ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ ՀՀ նախընտրական ծրագիրը կազմելու խնդիրը դրված է վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա: «Այս պահին մենք պարզապես վարչապետի միջոցով մեր նախընտրական ծրագիրն ենք կազմում: Այդ խնդիրը, որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, դրված է Տիգրան Սարգսյանի վրա. նախընտրական ծրագրի եւ՛ սկզբունքները, եւ՛ կազմելը, եւ՛ պարբերաբար էլ այստեղ շտաբում քննարկումներ ենք անում ծրագրի այս կամ այն դրույթի կապակցությամբ»,- ասել է Գ. Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Տ. Սարգսյանը վերջին շրջանում ակտիվ մարզային այցելություններ կատարում եւ հանդիպումների ընթացքում էլ տարբեր խոստումներ տալիս ընտրողներին: Հարցին էլ, թե ինչո՞ւ հենց վարչապետը պետք է այդ նախընտրական ծրագիրը կազմի, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է, որ նման որոշում է կայացրել ՀՀԿ գործադիր մարմինը, որը, հիշեցնենք` ղեկավարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այդպես ենք որոշել` գործադիր մարմնի յուրաքանչյուր անդամ իր խնդիրն ունի»,- նշել է Սահակյանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ նախընտրական ծրագիրը կազմելու գործընթացին չի մասնակցում նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, Գ. Սահակյանն ասել է, թե Աբրահամյանը կազմակերպչական հարցերով է զբաղվում: Հիշեցնենք, որ հենց Տ. Սարգսյանի ծրագրերի շարքին են պատկանում` Գյումրին` նավահանգիստ, Դիլիջանը` ֆինանսական կենտրոն դարձնելու տխրահռչակ ծրագրերը:
Այսպիսով, եթե իսկապես ՀՀԿ նախընտրական ծրագիրը կազմում է Տ. Սարգսյանը, ապա ազատ ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն է «քաշվելու», ընտրությունների «հանրապետական» սցենարի դեպքում` Հայաստանն ու հայ հասարակությունը: