Չիլո

27/11/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

60-ականների Երեւանն ու գրական մթնոլորտը շատ անհամ կլինեին, եթե չլիներ Սլավիկ Չիլոյանի ներկայությունը: Բանաստե՞ղծ, թե՞ թարգմանիչ. ընկերները հավաստիացնում են, որ ինքն ավելի հակված էր թարգմանիչ համարվելու, սակայն նույն ընկերների հավաստմամբ՝ Չիլոյի կերպարն այնպիսին էր, որ անիմաստ է նման տարբերակում մտցնելը:

«Սա այն դեպքն է, երբ պոեզիան կերպարից անքակտելի է, Չիլոն բանաստեղծական մի երեւույթ էր, որը պետք էր տեսնել, ոչ այնքան կարդալ,- իր մտերիմ ընկերոջն այսպես է ներկայացնում բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը: -Նա պարզապես ապրում էր իրեն տրված կյանքը՝ արտաքնապես բոմժի մի կյանք՝ որեւէ տեղ չուներ, տուն չուներ, ապրում էր հանրակացարանում, գիշերում էր՝ որտեղ պատահի, հանկարծ հայտնվում էր համալսարանում՝ մեծամասամբ խմած, խմած ժամանակ անզուսպ էր, նույնիսկ՝ ավելի քան անզուսպ, թեպետ այդ անզսպության մեջ չկար որեւէ չար միտում, սթափ ժամանակ շատ խոհուն էր, զուսպ, իմաստուն՝ չէիր ասի, որ դա երեկվա խմած Չիլոն էր, եւ այդ կյանքը լեցուն էր հետաքրքիր ու օրիգինալ մտքերով, գործողություններով, շարժումներով»:

Մեր օրերում լեգենդի վերածված Չիլոյի կերպարն ընկերոջը՝ Դավիթ Հովհաննեսին այնքան էլ դուր չի գալիս. «Լեգենդը մի կողմից` լավ բան է, մյուս կողմից՝ իր մեջ վտանգ է պարունակում՝ իրական մարդը կորչում է, փոխարենը ստեղծվում է անիրական մի կերպար, ավելին՝ այսօր «չիլոյապաշտներ» են հայտնվել, ովքեր ժամանակին մերժում, մոտ չէին թողնում նրան, իսկ այսօր մեկենաս են հռչակել իրենց, Չիլոյի վրա անուն ու իմիջ են սարքում, բայց այդ մասին Չիլոն մի լավ տող ունի՝ «Ես ձեզ հետ երբեք չհավատաք, թե լինեմ»:

«Երբ ես համալսարան եկա, Չիլոն երկրորդ, թե երրորդ կուրսում էր, բոհեմի իր գագաթնակետին էր, իր տիպարն արդեն կայացած էր՝ առանց սափրվելու, միշտ կիսահարբած վիճակում, թափթփված եւ իր սիրելի Ժասմենից անբաժան»,- հիշում է բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը: Ժասմենին բոլորն են հիշում՝ «Սովետական Հայաստան» թերթի խմբագիր Խաչիկ Հովակիմյանի գեղեցկատես դուստրը, սակայն, նա երկար «չի դիմանում» Չիլոյին: Համալսարանում նրանց հիշում են միշտ անբաժան՝ ինչպես էր Ժասմենը հետեւում Չիլոյին, ինչպես էր շորեր կարում նրա համար ու համալսարանի զուգարաններում «պրիմերկա» անում:

Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանն իր առաջին գրական մրցանակը հատկապես Չիլոյի շնորհիվ ավելի սիրելի է համարում. «Առաջին կուրսում ես Գրողների միությունից մրցանակ ստացա՝ 50 ռուբլի, ու այդ փողը ոչ մի կերպ չէի կարողանում ստանալ, անընդհատ ձգձգում էին, արդեն ամաչում էի գնալ հետաքրքրվել: Չիլոն ինձանից շատ էր շահագրգռված այդ փողի հարցում՝ դե, պարզ է, լրացուցիչ խմելու փող էր մեզ համար, ու մի օր էլ՝ փող չունեինք, ու Չիլոն ասաց՝ վե՛րջ, գնում ենք քո մրցանակը ստանանք: Մրցանակ տվող հանձնաժողովի նախագահը Համո Սահյանն էր: Չիլոն, չգիտեմ որտեղից, իմացել էր, որ Համոն այդ պահին Լուսավորության մինիստրի մոտ էր, մինիստրն էլ Գեւորգ Հայրյանն էր, ասաց՝ գնում ենք, ես փողդ կստանամ: Գնացինք, բայց դե ես ամաչում էի, մնացի դռան հետեւը, Սլավիկը դուռը բացեց մտավ ներս, Համոն ու Հայրյանը նստած կոնյակ էին խմում, Չիլոն բա թե՝ «Բարեւ ձեզ, եկել եմ իմ մրցանակը ստանամ»: Դռան հետեւից լսում եմ, Համոն ասում է՝ «Ի՞նչ մրցանակ, տղա ջան»: «Ո՞նց թե՝ ինչ մրցանակ,- հանգիստ ասում է Չիլոն,- ես Հովհաննես Գրիգորյանն եմ, եկել եմ իմ մրցանակի հետեւից»: Եթե ինձ իմ մրցանակի շնորհիվ ճանաչում էին մի քիչ, Սլավիկին իր բոհեմական կերպարի շնորհիվ ճանաչում ու ճանաչում էին, հիմա Համոն ու Հայրյանը մի հռհռոց են դրել, իսկ Սլավիկը պնդում է՝ «Հովհաննես Գրիգորյանը ես եմ, ուզում եք՝ փաստաթուղթ ցույց տամ, իմ մրցանակը տվեք՝ գնամ»: Վերջը՝ Սլավիկին համ կոնյակ հյուրասիրեցին, համ էլ Համոն իր գրպանից հանեց 50 ռուբլի տվեց, ուրախ-ուրախ առանք գնացինք: Բայց քանի որ էդ փողից ես հույսս կտրել էի, ասացի՝ «Սլավիկ, 10 ռուբլին մեզ խմելու համար հերիք է, մնացածը գնում ենք քո վրա ծախսենք», ու գնացինք իր համար հագուստ գնեցինք, մանր-մունր բաներ, ընդհուպ՝ ատամի մածուկ ու խոզանակ: Չիլոն խոզանակը մի անգամ քսեց ատամներին, ատամներն այնպես պլպլացին, որ մենք՝ որ առավոտից իրիկուն տանջվում էինք էդ գործի վրա, նախանձից մեռանք, լվացվեց, սիրուն սանրվեց, նոր շորերը հագավ, մենակ տեսնեիք՝ էդ ինչ սիրուն տղամարդ էր, Ալեն Դելոնն իր դեմ հեչ բան էր»: Մի քանի օրից, սակայն, Չիլոն հայտնվում է կրկին բոմժի կերպարով, այս անգամ, պարզվում է, Ժասմենն է «մեղավորը». «Ասել էր՝ Երեւանում էսպիսի կոկիկ հագնված սիրուն տղերք շատ կան, էս ինչ ա՝ քո վրայից դուխու հոտ ա գալիս, ես քեզ այն կերպարով եմ սիրում»: Ու… Չիլոն չի մերժում Ժասմենին:

Չիլոյին խիստ բնորոշ մի այլ պատմություն: Տպագրվելու առումով խնդիրներ ունեցող Չիլոն որոշում է անպայման տպագրվել «Սովետական Հայաստանում», եւ տպագրել, ոչ ավել, ոչ պակաս, «Հիսուս Քրիստոս» օրատորիան: «Բայց «Սովետական Հայաստանում» դու ո՞նց ես «Հիսուս Քրիստոս» տպագրելու, 69 թիվն էր»,- Չիլոյի մտադրությունն իմանալով՝ զարմացել է Դավիթ Հովհաննեսը: «Կտեսնես՝ տպագրելու եմ,- վստահեցրել է Չիլոն,- ամեն տեղից Հիսուս Քրիստոսը հանելու եմ՝ տեղը դնեմ Վլադիմիր Իլյիչ Լենին, հենց տպվի՝ իմ հանդեպ վերաբերմունքը միանգամից կփոխվի, բոլորը կսկսեն ընդունել ինձ»: Ասում ու անում է: «Եվ եղավ այն, ինչը շատ բնորոշ էր սովետական մամուլին,- պատմում է Դավիթ Հովհաննեսը,- անունները փոխել էր, մի տեղ նույնիսկ մի ամբողջական հատված էր մտցրել, որտեղ նկարագրում էր Լենինի մահն ու թաղումը, եւ դա տպագրվեց, որովհետեւ եթե այն ժամանակ խմբագրություն մի նյութ էր մտնում ու ասում էին, որ դա Լենինի մասին է, առանց կարդալու էլ կարող էր տպագրության գնալ, այդպես եղավ եւ այս դեպքում՝ գրական բաժնի վարիչ Ղարիբ Հայրապետյանը մտածում է՝ դե Լենինի մասին է, ի՞նչ կարդամ, ստորագրում, տալիս է խմբագրի տեղակալ Նորիկ Սարուխանյանին, Սարուխանյան Նորիկն էլ` ստորագրությունը տեսնելով, երեւի մտածում է՝ դե, Լենին ա էլի, էլ ինչ նստեմ կարդամ, ստորագրում տալիս է խմբագիր Խաչիկ Հովակիմյանին, Խաչիկ Հովակիմյանն էլ մտածում է՝ դե էսքան մարդ եթե ստորագրել է, ես էլ ինչ կարդամ, ու ուղարկում է տպագրության»: «Խայտառակությունը» սակայն բացահայտվում է, որովհետեւ կարդացողներ, այնուամենայնիվ, լինում են, եւ որքան էլ Հիսուս Քրիստոսի փոխարեն Լենին գրվեր, Սինա լեռան փոխարեն էլ՝ զրահապատ պատվանդան, միեւնույն է՝ Լենինի շուրթերը չէին կարող բարբառել՝ «Սիրեցեք զմիմյանս»: Արդյունքում՝ աշխատանքից ազատվում է «Սովետական Հայաստանի» խմբագրակազմը, Սլավիկ Չիլոյանն էլ դառնում է ժամանակի հերոս: «Մարդիկ կանչում, նրան հյուրասիրում ու ասում էին՝ «էս գիտե՞ք ով ա, էն՝ որ Լենինի դեմ բան ա գրել», նրանց համար՝ դա «Լենինի դեմ» էր, որովհետեւ, եթե մարդիկ են տուժում, գործից ազատվում դրա պատճառով, ուրիշ ինչպե՞ս կարելի էր հասկանալ»,- պատմում է Դ. Հովհաննեսը: Սակայն բացահայտ կրելով հեղափոխականության եւ ըմբոստության հզոր լիցքեր, Չիլոն ապաքաղաքական էր: «Իր պոեզիան իր կյանքն էր՝ փողոցի, գռիհների պոեզիա էր, որ այն տարիներին արտառոց, նույնիսկ մարգինալ էր թվում…Չիլոյանը ավելի այսօրվա պոետ է, քան՝ երեկվա, եւ ապագան նույնպես իրենն է»,- վստահ է Դավիթ Հովհաննեսը:

Որբանոցում մեծացած, այնուհետեւ՝ կրկնակի որբացած (նրան որդեգրում են, որոշ ժամանակ անց որդեգրողները բաժանվում են, եւ նա կրկին մենակ է մնում) Չիլոն, հասարակաց այդ որդեգիրը, իր կյանքը՝ իր պոեզիան ապրել էր Երեւանի փողոցներում, նկուղներում, գինետներում, ապրել էր բոլորի աչքի առաջ՝ 30 տարի առաջ ողբերգական իր մահը շատերն էին անկեղծորեն սգում: Հուղարկավորությունը տեղի է ունենում հենց ողբերգության վայրից՝ «Առագաստ» սրճարանից: «Ես չեմ հիշում մի ուրիշ հուղարկավորություն, որին այդքան երիտասարդներ մասնակցեին»,- ասում է Հ. Գրիգորյանը: Ժողովրդական հանգանակությամբ էլ կատարվում է թաղումը: «Սլավիկ Ալեքսանի Չիլոյան (Չիլո), 1940-1975, ընկերներից». Սովետաշենի գերեզմանոցում այս համեստ տապանաքարը թերեւս արդեն հնարավոր չլինի գտնել: Անցած տարի ընկերոջ շիրմին այցի գնացած Հովհաննես Գրիգորյանը տապանաքարը չի գտել: «Ես վախենում եմ, որ վերջին տարիների այս ահագնացող թաղումների մեջ գերեզմանը կորչի, Չիլոյին հիշողներն այսօր պետք է մտածեն նաեւ գերեզմանը մոռացությունից փրկելու մասին»,- մտահոգ է Դավիթ Հովհաննեսը: Չիլոյի կերպարն ու ստեղծագործությունն անխաթար սերունդներին փոխանցելու մտահոգությամբ է «Արեւիկ» հրատարակչությունը նախաձեռնել նրա ստեղծագործությունների երկրորդ հրատարակությունը: Առաջին հրատարակությունը՝ «Մենք մարդ ենք եղել», որ տպագրել է «Նաիրի» հրատարակչությունը 1992 թվականին, ընդգրկում է գրողի չափածո, արձակ եւ թարգմանական գործերը: Այս` երկրորդ հրատարակությամբ՝ միայն չափածո ստեղծագործություններով, հրատարակիչը փորձել է օգնել մեզ՝ ճշգրիտ պատկերացում կազմելու «այն անկրկնելի, վայրիվերումներով լեցուն, իր տեսակի մեջ՝ անակնկալ, բայց նաեւ՝ 20-րդ դարի հայ պոեզիայի համար բնականոն բանաստեղծական երեւույթի մասին, որը կոչվում է Սլավիկ Չիլոյան»: Գրքի վերնագիրը՝ «Չենք ասում, ինչքան գիտենք», հրատարակչի հավաստմամբ, Չիլոն դեռ վաղուց էր նախատեսել իր գրքի համար:

«Առագաստ» սրճարանի այն հատվածում, որտեղ ողբերգական մահկանացուն է կնքել բանաստեղծը, շուտով կտեղադրվի հուշատախտակ. եւս մի առիթ սերունդներին՝ ճանաչելու «Չիլո» բանաստեղծական երեւույթը, գուցե նաեւ հնարավորություն՝ մեղմելու այն անջրպետը, որ վերջին տարիներին ծառացավ «Պոպլավոկի» ու իր հավատարիմ հաճախորդների միջեւ: