Բաց նամակ

08/03/2012

Երեկ մեր խմբագրություն է դիմել Էրեբունի զանգված, Խաղաղ Դոնի 31 շենքի բակում տեղակայված տնակի բնակչուհի Գայանե Դշխունյանը` խնդրելով տպագրել իր նամակը` ուղղված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քանի որ, Գ. Դշխունյանի խոսքով` իրեն չի հաջողվում հանդիպել Տ. Մարգարյանին, ուստի ստիպված է իր ասելիքը նրան հասցնել մամուլի միջոցով: «Ես` Գայանե Դշխունյանս, երեք երեխաների մայր եմ, շատ հուսահատված եմ անարդարությունից եւ ստիպված դիմում եմ Ձեզ: Շատ եմ խնդրում, որ Դուք ինձ լսեք: Իմ «տունը» կառուցվել է 1985թ.` որպես ավտոտնակ: Տարիներ հետո հայտնվելով անօթեւանի կարգավիճակում` 1995թ. ավտոտնակը վերափոխել ենք «տան» եւ տեղափոխվել ենք այնտեղ ապրելու: Ես իմ ընտանիքի հետ արդեն 16 տարի ապրում եմ այնտեղ: Չունենք հասցե, գրանցում, լույս, ջուր: 2008-ից դիմում եմ անհատույց սեփականաշնորհման համար, բայց մերժվում եմ Քաղաքաշինության վարչության, հատկապես` պրն Քասախյանի կողմից` պատասխան ստանալով, թե իբր դա բակային տարածք է: Դիմել եմ տարբեր իրավասու մարմիններին: Դիմել ենք անգամ հեռուստատեսություն, եւ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումով ներկայացրել են մեր խնդիրը, բայց անարդյունք: Ո՞ւր է մնացել մարդկային խիղճը, գթասրտությունը, ասեք` ի՞նչ անեմ: Ես չունեմ հասցե, գրանցում, եւ ինչքա՞ն կարող եմ ուրիշներին խնդրել, որ ինձ գրանցեն: 16 տարեկան տղաս երկու տարի հետո գնալու է բանակ, բայց, ասեք` որտե՞ղ գրանցեմ նրան: Եթե իմ պետությունն այս փոքրիկ հարցը չի լուծում, ինձ գրանցում չի տալիս, ինչպե՞ս ապրենք ու պաշտպանենք մեր իրավունքները: Մի՞թե իմ ուզածը շատ մեծ բան է, ընդամենը հասցե, որ տունը սեփականաշնորհվի, որպեսզի կարողանանք նաեւ լույսի եւ ջրի բաժանորդներ համարվել: Ասեմ ավելին` «տունը» շատ խոնավ է, եւ երեխաները շատ են հիվանդանում: Սեփականաշնորհման խնդրի պատճառով չենք կարողանում պատերը բարեկարգել: Խնդրում եմ Ձեզ, օգնեք ինձ, լսեք խնդրանքս. Մենք շատ հուսահատ եւ անելանելի վիճակում ենք, բայց հույս ունենք, որ լինելով բարի մարդ` Դուք կարձագանքեք մեր խնդրանքին»: