«ԼՂ-ում նոր պատերազմը կլինի տեւական եւ կործանարար»

08/03/2012

Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն ադրբեջանական Turan գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրին` ասել է. «Մեկ տարի առաջ Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է «Հայաստան եւ Ադրբեջան. պատերազմի կանխում» խորագրով զեկույցը, որում մենք զգուշացրել էինք իրավիճակի սրման հնարավորության մասին, քանի որ երկու կողմն էլ մասնակցում են սպառազինությունների մրցավազքին, շփման գծում բախումների էսկալացիային, ռազմաշունչ հռետորիկային, ինչը դանդաղեցնում է բանակցային գործընթացը»: Նրա խոսքով` Ադրբեջանում եւ Հայաստանում կան ուժեր, որոնք կարծում են, թե հնարավոր է հասնել արագ հաղթանակի: «Սակայն մեր զեկույցում նշված է, որ յուրաքանչյուր պատերազմ կլինի տեւական եւ ծանր: Ադրբեջանի զինված ուժերը կազմում են 95.000 մարդ, իսկ Հայաստանինն ու Լեռնային Ղարաբաղինը` մոտ 70.000 մարդ: Գնալով կողմերի զինանոցները դառնում են ավելի ու ավելի մահաբեր եւ ունակ են տեւական պատերազմ մղելուն: Դրանք կարող են հասնել խոշոր բնակավայրերին, կենսական նշանակություն ունեցող ենթակառույցներին ու հաղորդակցության ուղիներին»,- հայտարարել է Ս. Ֆրեյզերը: Նաեւ հավելել է. «Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը կլինի այն, որ հայկական զորքերն ունեն մարտավարական առավելություն, քանի որ նրանք վերահսկում են ԼՂ-ի շուրջ ընկած բարձունքների մեծ մասը: Բացի Ֆիզուլուց ու Ջեբրայիլից, յուրաքանչյուր հարձակում կվերածվի բարդ լեռնային ռելիեֆում ծանր պայքար մղելուն, իսկ Ադրբեջանից պահանջվում է նվազագույնը եռակի առավելություն կենդանի ուժի ու սպառազինության հարցերում: Լիովին հնարավոր է, որ տարածաշրջանային պետություններն էլ կներքաշվեն այդ պատերազմի մեջ` թեեւ Ռուսաստանն ու Թուրքիան ներկայումս մոտ ռազմավարական դաշնակիցներ են: Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կփորձի ապահովել Ռուսաստանի ռազմական միջամտությունը` հենվելով ՀԱՊԿ-ի շրջանակներում նրա ստանձնած պարտավորությունների վրա: Դժվար է ասել, թե արդյո՞ք ռուսներն ուղղակի մասնակցություն կցուցաբերեն այդ պատերազմում: Սակայն Գյումրիի ռուսական ռազմաբազայի համաձայնագիրը փոփոխության ենթարկվեց 2010թ. օգոստոսին: Ստորագրված փաստաթուղթն իրենում ներառում է անվտանգության երաշխիքներ` ընդդեմ ՀՀ-ի անվտանգության ընդհանուր սպառնալիքների: Հայ-ռուսական ռազմական համաձայնագրի թարմացումից մեկ օր առաջ` 2010թ. օգոստոսի 16-ին, Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրեցին ռազմավարական գործընկերության ու փոխօգնության մասին պայմանագիր, որով նախատեսվում է աջակցել միմյանց բոլոր հնարավոր միջոցներով` նրանցից մեկի հարձակման ենթարկվելու դեպքում: Ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ վնաս կպատճառի էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի շահերին, Հարավային Կովկասի զարգացմանը, դեպի Եվրոպա էներգակիրների տարանցիկ երթուղիներին: Լայնամասշտաբ պատերազմը սպառնալիքի տակ է դնում Կովկասյան միջանցքը, որի օդային տարածքին բաժին է ընկնում Կենտրոնական Ասիայում ու Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի բազաների ավիափոխադրումների մոտ 70 տոկոսը»:

Ի դեպ, Ֆրեյզերը նշել է, որ Միջազգային ճգնաժամային խմբի հաջորդ զեկույցը վերաբերելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի հնարավոր փոփոխություններին: Նրա խոսքով, այդ հնարավոր փոփոխություններից մեկը կարող է լինել, օրինակ, այն, որ Ֆրանսիային փոխարինի ԵՄ-ն: