Բրյուսելում երեքշաբթի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում Ս. Սարգսյանը հայտարարել է, որ Մ. Բարոզուի հետ քննարկվել է նաեւ Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների հարցը:
«Ես վերահաստատեցի հայկական կողմի հանձնառությունը` ընտրական գործընթացները կազմակերպել եւ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք խորապես գիտակցում ենք ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման կարեւորությունը մեր երկրի հետագա զարգացման համար»,- ասուլիսում ասել է ՀՀ նախագահը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ տարածաշրջանային հարցեր, եւ Ս. Սարգսյանը Եվրահանձնաժողովի նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ներկա փուլը: «Անկախ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված երկրներում ընթացող ընտրական գործընթացներից, հայկական կողմը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացի շարունակմանը եւ Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքներն ավարտելուն: Դրանից հետո նոր միայն խոսք կարող է գնալ «Մեծ շրջանակային համաձայնագրի» շուրջ բանակցությունները սկսելու մասին: Բանակցություններն անհամատեղելի են պատերազմի քարոզչության, ազգատյացության եւ աննախադեպ չափերի սպառազինությունների ձեռքբերման հետ: Նրանք, ովքեր պատերազմ են «խաղում», պետք է արդեն վաղուց սովորած լինեին պատմության դասերը»,- ընդգծել է Ս. Սարգսյանը:
Ընդգծելով, որ Եվրամիության հետ քաղաքական երկխոսության հիմնական տարրը ներքին բարեփոխումների եւ եվրոպական օրակարգի համադրումն է` Հայաստանի նախագահը հայտարարել է. «Մենք վճռական ենք Հայաստանում խորքային եւ համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում, եւ մեր երկրում իրականացվող բարեփոխումները դիտարկում ենք նաեւ որպես Եվրամիության հետ ծավալվող համագործակցության կարեւոր մաս: Մենք ողջունել եւ կիսում ենք Եվրոպական Միության «ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումների դիմաց» սկզբունքը»: Իսկ Ժոզե Մանուել Բարոզուի խոսքով` Ս. Սարգսյանի հետ իրենց հանդիպումը շատ կառուցողական է եղել. «Իմ խոսքը նախագահին շատ հստակ էր` մենք ամբողջովին սատարում ենք նախագահի բարեփոխումների եւ արդիականացման օրակարգը եւ հավատարիմ ենք մնում` խորացնելու մեր ներգրավվածությունը Հայաստանի հետ Արեւելյան գործընկերության շրջանակներում: Ես ուրախ եմ ասել, որ բարեփոխումները լավ առաջընթաց են արձանագրում»: Նրա խոսքով` ՀՀ-ի հետ գործընկերությունը միայն տնտեսական եւ առեւտրային հարցերի շուրջ չէ. «Դա նաեւ համամարդկային արժեքներն են։ Ժողովրդավարությունը, հիմնարար իրավունքները եւ օրենքի գերակայությունը Ասոցիացման համաձայնագրի հիմքն են կազմում, ինչը մենք բանակցում ենք Հայաստանի հետ, եւ դրանք ամուր հիմք են հանդիսանում մեր ներկա եւ ապագա հարաբերությունների համար»: Բարոզուի խոսքով` ՀՀ-ում կայանալիք առաջիկա խորհրդարանական, այնուհետեւ` նախագահական ընտրությունները կարեւոր փուլ են Հայաստանի բարեփոխումների համար:
Իսկ երեկ Ս. Սարգսյանը Բելգիայում հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ, որից հետո նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Անդրադարձ կատարեցինք Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ուրախ եմ, որ ի թիվս այլ միջազգային դիտորդների, հայաստանյան ընտրությունները կդիտարկի նաեւ Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությունը: Նախագահ Շուլցին տեղեկացրեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին: Նշեցի, որ հայկական կողմը հարցի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում: Եվ բանակցությունների այլընտրանքային ֆորմատներ ստեղծելու ոմանց փորձերը, ինչպես նաեւ ոչ հավասարակշռված ձեւակերպումներ պարունակող բանաձեւեր ընդունելու փորձերը միայն վնասում են բանակցային գործընթացը: Մենք ողջունել ենք վերջերս ընդունված ԵՄ խորհրդի եզրակացությունները, որոնցում նշվում է նաեւ Լեռնային Ղարաբաղ ԵՄ ներկայացուցիչների այցելությունների անհրաժեշտության մասին: Հայաստանը բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, կրողն է այն արժեքների, որոնք կրում է Եվրոպան, եւ վաղուց հասունացել է անմիջական շփումների պահը»,- ասված է հայտարարության մեջ:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե` ինչպե՞ս եք գնահատում Եվրոպական կառույցներում, մասնավորապես` ԵԽ-ում ԼՂ խնդրի վերաբերյալ քննարկումների անցկացման, բանաձեւերի ընդունման փորձերն ու մտադրությունները, Սերժ Սարգսյանն ասել է. «Շատ հանգիստ ենք վերաբերվում դրանց, որովհետեւ ԵԽ-ն այսօր չէ, որ անդրադառնում է ԼՂ խնդրին: Եվրոպական բոլոր կառույցները 80-ական թթ. վերջերին եւ
90-ականների սկզբներին սատարում էին ԼՂ ժողովրդի արդարացի պահանջին: Այն ժամանակ էլ ԵԽ-ն բանաձեւեր ընդունեց: Ես վստահ եմ, որ ԵԽ-ն նույն հարցի վերաբերյալ բանաձեւ ընդունելիս չի կարող ելնել այլ սկզբունքներից: Այնպես որ, այստեղ անհանգստանալու խնդիր չկա: Հարցն այն է, որ բոլոր եվրոպական կառույցների խնդիրն է եղել, որ հակամարտության կարգավորումն արագանա»: