որոշում էինք ընդունել, որ բոլորս` նաեւ այդ չորսը մասնակցում ենք ընտրություններին: Փաստորեն, այս փուլում այդ չորսը հայտարարեցին, որ իրենք չեն ցանկանում մասնակցել ընտրություններին, բայց մնում են ՀԱԿ-ի մեջ: Խնդիր չկա: Նորմալ երեւույթ է, չեն ուզում, չեն մասնակցում: Օրինակ, ես էլ չեմ ուզում մասնակցել ընտրություններին:

– Այսինքն չե՞ք ուզում լինել համամասնական ցուցակում:

– Այո, չեմ ուզում: Ամենայն հավանականությամբ, կարող է եւ ցուցակում չլինեմ: Դա էական չի, եւ ինձ համար խնդիր չէ:

– Նրանց համար միգուցե խնդիր էր, որովհետեւ որոշ տեղեկությունների համաձայն` ցուցակի քննարկման նախնական տարբերակով նրանք առաջին 30 տեղերում չեն լինի: Միգուցե դրա՞ համար դուրս եկան:

– Ես չեմ կարող ասել, որովհետեւ դեռ ցուցակ չեմ տեսել, որ ասեմ, թե ով ուր է եղել: Նախնական ենթադրություններ են դրանք: Ուրեմն քննարկվել են միայն ցուցակը կազմելու սկզբունքները, ուրիշ ոչինչ: Հետո, սկզբունքների քննարկման ժամանակ, երբ վերջնական կոնսենսուսի չեն եկել, տարաձայնություն է եղել: Եվ գտան հարմար, որ այդ պարտականությունը տրվի Կոնգրեսի ղեկավարին` հաշվի առնելով մինչ այդ Կոնգրեսի քաղխորհրդի քննարկումները:

– Դժգոհողները որպես պատճառ էին ներկայացրել այն, որ Կոնգրեսն ավելի ակտիվ չէ, եւ ավելի վճռական քայլեր չի լինում իր նպատակների լուծմանը հասնելու համար:

– Ես էլ կցանկանայի, որ ավելի ակտիվ լինեինք, հիմա այդքան է ստացվել, ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչ է նշանակում` ավելի կամ քիչ ակտիվ: Հիմա չի ստացվել, ի՞նչ անենք, այդ մարդիկ ի՞նչ անեն, Կոնգրեսի ղեկավա՞րն ինչ անի: Համենայնդեպս, իմ կարծիքով` Կոնգրեսը գործել է ազնիվ: Սա ամենակարեւորն է:

– Փաստորեն, Կոնգրեսում էլ ցուցակ կազմելու գործն անցավ ՀԱԿ ղեկավարի ձեռքը, ինչպես գրեթե բոլոր կուսակցություններում իրենց նախագահներն են դա կազմում:

– Դա նորմալ երեւույթ է: Կուսակցության մեջ ցանկացած կուսակցականի աշխատանքը ավելի շատ տվյալ կազմակերպության ղեկավա՞րը չի գնահատում: Նորմալ է: Ի դեպ, դա անշնորհակալ գործ է, ես վաղուց նման գործընթացների մեջ եմ, եւ ձեզ ասեմ, որ դա շատ ծանր գործ է: Ինչու այն ժամանակ հե՞շտ էր «Արդարություն» դաշինքի գործը: Դժվար էր: Մարդիկ կան, որ մտածում են, թե իրենք ամենալավն են, որ իրենք ավելին են, քան կողքիններին թվում է: Մարդկային շատ բնավորություններ ու ամբիցիաներ կան: Դրա համար էլ ես ասել եմ, թե` ինձ ամենավերջում դրեք:

– Ս.Հարությունյանը նաեւ հայտարարել էր, թե իրենք գրեթե կոնսենսուսի եկել էին: Կոնգրեսի մաս կազմող 13 կառույցներ համաձայնել էին ինչ-որ սկզբունքների շուրջ, եւ մի քանի կուսակցություններ, այդ թվում եւ` ՀԺԿ-ն, տապալել են այդ գործը:

– Ուրեմն կոնսենսուսը նշանակում է այն, երբ տասից տասը գալիս են մի կարծիքի: Եթե տասից մեկը կամ երկուսը չեն գալիս այդ կարծիքին, նշանակում է, որ չկա կոնսենսուս, այսինքն` տվյալ քաղաքական միավորներն ընդհանուր հայտարարի չեն եկել: Բնականաբար, այսպես է ստացվել, ինչը նորմալ է:

– Ստացվում է, որ Կոնգրեսում փոքրամասնությո՞ւնը հաղթեց մեծամասնությանը:

– Հա, ինչ վատ է, որ: Կարելի է ասել, որ ոչ մի հաղթել ու պարտվել չկա: Նպատակահարմար է, որ Կոնգրեսի ղեկավարն ինքը կազմի ցուցակը: Իր համար շատ վատ է, դժվար է, բայց մնացածների համար շատ նորմալ է:

– Ձեր կարծիքով` Կոնգրեսի գործունեությունը որպես ընդդիմադիր հիմնական ուժ` արդարացնո՞ւմ է հասարակության սպասելիքները:

– Իր հնարավորությունների սահմաններում: Ես չեմ որոշողը, որոշողը ժողովուրդն է: Կարծում եմ, որ ինչ-որ չափով արդարացնում է, որ կարողանում է նման հանրահավաքներ կազմակերպել:

– Բայց մարտի 1-ի հանրահավաքին սպասվածից ավելի քիչ մարդ էր եկել:

– Դուք եղե՞լ եք հանրահավաքին:

– Այո:

– Ճիշտ չեք ասում, որ քիչ էին եկել: Վերեւից պետք է նայեիք:

– Նայել եմ, նախորդ հանրահավաքների համեմատ շատ էին, բայց անցած տարվա մարտի 1-ի ու գարնանային մյուս հանրահավաքի համեմատ քիչ էին:

– Կարող է անցած տարի 400-500 մարդ ավելի եկած լինեին, դա չի որոշիչը: Այսքան ծանր իրավիճակներից ու ճնշումներից հետո այդքան մարդ է եկել: Անցնող մի տարվա ընթացքում երկրից հեռացել է մոտ 60 հազար մարդ: Ընդ որում, գիտեք, հիմնականը հեռացել են քաղաքականապես ակտիվ, պայքարող մարդիկ: Եվ պայքարող ակտիվ մասսան գնալով` սպառվում է Հայաստանում: Վարչապետն ինչպես էր ասել` մնան, որ հեղափոխությո՞ւն անեն: Բա մնան` հեղափոխություն կանեն: Տղերքը պայքարում են հեղափոխության դեմ, չէ՞: Դա իրենց մոտ ստացվում է: