Իսպանիայում ձերբակալվել է նեապոլիտանական մաֆիայի «Կամոռա» խմբավորման ներկայացուցիչներից մեկը, ով վեց տարի գտնվել է փախուստի մեջ: Ըստ tert.am-ի` իտալական մաֆիայի բոս Ջուզեպե Պոլվերինոն ձերբակալվել է իսպանացի ու իտալացի իրավապահների համատեղ օպերացիայի արդյունքում: Հանցագործին ձերբակալել են փաստաթղթերի ստուգման ժամանակ. Պոլվերինոն ներկայացրել է անձը հաստատող կեղծ փաստաթղթեր, ավելի ուշ նրան ճանաչել են մատնահետքերի նույնականացման միջոցով: Նրա գլխավորած բանդան զբաղվել է թմրանյութերի վաճառքով, որի շրջանառությունը կազմել է տարեկան ավելի քան 1 մլրդ դոլար: 2011թ. մայիսին իտալական Ոստիկանությունը ձերբակալել է նարկոկարտելի` ընդհանուր մի քանի միլիարդ դոլար արժողության ակտիվները, ներառյալ` շքեղ առանձնատներ, մեքենաներ, բանկային հաշվեհամարներ, դուստր ձեռնարկություններ: Պոլվերինոն ընդգրկված է եղել Իտալիայի ներքին գործերի նախարարության ամենավտանգավոր հանցագործների հարյուրյակում: