«Գրավիչ հիմք են ստեղծում»

08/03/2012

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը երեկ ընդունել է Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հարավ-Արեւելյան Եվրոպայի, Միջին Ասիայի, Թուրքիայի եւ Կովկասյան երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպի գլխավորած պատվիրակությանը: ԿԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԿԲ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ գործունեությունը` նշելով, որ Հայաստանում իր գործունեության առաջին օրից այն մեծ դեր է ունեցել մեր երկրի տնտեսության կայուն զարգացման խթանման գործում` ներդրումներ իրականացնելով տնտեսության իրական հատվածում` գյուղատնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ, մունիցիպալ եւ բնապահպանական ենթակառուցվածքներ, հեռահաղորդակցություն, եւ ֆինանսական ոլորտում: Դեկամպը շնորհակալություն է հայտնել ընդունելության, ինչպես նաեւ Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ վերջին տարիներին ծավալված համագործակցության համար: Նա բարձր է գնահատել ֆինանսական հատվածում վերջին տարիներին արձանագրված առաջընթացը եւ ողջունել ԿԲ ջանքերը` ուղղված ֆինանսական հատվածի զարգացմանն ու ֆինանսական կայունության ապահովմանը: Նա նշել է, որ Հայաստանի գործարար միջավայրը եւ ֆինանսական համակարգի զարգացածության աստիճանը գրավիչ հիմք են ստեղծում ներկայիս համագործակցության հետագա խորացման համար: Օլիվյե Դեկամպը ներկայացրել է ՎԶԵԲ Հայաստանի ռազմավարությունը եւ գերակա ուղղությունները: Ա. Ջավադյանն էլ հույս է հայտնել, որ ՎԶԵԲ-ը կշարունակի Հայաստանն ընդգրկել իր տարածաշրջանային ռազմավարական ծրագրերում, եւ ասել, որ Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստակամ է շարունակել երկկողմ համագործակցությունը նույն կառուցողական ոճով: