Կանանց միջազգային տոնին ընդառաջ «Սոցիալական ժամացույց» կազմակերպությունը հրապարակել է «Գենդերային հավասարության ինդեքս»-ի 2012թ. արդյունքները: Ըստ այդմ` գենդերային հավասարության առումով Հայաստանը մնում է միջին դիրքերում, սակայն ավելի նպաստավոր դիրքում է, քան իր հարեւանները: Հիշեցնենք, որ վերոնշյալ կազմակերպությունն ամեն տարի հետազոտություն է անցկացնում` չափելու կանանց եւ տղամարդկանց հավասարությունը` կրթական, տնտեսական եւ քաղաքական հարցերում: Հարցումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում երիտասարդ կանայք եւ տղամարդիկ ունեն 100 տոկոսանոց հավասար հնարավորություն` բուհերում սովորելու համար: Սա է միակ չափանիշը, որտեղ Հայաստանը 100 միավոր ունի, դա կրթական ոլորտն է, մինչդեռ տնտեսական եւ քաղաքական առումներով 74 եւ 36 է, այսինքն` ցածր եւ կրիտիկական: Հրապարակված ցուցանիշի համաձայն` Հայաստանն ունի 70 միավոր եւ քիչ է զիջում Եվրոպային, որտեղ միջին ցուցանիշը 73 է, սակայն ավելի նպաստավոր դիրքում է, քան հարեւան երկրները: Թուրքիան ունի 45 միավոր, Ադրբեջանը` 64, իսկ Վրաստանը` 67: Սակայն, պետք է նկատել, որ Հայաստանը հեռու է առաջատար երկրներ համարվող Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Նոր Զելանդիայից եւ Իսպանիայից, որտեղ այդ ցուցանիշը 80 միավորից բարձր է: Սակայն մենք մոտ ենք Ուկրաինային (69), Մալթային (63), Բելառուսին (64), Կիպրոսին (67) , Լյուքսեմբուրգին (68), եւ ունենք այնքան միավոր, որքան Իտալիան (70): Փուլերը բաժանվում են կրիտիկական, շատ ցածր, ցածր, միջին եւ ընդունելի: Որեւէ պետություն չի հասել 90 միավորի սահմանը եւ համարվել ընդունելի: