Թիֆլիս քաղաքը պատվական

08/03/2012 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մասնագիտության բերումով վերջին տարիներին հաճախ եմ այցելում Թբիլիսի: Հետեւաբար, առանձնահատուկ ուշադրությամբ եմ ընթերցում Վրաստանի ու Թբիլիսիի մասին մեր մամուլում եղած հրապարակումները: Այս հոդվածիս առիթը հերթական այցս չէ: Այլ` «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրված Եղիշե Պետրոսյանի հարցազրույցը: «Արձագանք» ստուդիայի ղեկավարը հարցազրույցում ասել էր, որ ամեն անգամ Թբիլիսի գնալիս իրեն վիրավորված է զգում: Խոսքը մտավորականի գնահատականի մասին է: Մտավորական մարդն իսկապես վիրավորվում է, երբ Թբիլիսին ու այստեղ կատարվածը համեմատում է մեր երկրում ու մայրաքաղաքում տեղի ունեցող գործընթացների հետ: Ճիշտ նույն զգացումն ունեն նաեւ Վրաստան այցելող ադրբեջանցիները: Թբիլիսին շահեկանորեն տարբերվում է մեր մայրաքաղաքներից: Բայց ինչպե՞ս: Չեմ պնդի, թե գիտեմ այս հարցի պատասխանը: Հայ մարդը զարմանալու առիթ ունի հենց սահմանին: Վրացական սահմանակետը միշտ էլ ավելի կոկիկ է ու կահավորված, քան մերը: Բայց այս օրերին վրացական իշխանությունները ձեռնարկել են նորոգման հերթական աշխատանքները: Առաջին բանը, որ նկատում ես հայ-վրացական սահմանը հատելիս, դա «Բարի գալուստ Եվրոպա» պաստառ-մաղթանքն է: Այս պաստառը, Վրաստանի դրոշի կողքին փողփողացող Եվրամիության դրոշները` քմծիծաղ են առաջացնում: Այս երկրի բոլոր պետական հիմնարկների կողքին սեփական դրոշի հետ` Եվրամիության դրոշներ են: Ժամանակակից բառապաշարով ասած, սա մեսիջ է` ուղերձ, թե ում հետ է ուզում համեմատվել Վրաստանը եւ ուր է ձգտում: Իսկ համեմատվելու եզրեր արդեն ունի: Խոսենք այդ գործընթացի ոչ քաղաքական կողմերի մասին:

Երեւանցիներին հավանաբար «զայրացնում է» այն, որ Թբիլիսին մնացել է ճանաչելի: Այս քաղաքի դիմագիծը չի փոխվում: Նոր ու նորաոճ շինարարությունը չի այլանդակում քաղաքի պատմական ու ճանաչելի դեմքը: Ռուսթավելիի պողոտայի դպրոցի շենքի ետեւում նոր բարձրահարկ է կառուցվել: Բայց այդ «էլիտար» շենքը որքան ժամանակակից, նույնքան էլ համահունչ է 19-20-րդ դարի շքեղ շենքերին: Ոչ մի համեմատություն մեր Հյուսիսային պողոտան սկսող ու Թումանյան փողոցն այլանդակող ապակյա-բետոն ուղղանկյուն տուփի հետ: Ու այսպես շարունակ: Ձնհալից հետո օրեր շարունակ Երեւանը աղբի ու փոշու մեջ է: Իսկ Թբիլիսին ավլած ու լվացած է: Նախանձ է առաջացնում աղբահանության պարբերականությունն ու որակը: Վրաստանում դեռ կարելի է տեսնել էներգետիկ ճգնաժամի հետքեր: Անգամ Ռուսթավելիի պողոտայի խանութների ու սրճարանների դիմաց դեռեւս «դվիժոկ» կոչվածները կան: Անցած կիրակի երեկոյան հոսանքն անջատվել էր: Փոխարենը` Թբիլիսիի գիշերային լուսավորումը ոչ մի կերպ չես համեմատի մեր մայրաքաղաքի հետ: Խոսքն ամենեւին էլ պատմական կենտրոնի ու, կարծեմ, 90 գործող եկեղեցիների լուսավորման մասին չէ: Ողջ գիշեր լավ լուսավորված են բոլոր մեծ ու փոքր փողոցները: Ողջ գիշեր, ոչ թե մինչեւ ժամը 2-ը, կամ լավագույն դեպքում` 3-ը, ինչպես Երեւանում: Հանրային բոլոր այգիներն ու պուրակները դեռեւս հանրային են ու բետոնապատված-փակված չեն սրճարաններով ու խանութներով: Երկու-երեք տարի առաջ 19-րդ դարի մի շինության մեջ գործում էր «Միմինո» անունով մոդայիկ մի սրճարան: Երկու-երեք տարի առաջ սրճարանը փակվեց: Շենքը նորոգվում էր: Շատերին էր թվում, որ սրճարանը վերածվելու է VIP ռեստորանի: Բայց նորոգումից հետո այստեղ բացվեց ստվերների թատրոն: Սրճարանը դարձավ մշակույթի կենտրոն: Կարո՞ղ եք նման բան Երեւանում պատկերացնել: Տարօրինակ համընկնում է: Երեւանում բնապահպանները փորձում են փրկել Մաշտոցի պուրակը խանութապատումից: Երեւանի քաղաքապետարանը` ՀՀ ԱԺ պատգամավորների նամակին ի պատասխան, փորձում է «լղոզել» ու չհրապարակել Աբովյան փողոցում խանութաշինության պատասխանատուների ու սեփականատերերի անունները: Իսկ նույն օրերին Թբիլիսիի քաղաքապետը հայտարարում է, որ որոշել են իրենց քաղաքում թանգարանային փողոցներ կառուցել: Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ասիայի առաջատար թանգարանների ղեկավարների են հրավիրելու: Ու Ճարտարապետների: Հրավիրելու են` խորհուրդ հարցնեն, թե ինչպես երկնքի տակ բաց թանգարանի վերածեն Թբիլիսին: Հավանաբար մեր հայրենակցին էլ կհրավիրեն` Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն: Իսկ Երեւանը նման խորհրդատուների կարիք չունի: Մերոնք զբոսաշրջությունը զարգացնելու այլ պլաններ ունեն: Այլ ու անհասկանալի: Այլ ու անիրագործելի: Հիշո՞ւմ եք` մի ժամանակ մեր իշխանություններն ասում էին, թե Հայաստանը տարածաշրջանային բանկային կենտրոն են սարքելու: Չսարքեցին: Իսկ հիմա Թբիլիսիում ոչ կանխիկ առեւտրի ծավալը նույնիսկ քաղաքային տրանսպորտ է հասել: Երթեւեկելու վարձը քարտերով են վճարում ավտոբուսում: Թբիլիսիի ուսանողներն ուրախ են, որ ուսանողական քարտերով իրենք 2,5 անգամ ավելի քիչ ուղեվարձ են մուծում, որ նրանց համար թանգարանների ու մշակութային լուրջ միջոցառումների վարձը զեղչված է: Նույն ուսանողական «կրեդիտ քարտերով» վճարելու դեպքում: Վրացական պետավտոտեսչության մասին այնքան է խոսվել, որ դրան չարժե անդրադառնալ: Բոլորին է զարմացնում Վրաստանի Ներքին գործերի նախարարության ապակյա շենքը: Երեկոյան ժամերին աշխատակիցների սիլուետ-պատկերները դրսից նկատելի են: Ապակյա պատերը բացառում են ծեծուջարդը: Մեր ոստիկանապետն, առավոտից երեկո, չի հոգնում ասել, որ իրենց աշխատանքի չափանիշը բնակչության վստահությունն է: Մերոնք ասում են, բայց, չգիտես ինչու, վրացիներն են հարգում իրենց ոստիկաններին: Ու նման լիքը բաներ:

Հ.Գ. Հուսով եմ, հոդվածի բովանդակության ու, առավել եւս, վերնագրի համար չեմ մեղադրվի քարթվելոֆիլության մեջ: Դեռ Հովնաթանն էր գրում. «Գովեմ սրտով ուրախական Թիֆլիս քաղաքը պատվական»: Գրում ու հիշում էր «Վրաստանի գոզալներին»: